Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. Վալերի Պեկրես

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը այդ մասին հայտարարել է Երևանում հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ:

«Գիտեք, որ հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, և ես կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունենք համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում», – ասել է Վալերի Պեկրեսը՝ ողջունելով դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Բացի այդ, Վալերի Պեկրեսը ցանկանում է Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել հաջակցություն Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ կոնֆերանսի օրակարգում կընդգրկվեն ինչպես խաղաղության հաստատման և պահպանման, այնպես էլ այլ կարևոր հարցեր, ինչպիսին է մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը Հայաստանում և Արցախում:

Ֆրանսիացի գործիչը շեշտել է, որ շատ կապված է Հայաստանի հետ: Սա Վալերի Պեկրեսի երրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1990 թվականին, երբ աշխատելիս է եղել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանությունում: Իր խոսքով՝ դա Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո էր, և այն ժամանակ, ինչպես հայտնի է, Ֆրանսիան հումանիտար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և կարևոր դեր է խաղացել վերականգնողական աշխատանքներում:

Երկրորդ անգամ Պեկրեսը Հայաստան է եկել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո՝ 2018 թ. նոյեմբերին, որպես Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ՝ Իլ դը Ֆրանսի և Երևան քաղաքի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Տավուշի մարզի հետ գործընկերություն ձևավորելու նպատակով:

«Իմ լավ ընկեր և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը (1944-2020) նախաձեռնել էր գործընկերություն Տավուշի հետ, և մեր Իլ դը Ֆրանս շրջանը, փաստորեն, շարունակեց այդ գործընկերությունը», – պատմել է ֆրանսիական շրջանի ղեկավարը:

Ըստ նրա՝ 2018-ի իր այցը շատ հետաքրքիր էր: Նա հիշել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ծառ տնկելը, հիշել հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին, որն, իր խոսքով, Ֆրանսիայի և հայ համայնքի ու Հայաստանի հարաբերությունների մեկնակետն է եղել, քանի որ 1915-ի ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր հանգրվանել են հենց Ֆրանսիայում՝ կազմավորելով այն մեծ համայնքը, որը շատ մեծ դեր ունի Ֆրանսիայի հասարակության մեջ:

Այդ համայնքի նշանավոր ներկայացուցիչներից է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ֆրանսահայ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը, որը Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում եկել էր Հայաստան:

Դեկտեմբերի 20-21-ի երկօրյա այցի շրջանակներում ևս Իլ դը Ֆրանսի ղեկավարը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ տեսնելով իր տնկած ծառը և հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, այնուհետև՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ «Զինվորի տուն, և շփվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ:

«Կարծում եմ, որ սա մեր այցի շատ լավ խորհրդանիշ էր, քանի որ մեր այցը միաժամանակ խարսխված է մեր համատեղ անցյալի վրա, բայց նաև ուղղված է դեպի ապագան: Իլ դը Ֆրանս շրջանը շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Բացի Երևանի հետ համագործակցությունից՝ մենք նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործընկերն ենք և 500.000 եվրո ենք տրամադրել նոր կամպուսի կառուցման և զարգացման ծրագրերի համար: Ակտիվորեն ներգրավված ենք նաև մարդասիրական հարցերում», – հաղորդել է Իլ դը Ֆրանսի ղեկավարը:

Վալերի Պեկրեսի այցելության երրորդ պատճառն այն է, որ ինքն անձամբ մեծապես ներգրավված է Արևելքի քրիստոնյաների պաշտպանության գործընթացում:

«Մենք կարևորում ենք Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հարցը, որովհետև մենք միամիտ չենք, մեր աչքերը փակ չեն, և կարծում ենք, որ այսօր առկա են Հայաստանին սպառնացող որոշ վտանգներ, բայց այդ վտանգները կախված են նաև Ֆրանսիայի և Եվրոպայի վրա», – շեշտել է Վալերի Պեկրեսը:

Իսկ ընդհանուր առմամբ իր այցը Վալերի Պեկրեսը նվիրում է Հայաստանի այսօրվա ու վաղվա երիտասարդությանը, հատկապես՝ վերջին պատերազմում զոհված հիմնականում երիտասարդ տղաներին և արցախահայ շուրջ 80 հազար տեղահանվածներին. «Երիտասարդությունն է այս երկրի ապագան, և շատ կարևոր է, որ նրանք ապրեն ու բարգավաճեն հենց իրենց երկրում՝ ձեր հողի վրա: Գիտեմ, որ արտագաղթը շատ մտահոգիչ խնդիր է այսօր ձեր երկրում, սակայն Հայաստանը շատ տոկուն, դիմակայուն երկիր է, դիմակայուն են նրա ժողովրդավարական համակարգը, և այս տարվա ժողովրդավարական ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին այս փաստը»:

Այդ առումով ֆրանսիացի գործիչը անհրաժեշտ է համարում, որ Ֆրանսիան ու Եվրոպան օգնեն Հայաստանին բոլոր այդ գործընթացներում, և հենց այդ պատճառով է, որ, ըստ նրա, Ֆրանսիան պետք է ավելի շատ զբաղվի Հայաստանում կրթության ու մշակույթի ոլորտում գործընկերության զարգացմամբ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնելով:

«Նաև պետք է զարգացնենք ու խորացնենք համագործակցությունը կրթության, ֆրանկոֆոնիայի, առողջապահության, մշակույթի, տնտեսական զարգացման ոլորտում: Իհարկե, կարևոր են նաև առևտրային փոխհարաբերությունները», – ասել է Վալերի Պեկրեսը:

Իր այցելության շրջանակներում Իլ դը Ֆրանսի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Իր մեկնությամբ՝ այդ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրավիճակի մասին: Այդ համատեքստում նա կոչ արեց Բաքվին անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին, ինչպես նաև շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար:

«Կարծում եմ՝ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», – շեշտել է Վալերի Պեկրեսը:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը նաև ճաշել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ և նրա հետ քննարկել արհեստական բանականության ոլորտում հիմնադրամ ստեղծելու ծրագիրը: Հաշվի առնելով, որ Հայաստանը շատ մեծ գիտական ներուժ ունի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում՝ Պեկրեսը կարծում է, որ կարելի է այդ ոլորտին առնչվող շատ հզոր մի բան կառուցել Երևանում՝ ներգրավելով Ֆրանսիական համալսարանին:

Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Տավուշում բացվելու է գյուղատնտեսական լիցեյ, որը կրելու է Պատրիկ Դևեջյանի անունը: