Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի

Լուրեր

17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դատախազությունը թրաֆիքինգի գործով դատապարտված Գոռ Վարդանյանից ապօրինի գույք է պահանջում։ 2026-ի հուլիսին Հակակոռուպցիոն դատարանը դատական ակտ է կայացրել, համաձայն որի՝ թրաֆիքինգի համար դատապարտված Վարդանյանից կբռնագանձվի․

-4 ավտոմեքենա՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք,

-128 մլն 31 հազար 111 դրամ, որից՝ 433 հազար 973 դրամը՝ ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
127 մլն 597 հազար 138 դրամը՝ ապօրինի միջոցների ծախս,

-3 մլն 920 հազար 933 դրամ՝ որպես պետական տուրք։

Factor TV-ն դեռևս 2022-ին գրել էր «Տեցի կռուգում» սեռական ծառայություններ մատուցող կնոջ մասին, որը հետագայում շահագործման է ենթարկվել։

Աննան (անունը փոխված է) Factor TV-ին պատմել էր, որ 2020 թվականին իր կամքով «Տեցի կռուգում» սկսել է գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել: Շուտով, սակայն, պարզել է այս տարածքի չգրված կանոնի մասին. եթե մեքենա չունես, այն պետք է վարձակալես այդպիսի ծառայություններ տրամադրող Գոռ Վարդանյանից:

2021 թվականի հունվարին Աննան Գոռ Վարդանյանից վարձակալած մեքենայով վթարի է ենթարկվել, որից հետո, ըստ իր պատմածի, Վարդանյանը պահանջել է 1 ժամվա ընթացքում փոխհատուցել մեքենային հասցված 700 հզ դրամ վնասը: Աննան չի կարողացել և ստիպված է եղել Վարդանյանի մատնանշած օբյեկտներում սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել ու ստացված գումարը տալ նրան:

«2022 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում Գոռ Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում այն բանի համար, որ նա մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տարիներ շարունակ տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում նրանց հետ ձևավորել է մտերիմ միջանձնային հարաբերություններ և փոխվստահություն: Իր՝ այդ գործունեության ընթացքում տեղեկացել է, որ սեռական ծառայություններ մատուցող անձանցից Աննան իր սոցիալական խնդիրների լուծման համար ֆինանսական աղբյուրները ձևավորել է մարմնավաճառությամբ ստացված գումարներից, չի ունեցել այլ աշխատանք և զբաղմունք՝ եկամտի այլ աղբյուր:

Շարունակելով սեռական ծառայություններ մատուցող կանանց, այդ թվում՝ Աննայի հետ իր շփումները նաև 2020-2021 թթ. ընթացքում՝ Գոռ Վարդանյանը տեղեկացել է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Աննայի մոտ տեղի է ունեցել հաճախորդների թվի կտրուկ նվազում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նրա ֆինանսական միջոցների անկման, սոցիալական մինիմալ խնդիրների լուծման անհնարինության և անխուսափելիորեն առաջացրել վիճակի խոցելիություն։ Օգտագործել է այդ հանգամանքը՝ որպես հետագայում իրենից կախվածություն ունենալու պատճառ, Աննային, առաջարկել է տվյալ պահին շուկայականից կրկնակի անգամ ավել արժեքով ոսկի՝ հետագայում դրա գումարը տարաժամկետ մարելու հստակ և անշեղ պայմանով, ինչպես նաև տրամադրել է օրավարձով ավտոմեքենաներ՝ կրկին շուկայականից բարձր գներով։ Աննան իր սոցիալական խնդիրների լուծման համար առաջարկված որպես ելքի միակ տարբերակ, հարկադրված ընդունել է Գոռ Վարդանյանի առաջարկը՝ նրա համար ակնհայտ այդ պայմաններում համաձայնելով վճարել ոսկու 1 գրամի համար շուկայականից կրկնակի արժեքով առաջարկված գումարը: Նույն այդ ոսկին Աննան գրավադրել է տարբեր գրավատներում, իսկ դրա դիմաց կանխիկ ստացած գումարներով հոգացել սոցիալական կարիքները, իսկ Գոռ Վարդանյանի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն, նրանից անվերջանալի թվացող ֆինանսական կախվածության պայմաններում, յուրաքանչյուր օր, հարկադրված զբաղվել է մարմնավաճառությամբ՝ իր վիճակի խոցելիությամբ պայմանավորված Գոռ Վարդանյանի կողմից դրվելով շահագործման վիճակի մեջ ու շահագործվել, իսկ այդ կերպ վաստակած գումարները փոխանցել Գոռ Վարդանյանին:

2022 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են քրեական գործով վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված նյութերը՝ ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման համար:

Գոռ Վլադիմիրի Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին սկսվել է ուսումնասիրություն։

Այնուհետև դիմում է ներկայացրել դատարան՝ բանկային, վարկային տեղեկություններ, ապահովագրական և առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ պահանջելու մասին:

Ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ Գոռ Վարդանյանին պատկանում է ապօրինի ծագում ունեցող 50 միլիոն դրամը գերազանցող գույք։

Քրեական գործի ընթացքը դատարանում

2022-ի տարեվերջին Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Վարդանյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, իսկ 4 կանայք, որոնց թվում՝ մեզ ահազանգած Աննան՝ տուժողի կարգավիճակ։

Գործով առաջին նիստին Factor TV-ն մասնակցել էր, սակայն հետագայում տուժողներն առարկել էին, որ գործը դռնբաց քննվի ու այն դարձել էր դռնփակ։ Դատական գործընթացի եզրափակիչ մասն օրենքով սահմանված կարգով հրապարակվում է, սակայն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում քրեական գործի եզրափակիչ մասի, այլ կերպ՝ դատավճռի վերաբերյալ տվյալներ չկան։ Այնուամենայիվ, Հակակոռուպցիոն դատարանում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման գործում որոշ մանրամասներ են առկա քրեական վարույթի վերաբերյալ, որից պարզ է դառնում նաև, որ Գոռ Վարդանյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել միայն Աննային սեռական շահագործման ենթարկելու դրվագով, իսկ մյուս երեք կանանց շահագործման ենթարկելու դրվագներով նա ճանաչվել է անպարտ։

Դատարանը հաստատված է համարել, որ 2021 թվականի հունվարին Աննան Գոռ Վարդանյանի տրամադրած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, իսկ վերանորոգման հարցերով զբաղվել է Գոռ Վարդանյանը, որը, օգտվելով Աննայի ավտոմեքենայի վերանորոգման, պահեստամասերի արժեքների մասին անտեղյակությունից, ավտոմեքենայի վերանորոգման համար նույն օրը պահանջել է 700.000 ՀՀ դրամ գումար, որի դիմաց Աննան տվել է 50 գրամ ոսկի, յուրաքանչյուր գրամի դիմաց 70 ԱՄՆ դոլար վերադարձնելու պայմանով, որը անձամբ գրավադրել է՝ գրամի դիմաց ստանալով 30 ԱՄՆ դոլար գումար։ Դրանից օրեր անց Աննային հայտնել է կեղծ տեղեկություններ, թե իբր ավտովթարի հետևանքով առաջացել է 600. 000 ՀՀ դրամի տույժ-տուգանք, բացի այդ՝ բացվել է քրեական գործ։ Աննան համաձայնվել է նույն պայմանով վերցնել ոսկի ու ուռճացված չափի գումարները մարել ամենօրյա ռեժիմով։ Գոռ Վարդանյանի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն, անվերջանալի թվացող ֆինանսական կախվածության պայմաններում Երևանի Բագրատունյաց պողոտային հարակից՝ «Տեցի կռուգ» կոչվող տեղանքում, Գոռ Վարդանյանին ունեցած «պարտք» գումարը վճարելու պարտադրանքով, յուրաքանչյուր օր Աննան հարկադրված զբաղվել է մարմնավաճառությամբ։ 2021 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ, երբ Աննան արդեն իսկ մարած է եղել պարտքի կրկնակիից ավելին՝ ավելի քան 6.144.530 ՀՀ դրամ, Գոռ Վարդանյանը նրան ասել է, որ իրեն դեռ պետք է տա ևս 10.000.000 ՀՀ դրամ, որին նա չի համաձայնվել, և մի քանի օր չի զբաղվել մարմնավաճառությամբ։ 2021 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Գոռ Վարդանյանը, իր դիտավորությունը շարունակելու նպատակով գնացել է Աննայի տուն, նրա նկատմամբ կիրառել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ստիպել, որ շարունակի ամենօրյա ռեժիմով իրեն գումարների փոխանցումը և հեռացել՝ այդ կերպ նրան դնելով շահագործման վիճակի մեջ ու շահագործել:

Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5․5 տարի ժամկետով ազատազրկումը, գործով դատավճիռը ուժի մեջ է մտել 2025-ի հոկտեմբերի 2-ին։

Ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը

Ինչպես պարզ է դառնում Գոռ Վարդանյանի վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի նյութերից, այն բանից հետո, երբ թրաֆիքինգի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սկսվել է նաև նրա գույքի ուսումնասիրությունը։

Դատալեքս Դատական տեղեկատվական համակարգում առկա են մանրամասներ հայցադիմումից և դատարանի որոշումից։

Այսպես՝

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմումը ներկայացրել է Գոռ Վարդանյանի և նրա կնոջ՝ Ժաննա Մարգարյանի դեմ։ Միաժամանակ, դատարան է ներկայացվել նաև դիմում՝ Գոռ Վարդանյանին և Ժաննա Մարգարյանին պատկանող գույքի վրա արգելանք դնելու և նրանց որոշակի գործողություններ արգելելու եղանակով նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Դատավոր Աշխեն Ղարսլյանի 2025 թվականի հունիսի 19-ի որոշմամբ դիմումը բավարարվել է մասնակի. արգելվել է Գոռ Վլադիմիրի Վարդանյանին և Ժաննա Արթուրի Մարգարյանին կատարելու թվով 4 մեքենայի տնօրինման հետ կապված որևէ գործողություն, արգելվել է Գոռ Վարդանյանին կատարելու «ԱԼԵՔՍ-ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցության տնօրինման հետ կապված որևէ գործողություն, 145 մլն 62 հազար 804 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Գոռ Վարդանյանին պատկանող գույքի վրա։

Դատախազությունը ներկայացված հայցադիմումով պահանջել է․ «Գոռ Վլադիմիրի Վարդանյանից և Ժաննա Արթուրի Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել.

-1 մլն 675 հազար, 1 մլն 200 հազար, 2 մլն 685 հազար, 3 մլն 250 հազար դրամ միջին շուկայական արժեքով ավտոմեքենաներ, իսկ դրանք բռնագանձելու անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքով դրամական միջոց։
-«Ալեքս-Գոռ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունն ամբողջությամբ,
-433 հազար 973 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
-144 մլն 628 հազար 831 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»:

Ըստ գործի նյութերի՝ Գոռ Վարդանյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2020-2021 թվականների ընթացքում, ընդ որում՝ Գոռ Վարդանյանի հաշվին հենց 2020-2021 թվականներին փոխանցվել է 137 մլն 337 հազար 494 ՀՀ դրամ գումար, ընդ որում` փոխանցումներ են կատարվել նաև քրեական գործով տուժողների կողմից ընդհանուր՝ 1 մլն 634 հազար 800 ՀՀ դրամ, մեծամասամբ 10.000 և 15.000 ՀՀ դրամի չափով և Աննայի կողմից ընդհանուր՝ 7 մլն 977 հազար 800 ՀՀ դրամի չափով:

Դատախազությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնագանձման ենթակա գույքերը և դրամական միջոցները վերաբերում են արարքի կատարման ժամանակահատվածին, գտել է, որ առկա է որոշակի հավաստիությամբ ծագած կասկած առ այն, որ գույքերը ձեռք են բերվել հանցավոր արարքի կատարման արդյունքում: Բացի այդ, մեղսագրվող արարքը այնպիսին է, որ ողջամտորեն ենթադրում է տնտեսական օգուտ գեներացնելու նպատակ, և այդպիսի տեղեկություններ ստացվել են քրեական գործի շրջանակներում:

Պատասխանող Գոռ Վարդանյանի ներկայացուցիչը խնդրել է հայցը մերժել՝ ի թիվս այլնի հղում կատարելով Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին։

Ներկայացուցիչը, մասնավորապես, պնդել է, որ նա երբևէ չի հանդիսացել պաշտոնատար անձ, ուստի՝ գործի փաստական հանգամանքներն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանի կողմից նախանշված հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակներում:
Ըստ պատասխանողի՝ Դատախազությունը պարտավոր էր Դատարանին ներկայացնել ապացույցներ՝ Գոռ Վարդանյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության և գույքերի ձեռքբերման միջև որևէ կապի առկայության մասին, ինչը չի կատարվել:

Դատարանը, սակայն, եկել է եզրահանգման, որ հայցի առարկայում ներառված և դատաքննության ընթացքում հայցվորի կողմից պնդած ծավալով գույքն ունի ապօրինի ծագում և անուղղակի կապ ունի Գոռ Վարդանյանի կողմից կատարված հանցանքի հետ։

Ինչ վերաբերում է հայցապահանջին ընդդեմ Ժաննա Մարգարյանի, ապա Դատարանն այդ մասով այն համարում է անհիմն և մերժման ենթակա հետևյալ պատճառաբանությամբ․ Դատարանն արձանագրում է, որ Գոռ Վարդանյանը և Ժաննա Մարգարյանը գրանցված ամուսնության մեջ գտնվել են 2006 թվականից մինչև 2013 թվականը, այսինքն՝ մինչև Գոռ Վարդանյանի կողմից հանցանքի կատարումը և ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռք բերումը շատ ավելի վաղ ժամանակահատվածում։ Նման պայմաններում հերքվում է հայցի առարկայում ներառված գույքի՝ վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու փաստարկը։ Ավելին, հայցվորը նշվածից զատ որևէ այլ փաստական հանգամանք չի վկայակոչել՝ հիմնավորելու Ժաննա Մարգարյանի առնչությունը հայցի առարկայում ներառված գույքին։

Այսպիսիով՝ դատարանը վճռել է․

Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել է 4 ավտոմեքենա և ընդհանուր 128 մլն 31 հազար 111 դրամ։ Այդ գումարից 433 հազար 973 դրամը դատարանը որակել է որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, իսկ 127 մլն 597 հազար 138 դրամը՝ որպես ապօրինի միջոցների ծախս։

Միաժամանակ, դատարանը կարճել է գործի վարույթը ևս մեկ ավտոմեքենայի, «Ալեքս-Գոռ» ՍՊԸ-ում Գոռ Վարդանյանի 100 տոկոս մասնակցության և 17 մլն 31 հազար 693 դրամի բռնագանձման պահանջների մասով։ Մնացած պահանջները դատարանը մերժել է։

Դատարանը Գոռ Վարդանյանից նաև 3 մլն 920 հազար 933 դրամ պետական տուրք է բռնագանձել հօգուտ ՀՀ պետական բյուջեի։

Դատարանի կողմից նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների մի մասը պահպանվել է մինչև վճռի փաստացի կատարումը․ մասնավորապես՝ բռնագանձման ենթակա 4 ավտոմեքենաների տնօրինման արգելքը և 128 մլն 31 հազար 111 դրամի չափով գույքի վրա դրված արգելանքը։ Մյուս՝ չբավարարված կամ գործի վարույթը կարճված պահանջներին վերաբերող ապահովման միջոցները նախատեսվում է վերացնել համապատասխան փուլում՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

 

Արաքս Մամուլյան