Նոյեմբերի 9-ի Փաշինյանի ցավոտ որոշումից 1 տարի անց. հայ գերիները՝ Բաքվի բանտերում, թշնամին՝ ՀՀ սուվերեն տարածքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.11.2021 | 23:17Մեկ տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Ադրրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորրագրեցին Արցախում 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունը։
Ուշագրավ է, որ Փաշինյանն այս փաստաթուղթը ստորագրեց կադրից դուրս՝ ի տարբերություն Ալիևի և Պուտինի, որն անգամ հայտարարեց, թե այդ փաստաթուղթն ինքն է գրել:
Մեկ այլ ուշագրավ դրվագ․ ճակատագրական կարևորության այս փաստաթուղթը մի ամբողջ օր այդպես էլ չտեղադրվեց ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, և մինչ օրս էլ հստակ չէ, թե այն ինչպես հայտնվեց լրատվամիջոցների ձեռքում։ Ավելին, փաստաթղթի հրապարակված նախնական տարբերակում ժամեր անց փոփոխություններ կատարվեցին։
Ինչևէ․․․ Հայկական կողմի համար խիստ ցավոտ այդ փաստաթղթի ստորագրման մասին տեղեկատվության ի հայտ գալուց հետո Երևանում իրարանցում սկսվեց:
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է»:
Փաշինյանի այս գրառումից հետո քաղաքացիները չբավարարվեցին Կառավարության, Ազգային ժողովի շենքերը և կառավարական առանձնատունը գրավելով և ներսի գույքը ջարդուփշուր անելով: ԱԺ շենքի մոտակայքում մի խումբ քաղաքացիներ դաժան ծեծի ենթարկեցին խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձությունների վրա կատարվածից մեկ տարի անց լույս սփռված չէ, և հանրությունն ամբողջապես տեղյակ չէ, թե ով և ինչ նպատակով էր կազմակերպել այդ ամենը։ Ճակատագրական այդ գիշերվանից մեկ տարի անց իրագործված չեն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում՝ կատարված չեն հայկական կողմի համար շահեկան կետերը:
Նախօրեին թեմայի շուրջ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ հենց առաջին կետը, որով նախատեսված էր հրադադար, փաստաթղթի ստրագրումից անմիջապես հետո խախտվել է։
Հայտարարության երրորդ և չորրորդ կետերով Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնք համարվում են Արցախի անվտանգության երաշխավորը: Հիշեցնենք, սակայն, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո արձանագրվել են Հայաստանի և Արցախի քաղաքացիների նկատմամբ տարբեր ոտնձգություններ և միջադեպեր։ Իսկ ամենաթարմ օրինակը հենց այսօր է գրանցվել․ Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Արդյունքում, Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի տեղեկացմամբ, Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Հոկտեմբերի 9-ին էլ Արցախի Մարտակերտ քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 55-ամյա Արամ Տեփանցը սպանվեց մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից: Դեպքի պահին սպանված քաղաքացու կողքին՝ կրակահերթի տակ հայտնված տրակտորի մեջ եղել է նաև ռուս խաղաղապահ, որպեսզի երաշխավորի Տեփանցի անվտանգությունը: Այս դեպքից ընդամենը հինգ օր անց ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի՝ Նոր Շեն գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Հայկական կողմն Ադրբեջանին է վարադարձրել գերեվարված բոլոր անձանց, իսկ Ադրբեջանը դեռ շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին և նրանց ծանր մեղադրանք է առաջադրել:
Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել։ Հստակ չէ, թե այժմ քանի հայ գերի է պահվում Ադրբեջանում։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ հայտարարության 8-րդ կետը, որով նախատեսվում էր գերիների և այլ պահվող անձանց վերադարձ, կյանքի պետք է կոչվեր փաստաթղթի ստորագրումից մի քանի օր անց:
Ընդհանուր առմամաբ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ շուրջ մեկ տասնյակ կետերից կյանքի են կոչվել միայն Ադրբեջանի համար շահեկան կետերը: Մասնավորապես՝ 2-րդ կետը, որով Աղդամի շրջանը 2020 թվականի նոյեմբերի 20-ին վերադարձվեց Ադրբեջանին, իսկ 6-րդ կետով Ադրբեջանին փոխանցվեցին Լաչինի և Քարվաճառի շրջանները: Մասամբ իրականացվել է 7-րդ կետը, որով նախատեսվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:
Արցախից տեղահահանվածները թեև վերադարձել են մինչ այս հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, սակայն օկուպացված Շուշիի և Հադրութի բնակիչները զրկված են այդ հնարավորությունից:
Այժմ աշխատանքեր են տարվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության 9-րդ կետի իրականացման համար: Այդ կետով նախատեսվում է. «Կարդացվող, Վանիկ, Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի համար շահեկան կլինի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը:
Ինչո՞ւ է մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն արձանագրում, որ իր կողմից ստորագրված փաստաթղթի կետերը չեն կատարվել, այլ ոչ թե պատասխան տալիս դրա համար։ Բանակցային գործընթացի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի քայլերը միտված են մեկ նպատակի․ «Նիկոլ Փաշինյանն առաջինը լուծում է իր քաղաքական հարցերը, ստեղծում է դիրքեր, որոնցով կարող է ոչ թե մեկ այլ մի քանի անգամ վերընտրվել: Պատահական չէ, որ ինքը մինչև 2050 թվականը ինչ-որ ծրագրեր է նախատեսել»:
Բանակցային գործընթացի մասնագետը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անկայուն են, ժամանակ առ ժամանակ փոփոխության են ենթարկվում, ինչը չի բխում ազգային անվտանգության շահերից:
Այսպիսով՝ նոյեմբերի 9-ի ղմկահարույց փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց ունենք հետևյալ պատկերը․ Բաքվում բազմաթիվ հայ գերիներ են պահվում, մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում ադրբեջանական զորքեր, շարունակում են զոհվել սահմանամերձ հատվածների մեր հայրենակիցները, իսկ պատերազմում հայկական կողմի կրած պարտության համար որևէ բարձրաստիճան զինվորական կամ քաղաքական պաշտոնյա պատասխատվության չի ենթարկվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան