Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

Լուրեր

02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձևով կոչ է արել Փարիզի քաղաքապետին նամակով դիմել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին, որպեսզի վերջինս կոչ անի Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության  ֆեյսբուքյան էջից։

Փարիզի քաղաքային խորհրդի բանաձևում նշված է.

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականների հանձնառու համախմբումը, ովքեր 2020թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի» առաջարկ են ներկայացրել,

Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքային շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլիի, «Առաջադիմականներ և Անկախներ» խմբակցության անդամներ Պիեռ-Իվ Բուրնազելի, Ալեքսի Գովցյանի և «Մոդեմ, Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցության անդամ Մոդ Լըլիևրի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ կոչը, որը վերջիններս որոշեցին միացնել Փարիզի քաղաքային խորհրդի ընդհանուր սույն կոչին,

Հաշվի առնելով, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցությամբ և Սիրիայից ջիհադիստ գրոհայինների ներգրավվածությամբ, ռազմական հարձակում սանձազերծեց,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օդային հարվածներից Լեռնային Ղարաբաղում վիրավորվել և զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքների 80%-ը, այդ թվում՝ կրթական և առողջապահական հաստատությունները մեծամասամբ ավերվել են, և որ այլ բնակավայրերում ևս առկա են բազմաթիվ ավերածություններ և տուժածներ,

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետալի իրավիճակը և մեծաթիվ զոհերի առկայությունը,

Հաշվի առնելով, որ, չնայած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դրանք անհապաղ դադարեցնելու Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ և հակամարտության միջնորդ երկրի կոչերին՝ իրավիճակն է¢լ ավելի վատթարացավ, և որ մի քանի անգամ հրադադարի ռեժիմ հայտարարվեց, որոնք բոլորն էլ խախտվեցին հայտարարվելուց մեկ ժամվա ընթացքում,

Հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո ստորագրված վերջնական զինադադարը, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել և որտեղ ուժի հաղթանակը գերիշխեց երկխոսության հաղթանակին:

Հաշվի առնելով, որ այս հրադադարով մարտնչող երկու կողմերի զինված ուժերը կանգ են առնում տվյալ օրվա դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում՝ ի վնաս հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի,

Հաշվի առնելով, որ, չնայած ռուսական խաղաղախահ ուժերի տեղակայմանը, վտանգված է Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը,

Հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետը ռազմական գործողությունների ընթացքում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կոչ անելով դրանք դադարեցնել և վերահաստատելով Փարիզի քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ ժողովրդին, որտեղ էլ նա բնակվի,

Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի և հայ ժողովրդի միջև վաղեմի և անսասան բարեկամական հարաբերությունները, որոնց մասին Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանություններին վերահաստատվեց նաև մեր գործընկեր, փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի մակարդակով, ով մարտական գործողությունների թեժ ժամանակամիջոցում ուղեկցում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության – ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի դիտորդական առաքելությանը,

Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզն ավանդաբար օգնություն է ցուցաբերում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին զոհ դարձած բնակչությանը, և որ առկա է մարդասիրական աղետալի իրավիճակի մասին ահազանգելու անհրաժեշտություն,

Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) անդամ է,

Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզի քաղաքային իշխանությունների համար մեծապես կարևորվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցության տրամադրումը,

Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ և Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ և Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցությունների առաջարկով, Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.

որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),
որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,
որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,
որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը։