Ինչ ուղերձներ են պարունակում ՄԱԿ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ելույթները. VOA-ի անդրադարձը

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ելույթների զգալի մասերը նվիրված էին ԼՂ հակամարտությանն ու տարածաշրջանային անվտանգությանը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում: Այս առումով Երևանը ընդգծում է հայ ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի կարևորությունը:

Ըստ վարչապետ Փաշինյանի՝ անհրաժեշտ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները հնարավորություն կտան կողմերին գտնել ընդհանուր եզրեր, հայտարարել է ՀՀ վարչապետը։

«Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը»,- հայտարարել է Փաշինյանը:

Իր հերթին նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է:

՛՛Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր՛՛,- հայտարարում է Ալիևը:

Նրա խոսքով՝ Բաքուն հայտնել է Երևանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հենվելով սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Հայաստանի վարչապետն իր ելույթում ևս անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման խնդրին՝ ընդգծելով, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ: Բացի այդ, վարչապետ Փաշինյանը մեղադրեց Բաքվին Սոտք-Խոզնավար հատվածում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մեջ:

«Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում են սահմանագծման և սահմանազատման աշխատանքները»,- նշել է Փաշինյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները իրենց ելույթում անդրադարձել են նաև տարածշարջանում տրանսպորտային ուղիների վերաբացմանը: Ալիևի խոսքերով տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», որն, ըստ նրա, Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում:

Վարչապետ Փաշինյանն էլ այս խնդրի շուրջ կարևորում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին դրույթները հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարություններում: Նա, սակայն, շեշտում է՝ ճանապարհների վերաբացման որոշ տարբերակներ նպատակ ունեն խորացնել մեկուսացումն ու թշնամության մթնոլորտը: Ըստ նրա՝ առկա են նաեւ տարածաշրջանային փոխկապակցվածությունը ընդգծող տարբերակներ, որոնք կարող են քայլ առ քայլ օգնել հաղթահարել թշնամության մթնոլորտը: Երևանը այս վերջին տարբերակների կողմնակից է:

«Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա»,- հայտնել է ՀՀ վարչապետը:

Հայաստանի ղեկավարի խոսքերով՝ Երևանը երկխոսության միջոցով պատրաստվում է իրականացնել ՀՀ-ի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Այս ճանապարհին, սակայն, վարչապետ Փաշինյանը արձանագրում է մի շարք խոչընդոտներ, որոնք շարունակաբար լարում են մթնոլորտը: Խաղաղության դեմ միտված գործողույունների շարքում Փաշինյանը առանձնացնում է հրադադարի ռեժիմի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները, հայ ռազմագերիրների խնդիրը: Որպես թշնամության մթնոլորտի խորացման ցայտուն օրինակ Հայաստանի վարչապետը հիշեցնում է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքվում բացված պուրակը: