«Լուսավոր Հայաստան»-ն այդ ճգնաժամը հաղթահարելու համար թանկ է վճարել՝ իր մանդատների ժամկետը կրճատելու գնով. Մարուքյան
Քաղաքականություն
27.07.2021 | 15:01«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար:
Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ։
Շուրջ 9 տարի մեծ քաղաքականության մեջ եմ: Ամեն ինչ արել եմ, որպեսզի ունենանք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, զարգացած և արդիական Հայաստան: Հետևողական կերպով միչև վերջ գնացել եմ այս արժեքները պաշտպանելու և ամենօրյա աշխատանքով առաջ մղելու համար:
Այդ 9 տարիներին մեր օպոնենտներն ամեն գնով վարկաբեկել են ինձ ու իմ թիմակիցներին, փորձել մարդկանց աչքից գցել, մեր նկատմամբ եղած ժողովրդի աջակցությունն ու համակրանքը նվազեցնել, ու պետք է ասեմ, որ բավականին հաջողությունների են հասել այդ գործում: Բայց մենք շարունակել ենք անմնացորդ ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը, հավատալ այն արժեքներին ու նպատակներին, որոնցով մտել ենք քաղաքական դաշտ:
Երկրի համար ամենածանր պահերին ամեն բան մի կողմ ենք դրել ու կանգնել պետության հիմքերն ամուր պահելու դիրքերում: Երբեմն զոհաբերել ենք մեր հանրային վարկանիշը, չենք արձագանքել վարկաբեկիչ քարոզչությանը, սակայն ամեն կերպ պահել ենք ներքին կայունությունը և մեր ներդրումն ունեցել պետությունը ծանր վիճակից հանելու գործում:
Անցած 3 տարիների ընթացքում եղել են թիմակիցներ, ովքեր լքել են ինձ ու մեր թիմը, բայց ես կարող եմ վստահ ասել, որ անձամբ ես երբեք որևէ թիմակցի չեմ լքել:
Անգամ ամենալարված պահերին քաղաքական մրցակիցների հանդեպ փորձել եմ պահել մարդկային հարաբերության առնվազն նվազագույն նշաձողը, որ քաղաքականությունը չխաթարի իրար աչքերի ուղիղ նայելու իմ տեսակի ձգտումը։
Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին, արել այն, ինչին հավատացել ենք՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։ Անգամ այն իրավիճակներում, երբ մենք հասկացված չենք եղել մեր ժողովրդի կողմից, միևնույն է, փորձել ենք մենք հասկանալ մեր ժողովրդին ու անմնացորդ շարունակել ծառայել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձնապես իմ, «Ելք» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր թիմերի օգտին բոլոր ժամանակներում քվեարկած քաղաքացիներին, մեզ բոլոր ժամանակներում հավատացած մարդկանց, մեր աջակիցներին ու համակիրներին, ինչ-որ պահի ու մինչ այժմ մեզ հավատացողներին:
Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, ում հույսերն ու ակնկալիքները չենք արդարեցրել և ում համար մնացել ենք չհասկացված։
Վստահ եմ, որ ճիշտ ենք արել, որ գնացել ենք Աժ արտահերթ ընտրության, որովհետև միակ ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու համար եղել է այդ միջոցը: «Լուսավոր Հայաստան»-ն այդ ճգնաժամը հաղթահարելու համար թանկ է վճարել՝ իր մանդատների ժամկետը կրճատելու գնով, բայց վստահ եմ, որ ոչ մի մանդատ ավելին չարժե, քան պետության կայունությունն այս ծանր հետպատերազմյան վիճակում։
Հիմա եկել է այն պահը, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է օր առաջ հայանպաստ լուծումներ ստանան և դրա համար անհրաժեշտություն է երկրի ներսում համերաշխության ու միասնականության վերականգնումը՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների։
Կարճ պատմական էքսկուրս անենք ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումներից.
2012թ. մայիսի 06-ին, որպես իրավապաշտպան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, փաստաբան, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ ԱԺ ընտրություններին և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից 5 թեկնածուների մեջ ստանալով առավելագույն ձայներ՝ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: ԱԺ 5-րդ գումարման 131 պատգանավորներից միակ անկախ անկուսակցական առաջադրված և ընտրված պատգամավորն եմ եղել: 5-րդ գումարման 5 տարիների ընթացքում հպարտությամբ ու աշխատասիրությամբ ներկայացրել եմ Վանաձորի, ինչպես նաև ողջ Լոռու մարզի շահերը, միաժամանակ որևէ տարբերություն չեմ դրել, թե ՀՀ որ տարածքում բնակվող քաղաքացին է ինձ դիմել։ Խորամուխ եմ եղել համապետական և միջպետական բազմաթիվ խնդիրների մեջ և 5 տարի զբաղվել այդ խնդիրներով, առաջարկել դրանց օրենսդրական և այլ լուծումներ։ Կարճ ասած՝ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր քաղաքացիներին՝ անխտիր: Ամեն շաբաթ քաղաքացիների ընդունելություններ եմ իրականացրել Վանաձորի իմ պատգամավորական գրասենյակում, ինչպես նաև խորհրդարանում, ամեն տարի ներկայացրել եմ հրապարակային հաշվետվություններ: Պառլամենտ Մոնիթորինգի տվյալներով ճանաչվել եմ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը:
2017թ. ընտրություններում առաջադրվել եմ Լոռու մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով, սակայն, չստանալով բավարար ռեյտինգային ձայներ, Լոռու մարզից չեմ ընտրվել, այլ ընտրվել եմ որպես «Ելք» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար։ Ընտրությունների արդյունքում «Ելք» դաշինքն ստացել է 9 մանդատ, ինչից հետո շարունակել եմ օրենսդիր գործունեությունս՝ ծառայելով մեր ժողովրդին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Հայաստանի ազգային պետական շահերն ուժերիս առավելագույն չափով պաշտպանելով միջխորհրդարանական կառույցներում:
2018թ. Աժ արտահերթ ընտրություններում առաջնորդել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը և պատգամավոր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի թիվ 3 ընտրատարածքից։ Ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 18 մանդատ:
Այդպիսով, շարունակել եմ օրենսդիր գործունեությունս, նաև ղեկավարել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ թիմակիցներիս հետ ծառայեցնելով մեր գիտելիքները, փորձն ու հմտությունները պետությանն ու ժողովրդին: Օրենսդրական աշխատանքի տարիներին Հայաստանը ներկայացրել եմ Եվրանեսթում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև մի շարք բարեկամական խմբերում, այդ թվում՝ ղեկավարելով Հայաստան-Մալթա, այնուհետև Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգ, Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերը: Աշխատել եմ Աժ Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում:
Վստահեցնում եմ ձեզ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու անձամբ ես շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին՝ հանուն բոլորիս երազանքների իրագործման:
Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. հետպատերազմյան Հայաստանում, որտեղ ամեն օր կրակում են մեր սահմաններին, խնդիրները հնարավոր է լուծել միայն երկարաժամկետ ներքին կայունության ապահովումից ու արտաքին քաղաքական ճակատն ամրացնելուց հետո:
Վստահ եմ, որ կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ»: