Արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը զիջման ենթակա չէ․ Արայիկ Հարությունյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Քաղաքականություն
26.12.2021 | 16:16Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Այս մասին գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու հայտարարություններում.
1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:
2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ մինչև մեր նպատակի իրականացում:
3. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:
4. Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:
5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:
6. Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան՝ երբևէ։
Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար:
7. Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել:
8. Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժեքների ու նպատակների շուրջ միասնականությունը կարևոր է, իսկ, ինչպես նշեցի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները:
Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության»,-նշված է ԱՀ նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողների և հկ-ների հարցերին պատասխանելու ընթացքում անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԼՂ բանակցային պրոցեսում 2016 թվականին տեղի է ունեցել աղետ։ «2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։ Բայց աղետը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում նշվում է, որ ԼՂ-ն ունի ԱԺ, ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ ԼՂ այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Հայաստանի հետ, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոշում է կայացնում այդ իրավական համակարգերի իրավական ու պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»,- նշել էր վարչապետը։
Ըստ Փաշինյանի` տեղի ունեցած աղետից հետո Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լինել: «Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինելու»: