Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
Քաղաքականություն
17.09.2026 | 13:27
Դուբայում կայացած Euronews-ի ֆորումում քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության հաստատումը «ծանր գործընթաց» է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանել իր տարածքում առկա քրիստոնեական ժառանգությունը, քանի որ այն իր պատմության մի մասն է։ Ըստ հրապարակման՝ նա նշել է, թե Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում և հայկական սփյուռքում գործող «ռևանշիստական ուժերը» «դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել նախկին հակառակորդների միջև ընթացող պատմական խաղաղության գործընթացը։
Չորեքշաբթի Դուբայում կայացած Արաբական մեդիաֆորումի պանելային քննարկման ժամանակ Հաջիևը Euronews-ին ասել է, որ «հավանաբար, Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ղեկավարությունը նույնպես պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։
«Մենք հաղթել ենք պատերազմում, բայց մենք նաև հաղթում ենք խաղաղության մեջ, ինչը դժվարին պայքար է։ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում օկուպացիայի տարիների ընթացքում մեր մզկիթները, մեր իսլամական մշակութային ժառանգությունը Հայաստանի կողմից ենթարկվել են լիակատար ոչնչացման՝ նույնիսկ խոզերին էին մտցնում մզկիթներ։ Մենք դա վրեժխնդրության նշան չենք համարում, սակայն դա մեր պատմությունն է և մեր ժառանգությունը, և մենք չենք կարող մոռանալ այն»,- հայտարարել է նա։
Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն իսլամական ավելի լայն քաղաքակրթության մաս է կազմում, «ներկայում Ադրբեջանում երեք կրոններ՝ իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը, իրենց մզկիթներով, եկեղեցիներով և սինագոգներով, կողք կողքի են գոյակցում»։ Նա նաև ասել է, թե Բաքուն, իբր, հանձնառու է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում քրիստոնեական ժառանգության պահպանմանը՝ անկախ դրանց պատկանելությունից, և այստեղ ամեն ինչ հստակ է, քանի որ դա իրենց մշակութային ժառանգությունն է»։
«Ադրբեջանը նաև քրիստոնեության առաջին վայրերից է՝ սկսած չորրորդ դարից։ Քրիստոնեությունը (Կովկասյան) Աղվանքի թագավորության կողմից ընդունվել է որպես պաշտոնական կրոն»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը «նաև առաջին երկրներից մեկն է, որն ընդունել է իսլամը»։
Euronews-ի հրապարակման մեջ նշվում է, որ հայկական եկեղեցու ներկայացուցիչները վիճարկել են կրոնական հուշարձանների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պատկերը՝ Բաքվին մեղադրելով Ղարաբաղում եկեղեցիների քանդման մեջ, որն Ադրբեջանը մերժում է։
Հաջիևը նաև պնդել է՝ նույնիսկ խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանը շարունակում է ենթարկվել ապատեղեկատվության արշավի»։
«Այդպիսի կառույցներից մեկը Եվրոպական խորհրդարանն է, որը լուծման մաս չէ, այլ խնդրի մաս է։ Եվրոպական խորհրդարանը բանաձևեր և որոշումներ է ընդունում՝ նվաստացնելով և նաև խաթարելով մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Մենք տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացում ենք, սակայն Եվրախորհրդարանը բոլորովին այլ օրակարգ է առաջ մղում»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևն ասել է, թե Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը «չպետք է հիմնված լինի միակենտրոն մոտեցման վրա, այն պետք է ընդգրկի ամբողջ տարածաշրջանը՝ տարածաշրջանի երկրների հետ հավասարակշռված համագործակցությամբ»։ Նրա խոսքով՝ ԵՄ քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև «նոր գործընկերության հայեցակարգի ձևավորմանը և ոչ թե բաժանարար գծերի ստեղծմանը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևը նշել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական կերպարը»։
Հավելենք, որ Euronews-ը բավական սերտ կապեր ունի Ադրբեջանի կառավարության հետ։ Euronews-ը շահույթ է ստացել ավտորիտար ռեժիմների հետ առևտրային գործարքներից: Euractiv-ի հետաքննության համաձայն՝ այդ գործընկերությունները ներառում են նաև Ադրբեջանում, Ղազախստանում և Ուզբեկստանում ստեղծված կառույցները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

