Ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ, դա ԳՇ որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր. Արա Այվազյան

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ, որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները:

Արա Այվազյան. Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական ​​և ազգային շահերի պահպանության և պաշտպանության:

Հարց. Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար։

Արա Այվազյան. Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ:

Հարց. Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա, պարոն նախարար:

Արա Այվազյան. Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Հարց. Պարոն նախարար, Հայաստանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում։

Արա Այվազյան. Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ լայնամասշտաբ պատերազմը Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ էր անցկացրել՝ թուրքական օդուժի ներգրավմամբ: Այդ երկիրը դիմեց ոչ սովորական գործիքակազմի. իր ծավալապաշտական քաղաքականության նպատակով մեր տարածաշրջան արտահանեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:

Պատերազմում Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումն արդեն իսկ հայտնի փաստ է, որը հաստատվել է միջազգային մամուլի, համաշխարհային առաջնորդների, բազմաթիվ միջազգային մարմինների կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը: Դա հաստատվել է նաև ձերբակալված ահաբեկիչների կողմից, ովքեր բացահայտել են ողջ շղթան՝ հավաքագրումից մինչև իրենց տեղափոխումը տարածաշրջան:

Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում:

Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ:

Հարց. Պարոն նախարար, Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերի մասին և ասացիք, որ Թուրքիան էր ապահովում ահաբեկիչների ներկայությունը հակամարտությունում: Թուրքիան հիմա՞ էլ է շարունակում իր այդ դերակատարությունը։

Արա Այվազյան. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և վարձկաններին, որոնք արտահանվել և տեղափոխվել են մեր տարածաշրջան, կարծում եմ, որ դա միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիր է, որը պետք է լուծում ստանա միջազգային հանրության միանշանակ դիրքորոշման միջոցով։ Զինյալ ահաբեկիչներն ու վարձկանները պետք է դուրս բերվեն մեր տարածաշրջանից։

Հարց. Պարոն նախարար, արդյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար:

Արա Այվազյան. Նախևառաջ, Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։

Շնորհակալություն: