Պայթյունից բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր. ՀՀ ԱՆ

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել. տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։
Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության:
Նշենք, որ գիշերը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։