Հայաստանում սելեկտիվ աբորտների վիճակագրության պահպանման դեպքում ժողովրդագրական խնդիրներն անխուսափելի են

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Երկրորդ աղջիկ երեխայիս ծննդաբերելուց հետո խնդիրներ ունեցա։ Չէի հղիանում, հետո հղիանում ու վիժում էի։ Երկարատև բուժումից հետո՝ յոթ տարի անց հղիացա։ Մի քանի ամիս անց, երբ պարզեցի, որ նորից աղջիկ է, որոշեցի աբորտ անել։ Որոշմանս մասին ամուսնուս տեղեկացրի, սակայն նա կտրուկ դեմ էր, անգամ մտածում էր, որ խելքս գցել եմ»,- խոստովանում է երեք դուստրերի մայր Կարինե Մկրտչյանը՝ նշելով, որ շնորհակալ է ամուսնուց՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումից իրեն հետ պահելու համար։

Հայաստանում տղաներին տրվող նախապատվության և սեռի հատկանիշով պտղի խտրական ընտրության հետևանքով առկա է նորածինների սեռերի խախտված հարաբերակցության խնդիր։ Ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի զեկույցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած տարիներին նորածինների սեռերի հարաբերակցության անհամամասնությունն աստիճանականորեն աճել է։ Եթե 1995թ. նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը (նորածին տղաների թվաքանակի հարաբերակցությունը՝ 100 նորածին աղջկա հաշվով) հատել է 110-ի, ապա 1998թ.՝ 115-ի և 2000թ.՝ 120-ի սահմանագիծը։ Հետագայում, սակայն, նկատվել է նորածինների սեռերի հարաբերակցության բարելավում. 2010 թ. 115-ի փոխարեն՝ 2017թ. 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա:

Տղա երեխայի նախընտրության և, որպես հետևանք, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների արդյունքում, եթե ներկայիս վիճակագրությունը պահպանվի, ապա ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ մինչև 2060 թվականը Հայաստանում չեն ծնվի 92,932 աղջիկներ, ինչը ժողովրդագրական լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու երկիրը: Հայաստանում տղա երեխաներին տրվող նախապատվության հիմքում ընկած են տարբեր պատճառներ, առաջին հերթին՝ տոհմի շարունակությունը։

«Առաջին հղիությանս ժամանակ, երբ իմացանք պտուղն աղջիկ է, ես և ամուսինս որոշեցինք հեռացնել երեխային։ Բանն այն էր, որ ուզում էինք առաջնեկը տղա լիներ։  Աբորտից հետո լուրջ խնդիրներ առաջացան ինձ մոտ։ Արդեն երկու տարի է՝ բուժվում եմ, որպեսզի երեխա կարողանամ ունենալ։ Երևի Աստված ինձ պատժեց, որ իմ օրինակը տեսնելով՝ շատերը չգնան նման քայլի»,- ասում է Լուսինե Սիմոնյանը, որն ամուսնացել է 18 տարեկանում։

Ծնունդների սեռերի հարաբերակցությունը փոխվում է ծննդի կարգի հետ։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ ընտանիքում երկու երեխայից մեկի տղա լինելը սովորաբար բավական է, որպեսզի հայաստանյան ընտանիքներն իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած: Սեռերի հարաբերակցության նշանակալի անհավասարակշռություն  դիտարկվում է երրորդ և հաջորդող երեխաների դեպքում։ Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներում որդիների և դուստրերի բաշխման պատկերը հետևյալն է՝ 56% տղա և 44% աղջիկ՝ երրորդ ծնունդների, 53% տղա և 47% աղջիկ՝ չորրորդ ծնունդների պարագայում։

Կլինիկական հոգեբան Էմմա Արզիևայի պրակտիկայում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նպատակով հիվանդանոց դիմած կանանց հետ զրուցելուց հետո նրանք մտքափոխվել և հետ կանգնել այդ որոշումից։

«Կարծում եմ՝ կանանց այդ քայլին տանում է ներքին անվստահությունն ու   անպաշտպանությունն ամուսնու, ընտանիքի անդամների, հարևանների և հարազատների ճնշումներից։ Ինքս երկու աղջկա մայր եմ, հաճախ են ասում՝ երրորդն էլ տղա կունենաս մի քանի տարուց, պատասխանս մեկն է՝ երրորդ կունենամ, բայց չգիտեմ՝ աղջիկ, թե՞ տղա»,- ասում է կլինիկական հոգեբանը։

Շատ հայ կանայք դիմում են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման՝ ամուսնու կամ հարազատների դրդմամբ։

«Մայրս ու սկեսուրս համոզում էին, որ հրաժարվեի աղջիկ բալիկիցս։ Բոլորին դեմ գնացի և արգելեցի այդ մասին անգամ շշուկով խոսել։ Բարեբախտաբար, առանց խնդիրների ունեցա երրորդիս, իսկ հիմա շատ երջանիկ եմ ու հպարտ իմ որոշմամբ»,- ասում է Աիդա Օհանյանը։

Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը մինչև բնական մակարդակին հասցնելու համար, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ների միության ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ, պետությունը պետք է մի քանի գործառույթ իրականացնի։

«Կրթության և տեղեկացվածության մակարդակում պետությունը պետք է ստանձնի հստակ սեռային խտրականության և գենդերային բռնության դեմ պայքարի, կանանց իրավունքների վերաբերյալ գիտելիքի փոխանցման գործառույթ, ինչը հիմա կրթական ծրագրերում, որպես այդպիսին, չի դիտարկվում։ Նաև դեպքեր կան, երբ խտրականությունը դասագրքերում դիտարկվում է որպես նորմալ երևույթ»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ հայ հասարակությունը, որպես որոշումների իրականացման գերակա ուժ, տեսնում է միայն տղամարդուն, և այս հանգամանքը ևս ազդում է սելեկտիվ աբորտների վիճակագրության վրա։

«Կարծում եմ՝ հիմնականում խնդիրը գալիս է նրանից, որ Հայաստանում կանայք չեն զբաղեցնում լուրջ, կարևոր պաշտոններ, ընդգրկված չեն քաղաքականությունում։ Այս  իրավիճակը Հայաստանում գնալով վատանում է և չի բարելավվում։ Անհրաժեշտ է մեդիադաշտի բարելավում, օրինակ՝ երբ մենք դիտում ենք հաղորդումներ, որոնք պարունակում են գենդերային խտրականություն, դրանք կարող են մեզ վրա բացասական ազդեցություն ունենալ։ Ստացվում է, որ մեր հասարակությունը դատապարտված է սեռով պայմանավորված աբորտները շարունակելուն՝ մինչև  կանայք սկսեն որոշիչ դեր կատարել և որոշիչ պաշտոններ զբաղեցնել քաղաքական դաշտում, ընտանիքում»,- եզրափակում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Հոդվածում հրապարակված հերոսների անունները փոխված են

Հեղինակ՝ Անուշ Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: