Աշոտ Ղուլանի արձագանքը բանակցությունների բովանդակության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Աշոտ Ղուլանի արձագանքը բանակցությունների բովանդակության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին

Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.

  1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
  2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
  3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:
  4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
  5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր.

«Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Վերջերս լրատվականներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը, որ կետում է թողել բանակցությունները։ Ու նախորդ իշխանությունների կողմից դրա վերաբերյալ հերքում չեղավ։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ է թողել.

Պարբերություն առաջին՝ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը՝ Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցք։

Հաջորդ կետը՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն ու կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Տարածաշրջանում՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2-րդ՝ վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված 5 շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներն այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն երեք՝ միևնույն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ մինչ վերջնական կարգավորման որոշումը ԼՂ-ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործության կազմակերպումը։

Սա ըստ այս հրապարկման այն ժառանգությունն է, որը եղել է սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք։ Որ պահին ՀՀ-ն այս նույն կետից ուզենա շարունակի բանակցությունները՝ միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն, այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Արցախի ժողովուրդն ասի այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Հայաստանի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է՝ ձեզ խաբում են։ Եթե Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կորոշեն, որ սա է բանակցությունների հիմքը, որ սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Հիմա ես առաջարկում եմ և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն, սա իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։

Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան, որովհետև երբ ես դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով։ Իմ պատասխան տեքստը եղել է 2019 թվականի մարտին՝ Ստեփականերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Եվ ուզում եմ ասել, որ ՀՀ որևէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսի է մեր կառավարությունը և ես անձամբ։

Բայց Արցախի նախագահի ընտրություններում բոլոր թեկնածուները պիտի ասեն, իրենց համար այս ժառանգությունն ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Իրենք մտածում են, որ ՀՀ վարչապետը այսօր պիտի որպես ժառանգություն սա վերցնի ու շարունակի՞ բանակցությունները, թե՝ ոչ։ Ընդ որում, երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի պրոբլեմ չի լինի՝ ընդհակառակը»,- եզրափակեց վարչապետը։