Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ինտերֆաքսին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն առաջինը չէ պատմության մեջ, սակայն, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ բախումներով աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում: Ինչպե՞ս դա կպարզաբանեք: Եվ ինչ քայլեր պետք է ձեռնարկել հետագայում նման բախումներից խուսափելու համար:

Պատասխան. Ցավալի է տեսնել ատելության մթնոլորտի հրահրումը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև այն մեր տարածաշրջանից դուրս տեղափոխելու փորձը: Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունքը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ առավելագույն ուժերի ներդրումն է: Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, ռազմատենչ հռետորաբանության առկայության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում: Անիմաստ է առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, իսկ մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության: Հայատյացության, ռազմատենչ հռետորաբանության պայմաններում անհնար է ենթադրել, որ մենք կարող ենք լուրջ առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում:

Հարց. Այսպիսով, ի՞նչ պետք է անել, որպեսզի հետագայում խուսափեք այդպիսի բախումներից։

Պատասխան. Նախևառաջ պետք լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության գիտակցում։ Պետք է լինի քաղաքական կամք և պետք է ձեռնարկվեն հստակ միջոցառումներ։ Մենք բանակցում ենք այդ թվում նաև տարբեր հստակ քայլերի շուրջ, որոնք նպաստում են այդ հռետորաբանության և էսկալացիայի նվազեցմանը։ Այս ուղղությունն ունի հստակ բովանդակություն. մենք և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել ենք մի շարք առաջարկներ։ Այդ բոլոր գաղափարները պետք է իրագործվեն։

Մենք լավ օրինակ ունենք, երբ անցած տարի կարողացանք իրականացնել Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից լրագրողների փոխանակման ծրագիրը։ Արդյունքները, գուցե, համեստ էին, բայց շատ կարևոր։ Սա խաղաղ գործընթացի կարևոր մասն էր։

Հարց. Սակայն վերջին սրացումը, կարծես, ամենաինտենսիվն էր վերջին 30 տարիների ընթացքում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ չեն գործում Մադրիդյան սկզբունքները։ Ո՞րն է մշտական սրացումների պատճառը։

Պատասխան. Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, ըստ էության, 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման և ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) միակողմանի զիջումներ պարտադրելու երկրորդ փորձն էր։ Հուլիսի 12-ին հարձակում է իրականացվել Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում գտնվող մեր սահմանակետերի ուղղությամբ: Օգտագործվել է զգալի քանակությամբ զենք և զինտեխնիկա, գնդակոծվել են նաև խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանը վճռականորեն հակադարձեց այդ ագրեսիան՝  վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը ևս մեկ անգամ դա հաստատեց։

Հարց. Կարծիք կա, որ, ըստ էության, Հայաստանին այնքան էլ հարկավոր չէ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, իբրև թե, հողերը վերցված են, իսկ ստատուս քվոն էլ՝ ձեռնտու: Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել:

Պատասխան. Չեմ կարող համաձայնել այդ կարծիքի հետ: Եվ Հայաստանը, և Արցախը շահագռգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ինչը հնարավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք հետաքրքրված չենք մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այդ առումով խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է այս հակամարտության կարգավորման կարևոր առաջնահերթություն:

Հարց. Ինպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։ Այն գոյություն ունի վաղուց։ Բայց հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Ի՞նչ եք կարծում, ինչ դեր է խաղում Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Համաձայն եք արդյո՞ք, որ անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձևաչափը:

Պատասխան. 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որում ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, եղել է և մնում է բանակցային գործընթացի միակ ձևաչափը: Եվ այն ունի հստակ արդյունքներ: Այն միջազգային հանրության կողմից ճանաչված ձևաչափ է և ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամներին։ Երեք երկրներ, որոնք ունեն բավականին հզոր ռեսուրս՝ քաղաքական, դիվանագիտական՝ միջնորդության գործառույթն իրականացնելու համար:  Այս երկրների ներգրավվածությունը շարունակում է մնալ շատ ամուր:

Այս տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր չափորոշիչներ և մոտեցումների մի ամբողջ շտեմարան, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում: Շոշափելի և իրական փոխզիջում: Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին: Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, և դա արտահայտվեց ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանցից առաջ: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այն կարևորությունը, որն ունի Ռուսաստանն այս գործընթացում, և այն կարևոր ներդրումը, որը Ռուսաստանը կատարում է մյուս համանախագահների հետ միասին՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Այստեղ մենք ոչ մի կասկած չունենք, և համանախագահների աշխատանքը, որն, ի թիվս այլոց, նաև էսկալացիայի զսպման կարևոր գործոն է, այդ աշխատանքը կասկածի տակ դնելու, առկա ձևաչափը կասկածի տակ դնելու կամ դրա վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ անընդունելի է:

Հարց. ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դուք պատրա՞ստ եք հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Պատասխան. Անցած ժամանակահատվածում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, բավական մեծ աշխատանք է տարվել համանախագահների կողմից տարբեր ուղղություններով: Այն ներառել է անմիջապես կարգավորման խնդիրներ, փոխզիջմանը հասնելու համար հիմնական ձևաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, մասնավորապես, ծրագրեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը շարունակում է մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն: Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի ողջ ծավալի շարունակմանը և, բնականաբար, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակել այդ աշխատանքը:

Հարց. Այսինքն՝ Դուք, պայմանականորեն ասած՝ հենց վաղը կարո՞ղ եք առանց որևէ պայմանի հանդիպել Ձեր ադրբեջանական գործընկերոջ հետ։

Պատասխան. Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել և իհարկե մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է փոխզիջումներ գտնելու, անվտանգություն ապահովելու, ուժի կիրառումից և մաքիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։ Հայաստանի համար գոյություն ունեն հստակ և կարևոր առաջնահերթություններ։ Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը հանդիսանում է բացարձակ առաջնահերթություն։ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որևէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումը Արցախի համար կարևոր առաջնահերթություն: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ, որպեսզի ուրվագծենք այն ձևաչափերը, որոնք հնարավորություն կընձեռեն համադրել և չափել հնարավոր փոխզիջման շրջանակը:

Արցախին առնչվող մեկ կարևոր հարց ևս. այս երեսուն տարիների ընթացքում Արցախն ի ցույց է դրել հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ իր կարողությունը։ Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը շատ կարևոր է և ունի գործնական բնույթ, քանզի այն կամրապնդի բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը Արցախի ղեկավարության մոտ, որը, ընտրված լինելով Արցախի ժողովրդի կողմից, ունի վերջինիս շահերը ներկայացնելու համապատասխան մանդատ։

Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Պատասխան. Ինչ վերաբերում է Հայաստանին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` առանց որևէ սահմանափակումների համարվում է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի գլխավոր մոտեցումներից մեկը։

Հարց. Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ակտիվորեն համագործակցում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Տեսնում եք արդյո՞ք որոշակի երկիմաստություն սրա մեջ՝ հաշվի առնելով վերջերս հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը:

Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են:  Մեր հարաբերությունները բավական ընդգրկուն են, և մեր հարցազրույցի սահմաանփակությունը թույլ չի տա ներկայացնել հայ-ռուսական փոխգործակցության հարցերի ամբողջ շրջանակը, որը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ` փոխգործակցությունը անվտանգության հարցերում:  Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: Այսպիսով, այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել:

Հարց. Բայց ճիշտ է արդյո՞ք, որ ռազմական համագործակցությունը սկսեց ընդարձակվել հուլիսյան սրացումից հետո:

Պատասխան. Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա: Ռուսաստանը չի խախտում տարածաշրջանում հավասարակշռությունը: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

Հարց. Եվ Ձեզ չի անհանգստացնում, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է նաև Ադրբեջանի հետ։

Պատասխան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի. այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանը ամեն կերպ հզորացնում է իր ռազմական ներուժը ՝ փորձելով համոզել իր իսկ հասարակությանը և միջազգային հանրությանը, որ ունի ներուժ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Եվ դա մատուցվում էր այնպիսի լույսի ներքո, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների չսկսումը «զիջում» է Հայաստանին և Արցախին՝ փոխարենն ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»։ Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի անվտանգության համար:

Հարց. Դուք սա քննարկո՞ւմ եք ռուսական կողմի հետ:

Պատասխան. Իհարկե, մենք ռուսական կողմի հետ բաց ու անկեղծորեն քննարկում ենք բոլոր խնդիրները. մենք դաշնակցային հարաբերություններ ունենք:

Հարց. Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը, Անկարայի միանշանակ աջակցությունը Բաքվին «յուղ է լցնում կրակին» և հետաձգում հակամարտության լուծման հնարավորությունը:

Պատասխան. Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես է եկել բազմաթիվ կոչերով՝ ուղղված լարվածության թուլացմանը ու բռնությունների դադարեցմանը: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե թուլացնել լարվածությունը, այլ էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը, Թուրքիան էր: Թուրքիայի կողմից ապակայունացման և ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է հարևան բոլոր տարածաշրջանների համար, այդ թվում՝ Արևելյան Միջերկրականի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի համար։ Այսօր Թուրքիան փորձում է ապակայունացման այս քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Թուրքիան վարում է ոչ կառուցողական և վտանգավոր քաղաքականություն: Եվ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք ներկայացնել Հայաստանի անվտանգությանը: Այս առումով Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության միջոցով:

Հարց. Նախատեսում է Հայաստանն արդյո՞ք դիմել Ռուսաստանին զենքի նոր վարկ ստանալու համար: Եվ ե՞րբ Հայաստանը պատրաստ կլինի մարել զենքի և սարքավորումների գնման վարկը:

Պատասխան. Մենք ունենք համապատասխան ձևաչափեր և հարթակներ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման համար, որտեղ լուծվում են մեր փոխգործակցության բոլոր հարցերը: Ես չեմ մանրամասնի:  Ընդհանուր առմամբ, սա մի ոլորտ է, որն ունի իր ձևավորված հարթակը:

