ՀՀ կրթության զարգացման ծրագիրը դառնում է հերթական ձևական փաստաթուղթը

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում ավարտվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուեհտ՝ ԿԳՄՍ) նախարարության հրապարակած ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային քննարկումը: Կրթական հաստատությունների ինքնավարության, կառավարման և ծնողական խորհուրդների, կրթության և հաստատությունների կառավարման և հաշվետվողական համակարգերի բացերի և աշխատանքի ձևական բնույթի պատճառների վերաբերյալ հարցերին և առաջարկություններին ԿԳՄՍ նախարարությունը տվել է կարճ և կոնկրետ եզրակացություն. «Ընդունվել է ի գիտություն»:

Առանց «ինչու՞» հարցին պատասխանելու, առկա ռեսուրսները հաշվի առնելով կուտակված խնդիրներից առաջնահերթ լուծում պահանջողներն ընդգծելու, ներկա և ապագայի ցանկալի իրավիճակը բնութագրող չափորոշիչները և դրանց փաստացի և նպատակային ցուցանիշները ներկայացնելու, ծրագրի իրականացմանը խոչընդոտող հնարավոր ռիսկերը բացահայտելու, գնահատելու և այդ ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ գործիքները մշակելու, «ծրագիրը» դառնում է հերթական ձևական փաստաթուղթը:

2022թ. փետրվարին քննարկման ներկայացված «զարգացման ծրագիրը» մի շարք առումներով հիշեցնում է 2017թ. նոյեմբերին քննարկված նույնանուն ծրագիրը: 2022թ. փետրվարին հրապարակված փաստաթղթի առանձին նախադասություններ բառացիորեն «արտագրված» են 2017թ. նոյեմբերին քննարկված փաստաթղթից: Օրինակ, 2022թ. «զարգացման ծրագրի» կետ 80-ի 3-րդ ենթակետի (բ) ենթա-ենթակետը նույնությամբ կրկնում է 2017թ. «զարգացման ծրագրի» կետ 24-ի 2-րդ ենթակետը, այն է՝ «պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց ուսուցման համակարգ վերադարձման մեխանիզմների գործարկում»: 2022թ. ծրագրի նախագծի հեղինակները «մոռացել» են հիշատակել, որ 2021թ. փետրվարի 11-ի իր №154-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման» կարգը: Եթե ԿԳՄՍ նախարարության կարծիքով ՀՀ կառավարության 2021թ. №154-Ն որոշումը չի լուծել խնդիրը, ապա պետք էր այդ մասին նշել 2022թ. հրապարակված «զարգացման ծրագրի» նախագծում՝ ներկայացնելով վերը նշված որոշման բացերը:

2022թ. «զարգացման ծրագրի» նախագծում «արտագրության» հետ կապված այլ խնդիրներ ևս կան: Այն չի ներկայացնում Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ մի շարք տեղական և միջազգային փորձագետների և կառույցների կողմից կատարված ուսումնասիրություններում արձանագրված համակարգային բնույթ կրող «ակադեմիական անազնվության» և «գրագողության» դեմ պայքարի անհրաժեշտությունն ու եղանակները: ԿԳՄՍ նախարարությունը գտնում է, որ այդ հարցը կլուծվի կրթության որակի բարելավման արդյունքում: Այսպիսի ընդհանրական եզրակացության պայմաններում հնարավոր չէ քննարկել «ակադեմիական անազնվության» և «գրագողության» դեմ պայքարի մանրամասները: Կարելի է միայն հաջողություն ցանկանալ ՀՀ կառավարությանը:

ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված փաստաթուղթը որևէ կերպ չի անդրադառնում Բոլոնիայի գործընթացին: «Բոլոնիա», «շարժունություն», «եռաստիճան» բառերն ընդհանրապես չեն օգտագործում փաստաթղթում, ինչի արդյունքում անհասկանալի է, թե արդյոք ՀՀ իշխանությունները հավատարի՞մ են այդ գործընթացին և բարեփոխումներին, թե՞ հրաժարվել են, օրինակ եռաստիճան համակարգի ներդրման գաղափարից: Չնայած 2005թ. մայիսին Հայաստանը միացել է Բոլոնիայի հռչակագրին, անցած 17 տարիների ընթացքում չի ներդրվել գիտական աստիճանաշնորհման մեկաստիճան համակարգը (արևմուտքում ընդունված PhD՝ Philosophy Doctor-ի փոխարեն Հայաստանում շարունակում են լիարժեք գիտնական համարվելու համար պահանջել «գիտությունների թեկնածուի» և «դոկտորի» թեզերի պաշտպանություն), ըստ էության չկա շարժունություն Հայաստանում գործող բուհերի միջև, իսկ օտարերկրյա բուհերի հետ շարժունությունը խիստ սահմանափակ է, կրեդիտային համակարգի ներդրումը ձևական բնույթ է կրում:

