Քաղաքական կերպարանափոխության հայ հսկաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Քաղաքական իշխանության ներկայացուցիչների մի մասը ինչ-որ ժամանակ եղել է ընդդիմադիր։ Նրանցից ոչ մեկը իշխանության չի հասել ընտրությունների ճանապարհով, սակայն այսօր իշխանության մեջ է։ Ինչպե՞ս է հնարավոր եղել դա։ Քաղաքական կերպարանափոխությունը բնորոշ է նաև հենց իշխանությանը` իշխանության մեջ։ Այս դեպքում իշխանության ներկայացուցչի կերպարանափոխությունը դրսևորվում է իր երբեմնի թիմակցի հանդեպ.

1․1990-ականների ՀՀՇ-ական իշխանության ամենաագրեսիվ ընդդիմադիրներից էր Վազգեն Մանուկյանը։ Այդ տարիների քաղաքական նրա գլխավոր թշնամին Լևոն Տեր Պետրոսյանն էր։ 1996-ին նա Տեր-Պետրոսյանի գլխավոր մրցակիցն էր նախագահի ընտրություններում, որտեղ պաշտոնական արդյունքներով պարտվեց։ Հրավիրված հանրահավաքում Մանուկյանը ժողովրդին կոչ արեց գնալ Ազգային Ժողով, որտեղ տեղակայված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և փոխել ընտրությունների արդյունքները։ Վազգեն Մանուկյանը ԿԸՀ մտնելուց առաջ հայտարարում է․ «Եթե 20 րոպեից չգանք, եկեք մեր հետևից»։ 20 րոպեից ժողովուրդը խորհրդարանի դարպասները ջարդելով ներխուժում է ներս և ընդդիմադիր առաջնորդների հրահանգով բռնություն գործադրում Ազգային Ժողովի ղեկավարության հանդեպ։ Սերժ Սարգսյանն այդ օրերին ղեկավարում էր Ազգային Անվտանգության և Ներքին գործերի նախարարությունը։ Հենց նրա ղեկավարած կառույցն էլ ճնշում է հեղափոխության փորձը, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում է․ «Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խայտառակ դեպք տեղի ունեցավ՝ որովհետև հայերը կրակեցին հայերի վրա։ Խայտառակվեցինք մի բուռ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով։ Խայտառակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն։ Բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց, չվերածվեց արյունահեղության միմիայն հանրապետության նախագահի սառնասրտության պատճառով»։ Այսօր Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի գլխավոր զինակիցներից է։ Ղեկավարում է Հանրային խորհուրդը և ժամանակ առ ժամանակ սեղմում Սերժ Սարգսյանի ձեռքը

2․ Քաղաքական կերպարանափոխության մեր հաջորդ հերոսը ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանն է։ Այս գործչի քաղաքական աստեղային ժամը 2003-ի փետրվարի 4-ին նախագահի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ձեռամբ Արտաշատի քարոզարշավի ժամանակ ծեծվելն էր։ Այդ ժամանակ նա պաշտպանում էր ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը։ Այդ օրերի մասին պարոն Բաբուխանյանը հիշում է․ «Այն, ինչ որ տեղի ունեցավ, դա պարզապես ուրեմն ընտրությունների հանդեպ կարծր անմարդկային ճնշումների մեթոդներով իրականացված գործողություն էր»։ Մինչև 2007-ը Հայկ Բաբուխանյանն իր խմբագրած «Իրավունք» թերթի գրեթե յուրաքանչյուր համարում Սերժ Սարգսյանին համարում էր խաղամոլ։ 2007-ին Հայկ Բաբուխանյանը իշխանության աջակցությամբ կուսակցության ղեկավարի աթոռից հեռացրեց Հրանտ Խաչատրյանին, իսկ 2008-ին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո միացավ ընդդիմության նոր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը։

3․Քաղաքական կերպարանափոխության ամենահետաքրքիր դեմքերից մեկը Խոսրով Հարությունյանն է։ Նա իշխանության մեջ է եղել Հայաստանի բոլոր երեք նախագահների օրոք։ Այս մարդը ընդդիմադիր է եղել և Լևոն Տեր-Պետրոսյանին, և Ռոբերտ Քոչարյանին, երբ նրանք այլևս իշխանության գլխին չէին։ «Այ իրական ընդդիմությունը ես եմ»,- ասում է Խոսրով Հարությունյանը։ Այս մարդը կերպարանափոխություն, որպես այդպիսին, չի ապրել։ Սակայն ամեն հաջորդ նախագահ նրան թշնամացրել է նախորդի հետ։ Պարոն Հարությունյանն այսօր Սերժ Սարգսյանի կողքին է, որին համարում է անփոխարինելի․ «Այդ ո՞վ կարող է նրան փոխարինել։ Կներեք, ես էդ մեկին չեմ տեսնում»։

4․2011-ին Հայաստանում լուրջ թեմա էր աշխարհաքաղաքական հետևյալ ընտրությունը՝ Մաքսային Միությո՞ւն, թե՞ Երոպական միության ասոցացման համաձայնագիր։ Իշխանությունները վստահեցնում են, որ հաստատուն քայլերով գնում են դեպի Եվրամիություն, ոչ մի խոչընդոտ չկա այդ ճանապարհին։ Հունիսի 8-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Վիեննայում, իսկ մեկ տարի հետո ռուսական Վեդոմոստիում հրապարակած հոդվածում (մայիսի 16) հայտարարում է, որ անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը, որովհետեւ Հայաստանն այդ միության հետ ընդհանուր սահման չունի։ «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»,- ասում է Տիգրան Սարգսյանը։ Այսօր Հայաստանը Եվրասիական Տնտեսական միության անդամ է և Տիգրան Սարգսյանը ղեկավարում է, իր բառերով՝ այդ անիմաստ կառույցի հանձնաժողովի կոլեգիան։

5․Քաղաքական կերպարանափոխության առաջին սանդղակում իրականում կարող էր կանգնել Արտաշես Գեղամյանը։ Նա այն գործիչներից է, որը Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր է եղել հենց նրա նախագահության օրոք։ Ընդդիմադիր է եղել նաև Ռոբերտ Քոչարյանին, երբ վերջինս նախագահ էր ու նրա թիմակիցը Սերժ Սարգսյանն էր։ «Եթե Քոչարյանին ու Սերժին չկպնեմ, ես կհիվանդանամ։ Նենգության , կեղծիքներ կատարելու մեջ, ոնց որ Շոստակովիչն էր մաեստրո, էնպես էլ Ռոբերտն ու Սերժն են մաեստրո»,- ասում էր Գեղամյանը։ 2007-ի խորհրդարանի ընտրություններից առաջ Արտաշես Գեղամյանն ակնարկեց, որ Սերժ Սարգսյանը փորձել է գնել իրեն մի քանի հարյուր հազար դոլարով։ Ապագա նախագահը արմատական ընդդիմադիրին հակադարձեց, որ Գեղամյանը մեկ զրո ավել է ասել։ Սերժ Սարգսյանը հանրությանը կոչ արեց լուրջ չվերաբերվել պարոն Գեղամյանի խոսքերին․ նա դատարկ դհոլ է։ Այսօր, երբ Արտաշես Գեղամյանը նույնպես Սերժ Սարգսյանի գլխավոր թիմակիցներից է, վերաիմաստավորել է նրա «դատարկ դհոլ» արտահայտությունը։ «Անշուշտ, դա սթափեցնող հայտարարություն էր։ Սերժ Սարգսյանն ինձ է քննադատել, ես իրեն եմ քննադատել, բայց այսօր, ի հեճուկս մեր թշնամիների, մենք բարեկամություն ենք անում»,- ասում է Արտաշես Գեղամյանը։

6․ Քաղաքական կերպարանափոխության ամենաանվիճելի կերպարն է համարվում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Նա յուրօրինակ էր նրանով, որ միաժամանակ ընդդիմություն և իշխանություն էր այն օրերին, երբ խորհրդարանի ղեկավարն էր։ 2007-ին կրկին միայն ընդդիմադիր դարձած ՕԵԿ ղեկավարը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդիպում է օտարերկրյա դիվանագետներից մեկին և կոչ անում բացասական գնահատել դեռևս տեղի չունեցած ընտրությունները։ Ռոբերտ Քոչարյանը նրան համարում է ազգի դավաճան 2008 թվականին որպես արմատական ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը մասնակցում է նախագահի ընտրություններին։ Փետրվարի 3-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում նա հայտարարում է, որ իշխանությունը պատրաստվում է սպանել իրեն։ Ընտրություններին նա գրավում է երրորդ տեղը։ Պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված Լևոն Տեր-Պետրոսյանը սպասում է, որ Բաղդասարյանը կմիանա իրեն և միասին կհասնեն արդյունքները չեղյալ համարելուն։ ՕԵԿ նախագահն այդ օրերին ընդունում է իր առաձնահատուկ դերը․ «Ես ինքս այսօր գիտեմ, որ ես կարող եմ կատարել շատ մեծ դեր»։ Բաղդասարյանն ընտրում է այլ ճանապարհ։ Փետրվարի 28-ին նա միանում է Սերժ Սարգսյանին, իսկ մեկ օր հետո տեղի է ունենում մարտի 1-ը, գնդակահարվում է 10 հոգի։ Արդեն մարտի 1-ից հետո Արթուր Բաղդասարյանն իրեն վերապահում է այլ դեր․ «Արդյունքում էս քաղաքում չհոսեց մեծ արյուն»։

7․2015-ի փետրվարին Հայաստանը սպասում էր հերթական իշխանափոխությանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ պատրաստվում էր նախագահի պաշտոնից հեռացնել Սերժ Սարգսյանին։ Պարոն Ծառուկյանի թիկունքում ժողովրդի աննախադեպ մեծ բազմություն կար։ Ընդդիմության առաջնորդը երբեք այդքան հպարտ չէր եղել։ «Ես այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած եմ, և դրա համար ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած»,- իր ուրախությունը գրեթե չափածո ներկայացրեց Ծառուկյանը։ Սերժ Սարգսյանի հակահարվածը դաժան էր։ Փետրվարի 12-ին ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ժամանակն է մաքրել քաղաքական դաշտը ֆեոդալական տրամաբանությունից, մանկամտությունից։ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք․ «Ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»։ Այս խոսքերից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքական դաշտից դուրս գալու մասին, մնալով քաղաքական մարմնի՝ խորհրդարանի պատգամավոր։ Իսկ կես տարի հետո Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրում է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանով։ Այսօր Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցում է մարզական տարբեր միջոցառումների, նրա ներկայությամբ բացում իր անձնական բիզնեսի այս կամ ճյուղը։

8․Այս տարվա հուլիսի 12-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումյանը նշանակվեց Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Լուրը միգուցե հանրային հնչեղություն չստանար, եթե Սերժ Սարգսյանի հրամանագրով դեսպան նշանակված քաղաքական գործիչը 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկման դատապարտված չլիներ։ Խորհրդարանի ամբիոնից արդեն ՀԱԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած Ալեքսանդր Արզումանյանը հիշում է․ «4 անգամ օրենք եք փոխել, որ մեզ կարենաք դատեք։ «Մարտի 1»-ի ողջ իրողությունը կբացահայտվի միայն ու միայն հանրապետական իշխանության գնալուց հետո»։ Չնայած հանրապետականը շարունակում է իշխող ուժ լինել, իսկ «Մարտի 1»-ի սպանությունների հարցով էլ էական բացահայտումներ չկան, սակայն այս ամենը չխանգարեց Արզումանյանին Հանրապետական կուսակցության առաջնորդի հրամանագրով դեսպան նշանակվել։

9․Հիշյալ բոլոր գործիչներն էլ, ի վերջո, համախմբվել են Սերժ Սարգսյանի շուրջ։ Սակայն հետաքրքիր է, որ պաշտոնական մետամորֆոզ ապրողներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է։ 1996-ի նախագահի ընտրությունների ժամանակ նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն էր։ Հենց նա էր պատասխանատու ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների համար։ Այդ ժամանակ պարոն Սարգսյանը պայքարում էր Վազգեն Մանուկյանի դեմ, որին ավելի ուշ՝2007-ին նա անվանեց իդիոտ։ Այդ ժամանակ պարոն Մանուկյանը լավ կյանքով չէր ապրում․ «Իմ փոքր աղջիկը, երբ որ Ամերիկյան համալսարանում սովորում էր,-այժմ ավարտում է,-մեր ընտանիքի համար երբեմն պրոբլեմ էր առաջանում այդ ամսվա վարձը վճարելը»։ 2008-ի նախագահի ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ նա մարգարեացավ՝ եթե նախագահ դառնա համալսարանի հեռակա բաժինը մի կերպ ավարտած Սերժ Սարգսյանը, մեր երկրին կործանում է սպառնում։ Վազգեն Մանուկյանի հայտարարությունից հետո տեղի ունեցավ «Մարտի 1»-ը, սպանվեց 10 հոգի, որից հետո նախկին բախտախնդիրը սեղմեց Սերժ Սարգսյանի ձեռքը՝ համաձայնվելով աշխատել մարդու հետ, որի իշխանությունը կործանարար է։ Այսօր նախկին ընդդիմադիրների մեծ մասը չի դժգոհում իր կյանքից։ Իսկ նրանց հենարան Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ Հայաստանի վարչապետ։

Մհեր Արշակյան