Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Հասարակություն
14.11.2026 | 13:49
Արշակունյաց պողոտայում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Միջադեպը տեղի էր ունեցել ուղևորներով լեցուն տրոլեյբուսի և մարդատար ավտոմեքենայի վարորդների միջև վիճաբանության ընթացքում։ Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
«Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։
Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։
Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։
Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ»։
Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ ականատեսի փոխանցմամբ՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը պահանջել էր, որ տրոլեյբուսի վարորդը ճանապարհը զիջի, ինչից հետո վիճաբանություն էր սկսվել։ Ականատեսի խոսքով՝ ավտոմեքենայի վարորդը թքել էր տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ, իսկ վեճին միջամտել էին նաև ուղևորները։ Factor.am-ը դեպքի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել Երևանի քաղաքապետարանից։