Հայաստանի Հանրապետությունը թևակողում է կրթական բարեփոխումների հերթական անորոշ փուլը. գույքագրված չեն խնդիրները, վերհանված չեն դրանց գոյացման պատճառները, մի շարք դեպքերում չկան ներկա իրավիճակը բնութագրող չափորոշիչներ, ներկայացված չեն դրանք բնութագրող ներկա և նպատակային քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշները, գնահատված չէ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալը և ներկայացված չեն դրանց առկայության գնահատականները, չեն վերհանվել և գնահատվել ռիսկերը, չեն ներկայացվել ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ գործիքները: Ոլոտրում տարվող պետական քաղաքականության վերաբերյալ տողերիս հեղինակի մի շարք հարցումներին ԿԳՄՍ նախարարության տված պատասխանները վկայում են, որ լրջագույն խնդիրներ կան կրթության բնագավառում իրականացվող ծրագրերի նախագծերի քննարկման, դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման և դրանց վերաբերյալ բովանդակային հաշվետվությունների որակի, քանակի և պարբերականության հետ կապված, ինչը խնդրահարույց է դարձնում արդեն իսկ իրավիճակի վերլուծության և նպատակների հստակության տեսակետից խնդրահարույց «զարգացման պետական ծրագրի» հաստատումն ու իրականացումը: Այս իրավիճակը պետական ֆինանսական սուղ միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողական օգտագործման հետ կապված լրջագույն մարտահրավերներ է ստեղծում: Հայաստանում այսօր իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին լսելիս տպավորություն է, որ եթե չկա «մանր» համակարգային կոռուպցիա, իրականացվող ծրագրերն արդեն արդյունավետ են: Այո՛, ավելի մեծ է հավանականությունը, որ «մանր» կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող միջավայրում ծրագրերի իրականացումն ավելի արդյունավետ կլինի, քան դրա ավելի բարձր մակարդակի պայմաններում: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ ծրագրերի իրականացումն արդյունավետ է փաստերի վրա հիմնված քաղաքականությունների տեսակետից, հատկապես հաշվի առնելով փաստաթղթերի նախագծերի և կազմակերպվող քննարկումների ձևական բնույթը:

ՀՀ վարչապետը կարող է խնդիրների պատճառների վերաբերյալ հարցերը տալ ԿԳՄՍ նախարարությանը, սակայն չի տալիս: Դրանք կարող է տալ ԱԺ համապատասխան հանձնաժողովը, սակայն նույնպես չի տալիս: Ընդհակառակը, քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահը նստում է ոչ թե խորհրդարանական վերահսկողության օբյեկտի ղեկավարների դիմաց, այլ նրանց կողքին: ԱԺ-ն չի կատարում կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողության իր սահմանադրական գործառույթը:

www.e-draft.am կայքում քննարկման մասնակիցներից մեկի առաջարկությանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է, որ «փաստաթուղթը կրթության մինչև 2030-ի տեսլականն է»: «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն ԱԺ-ն հաստատում է «կրթության զարգացման պետական ծրագիրը» և ամենևին ոչ տեսլականը: Տեսնես ԱԺ-ում կհասկանա՞ն, որ ԿԳՄՍ նախարարության գործընկերներն ուզում են իրենց մոլորեցնել և կրթության զարգացման պետական ծրագրի փոխարեն, իրենց իսկ գրառման համաձայն տեսլական են ներկայացրել: Թե՞ ԱԺ-ում կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումը նույնպես ձևական բնույթ է կրելու:

Արտակ Քյուրումյան