Հարց. Բայց Դուք պատրաստվու՞մ եք գնել ռազմական նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ։

Պատասխան. Մենք պատրաստ ենք անել ամենը` մեր երկրի պաշտպանունակության հետևողական ամրապնդման համար։ Ես արդեն նշեցի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։

Հարց. Երևանում շահագրգռվա՞ծ են Գյումրիի ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։

Պատասխան. Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր, որոնց վրա հիմնվելով էլ անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ ենք հետապնդում։ Ռազմական բազան, իր հերթին, ևս նպաստում է այդ նպատակին հասնելուն։

Հարց. Բելառուսում ստեղծված ներքաղաքական իրադրության առնչությամբ բազմաթիվ խոսակցություններ են շոշափվում այդ երկրին ՀԱՊԿ միջոցով օգնություն տրամադրելու շուրջ, կազմակերպություն, որին անդամակցում է նաև Հայաստանը։ Դուք այդպիսի զարգացումը թույլատրելի և հավանական համարու՞մ եք։

Պատասխան. Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և վերջինիս շրջանակներում դաշնակցային փոխօգնությանը, ապա այդ բոլոր հարցերը կարգավորվում են իրավապայմանագրային դաշտով, որն ամրագրում է անդամ պետությունների փոխգործակցության հստակ կանոնակարգումը, այդ թվում, անվտանգությանն ու փոխօգնությանն առնչվող հարցերը: Այստեղ մենք ապավինում ենք  ՀԱՊԿ իրավական դաշտին։

Հարց. Ենթադրենք, վաղը ՀԱՊԿ-ում քվեարկության դրվի Բելառուսին օգնելու անհրաժեշտության հարցը։ Հայաստանը կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի։

Պատասխան. Այսօրինակ հարց նախաձեռնելու գործում առանցքային դերը վերապահված է այն երկրին, որն էլ բարձրացնում է փոխօգնության հարցը։ Սակայն Բելառուսի կողմից այդպիսի հարց չի բարձրացվել։

Բելառուսը և Հայաստանը դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում և ունեն բավական հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք միասին աշխատում ենք բազմակողմ տարբեր հարթակներում։ Մասնավորապես, մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մասնակցում ենք ինտեգրացիոն գործընթացների։

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներին միավորում է ամուր բարեկամությունը։ Դա արտահայտվում է մարդկային հարաբերություններում։ Եվ իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում։

Հարց. Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ «թավշյա», ոչ բռնի հեղափոխությունից հետո:  Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարում է Բելառուսի ղեկավարին:

Պատասխան. Կասկած լինել չի կարող, որ ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին Բելառուսի ժողովրդի ձեռքում է: Հայաստանն անցել է իր ուղին, և այդ հիմքի վրա զուգահեռներ անցկացնելն այդքան էլ ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուր պարամետրեր, սակայն ընդհանուր առմամբ տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը ընդունելն ու գիտակցելն է, որ Բելառուսի ժողովուրն է իրավասու լուծել հարցը: Հուսով ենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով:

Հարց. Հայաստանը պաշտոնապես ճանաչում է արդյո՞ք Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ ղեկավար։

Պատասխան. Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կլուծի այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափերում։

Հարց. Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը իջեցնելու խնդրանքով: Ի՞նչ եք կարծում, «գազի» հարցը կարո՞ղ է վնասել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին:

Պատասխան. Էներգետիկայի խնդիրները, գազի մատակարարման հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկու դաշնակից պետությունների բավական լայն օրակարգ ունեցող  երկկողմ հարաբերություններում: Մենք ունենք ընդհանուր օրակարգ՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման վերաբերյալ, և միասին աշխատում ենք դրա շուրջ։ Մենք ունենք բանակցելու և համաձայնության հասնելու լավ ներուժ:  Ամենակարևորը համաձայնության հասնելն է:

Հարց. Այսինքն, այսօր կա՞ փոխըմբռնում: Ի՞նչ արդյունքներ ունեցան բանակցությունները:

Պատասխան. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես լիովին համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայության։ Դա տեղի է ունենում միջկառավարական հանջնաժողովների մակարդակով, և կարծում եմ, որ համաձայնության գալու հավանականությունը բավական բարձր է։

Հարց. Հուլիսին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հայտարարեց, որ Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը։ Հիմա նման քննարկումներ տարվու՞մ են, և ինչպե՞ս եք գնահատում դրանց հաջողությունը։

Պատասխան. Ատոմակայանի վերազինումը մտադիր ենք իրականացնել մեր բյուջետային միջոցների հիման վրա։ Եվ այս առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հենց այն պրիզմայից, որ վերոնշյալ գործողությունն  անում ենք մեր սեփական միջոցներով։

Քննարկումները շարունակվում են: Մեր երկու պետություններն ունեն հստակ շահեր, խորը հարաբերություններ, ունեն համաձայնության հասնելու ներուժ: