ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի շարունակական խախտումների վերաբերյալ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ:

Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։

Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել։

Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։

Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում: Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։

Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»։