Գյուղապետարանների աշխատողները համալրելու են գործազուրկների շարքերը. արտագաղթի և աղքատության խորացման նոր խթան

Լուրեր

14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Բոլորը

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո միավորված համայնքներում սկսվել է ինքնակառավարման մարմինների վերակազմավորման գործընթաց։ Նոյեմբերի 10-ին գյուղապետարանների աշխատողները վայր դրեցին լիազորությունները։ Նրանց մեծ մասը առաջիկայում հայտնվելու է գործազուրկի կարգավիճակում։ Նրանք արդեն աշխատանք են փնտրում։ Խոշորացված համայնքների նորընտիր ղեկավարները խոստացել են, որ յուրաքանչյուր համայնքում 2-3 աշխատող կլինի։ Նախկին գյուղապետերը շարունակելու են աշխատել որպես խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարի լիազոր ներկայացուցիչ։ Նրանց հնարավորություն կտրվի մեկ-երկու աշխատողներ պահել՝ ըստ անհրաժեշտության։ Մյուսներն «ընկնում են» կրճատման տակ։ Նախկին գյուղապետարաններում այժմ ընկճված մթնոլորտ է տիրում։ Աշխատողները դիմումներ են գրել լիազորությունները վայր դնելու մասին։

Տղամարդիկ կարտագաղթեն, կանայք կնստեն տանը

Երեկ խոշորացված Օձունի համայնքապետարանում նախկին գյուղապետերին հրավիրել էին ժողովի։ Նրանց ասվել է, որ յուրաքանչյուրը երկու-երեք լիազոր ներկայացուցիչ ընտրի։ «Առայժմ հստակ չի, թե քանի հաստիք է լինելու, – ասում է Արդվիի նախկին գյուղապետ Սամվել Կիրակոսյանը: – Հնարավոր է, որ մեր գյուղում երկու լիազոր ներկայացուցիչ լինի, գումարած քարտուղար։ Մեկ անասնաբույժը կարող է երկու-երեք գյուղ սպասարկել։ Այս պահին անորոշությունն ամենամեծ գործոնն է»։

Արևածագը Լոռու մարզի մեծ գյուղերից է, 630-640 ընտրող ունի։ Գյուղապետարանն 9 աշխատակից ուներ, որոնցից թողնելու են երկուսին։ Թե ում, նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանը չգիտի։ «Ես էլ եմ սպասում, թե ինչ է լինելու, – ասում է նա: – Բոլորը՝ հավաքարարով, բանվորով, աղբ հավաքողով, դիմում են գրում, ազատվում են։ Երկուսը աշխատելու են, մյուսները մնալու են դռանը, պարապ։ Տղամարդկանց գործը հեշտ ա, կգնան Ռուսաստան, խոպան, կնանիք չեն կարա գնան»։

Կարմիր Աղեկ գյուղն էլ, որ Օձունից մոտ 9 կմ է հեռու, ընդամենը 171 բնակիչ ունի։ Երկուսը գյուղապետարանի աշխատողներ էին։ Երրորդն ինքը՝ գյուղապետ Վաչագան Հովհաննիսյանն էր։ Նա հպարտանում է, որ իր մոտ կրճատում չի լինելու, աշխատողներն առանց այդ էլ քիչ էին; «Ինչ տարբերություն, մեծ է համայնքը, թե՞ փոքր։ Մենք սովոր ենք երեքով ամբողջ աշխատանքը անել, ուրիշները 5-6 մարդով էին անում։ Մենք էն ժամանակ էլ գիտակցել էինք, որ մեր բյուջեն փոքր ա, հիմա նույն կազմով էլ կաշխատենք»,- ասում է Հովհաննիսյանը։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը factor.am-ի հարցին, թե քանի հաստիք է տրվելու միավորվող գյուղերի աշխատակազմերին, պարզաբանեց․ «Հաստիքացուցակ կոնկրետ չկա։ Համայքների վերակազմավորման մասին կառավարության որոշման համաձայն, իրենք պետք է իրենց կառավարման փոփոխություն անեն, որոշեն իրենց ինչ աշխատողներ են պետք, ըստ անհրաժեշտության, ըստ դրա հաստատեն իրենց հաստիքացուցակները և սկսեն ընդունել աշխատանքի։ Ամսի 10-ի դրությամբ համայնքների ղեկավարներին նախապես ծանուցագրեր են ուղարկվել, բոլորը ազատված են աշխատանքից»։

Ըստ Արթուր Նալբանդյանի, առաջիկայում կկայանան համայնքային աշխատողների մրցույթներ և կորոշվի, թե ովքեր են աշխատանք ստանալու։ Հարցին, թե արդյոք համայնքներում գործազրկության աճ չ՞ի լինի, Արթուր Նալբանդյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում։ Այդ մասին խոսելը դեռ վաղ է»։

Երկու աշխատողի համար ի՞նչ հավաքարար

Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը վստահեցնում է, որ ֆինանսական առումով կրճատումները մեծ փոփոխության չեն բերելու, բայց սոցիալական հարց անշուշտ, կլինի։ «Համայնքների օպտիմալացման շրջանակներում ազատման, գործազրկության պրոցեսը գնալու է ամեն դեպքում։ Պետք է աշխատենք, որ ցավոտ չլինի։ Ամսի 17-ին ավագանու առաջին նիստն է լինելու։ Մինչ այդ որոշելու ենք, թե ով է մնալու աշխատի», – ասաց նա։

Շորժայի գյուղապետարանում 5 աշխատող կար՝ հավաքարարին էլ հաշված։ Կառավարության որոշմամբ սահմանված վերաձևակերպումից հետո մնալու են երկուսը՝ վարչական տարածքի ղեկավար և օպերատոր։ «Մի հատ էլ հայեցողական պաշտոն կլինի, այսինքն՝ ոչ համայնքային ծառայող։ Կարող ա հավաքարար, կամ պահակ լինի»։ Հիմա հավաքարա՞ր, թ՞ե պահակ։ «Դեռ չգիտեմ: Դե, եթե մի տեղ երկու աշխատող է լիելու, էլ ի՞նչ հավաքարար, կամ պահակ։ Մեզ էլ դեռ շատ բաներ պարզ չեն»։

«Յուրաքանչյուր ընտանիքում ամսվա վերջ մի հույս կմնար»

Շիրակի մարզում նույն անորոշությունն է։ Անի խոշորացված համայնքին միացած Շիրակավանի գյուղապետը՝ Մարատ Մկրտչյանը, սպասում է շրջաբերականի։ «Հիմա գյուղապետարանում մենակ նստած եմ։ Պետք է գան, ընդունում-հանձնում կատարեն»։ Նա 7 աշխատող ուներ, որոնք ստանում էին 55-ից 90 հազար դրամ աշխատավարձ։ «Գյուղում դա մեծ գումար է, եթե տրանսպորտի փող չես տալիս, ընդմիջմանը գնում ես տուն՝ հաց ուտելու։ Յուրաքանչյուր ընտանիքում ամսվա վերջ մ ի հույս կմնար։ Իսկ հիմա դա էլ չի լինելու։ Չգիտեմ, ինչքան մարդ կթողնեն, հույս ունենք, որ մարդիկ կաշխատեն, առաջ չանցնինք, այս շավբաթվա մեջ պարզ կլինի արդեն», – ասաց նա։

Անիին միացած մեկ այլ գյուղի՝ Զորակապի նախկին գյուղապետ Զարզանդ Սահակյանն էլ, որը գյուղապետ աշխատելու երկարամյա ստաժ ունի և դեռ մեկ տարի առաջ էր պաշտոնանկ արվել, իր գործազուրկ համագյուղացիների համար երկու ելք է տեսնում. «Կամ անասնապահությամբ կզբաղվեն, կամ կգնան արտագնա աշխատանքի»։

Հ․Գ․ Դեռևս 2011 թվականին, երբ կառավարությունը սկսել էր մշակել համայքների խոշորացման հայեցակարգը, ուսումնասիրել էին գյուղապետարանների ծախսերը և եկել էին եզրակացության․ միջոցների 90 տոկոսն ու ավելին ծախսվում է համայնքներում աշխատանքի վարձատրության և սոցիալական ապահովության վրա։ Խոշորացման ռիսկերի թվում նշվում էր գյուղապետարանների աշխատանքը կորցնող անձնակազմի դժգոհությունը, «փոքր բնակավայրերի բնակիչների հնարավոր արտահոսքը դեպի խոշոր բնակավայրեր»։ Այս հայեցակարգով կառավարությունը, փաստորեն, ընդունել է, որ համայքների խոշորացման գործընթացը կարող է բերել արտագաղթի աճի։ Էլ ու՞ր մնաց Սերժ Սարգսյանի 4 միլիոնանոց Հայաստանը։

Սյուզան Սիմոնյան