ԱԱԾ պարապության և բարեփոխման անհրաժեշտության մասին. ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Մի խումբ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ-ի հայտարարության հետ, ըստ որի՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ԱԱԾ-ի հասցեին արված քննադատությունը որակվել է որպես վիրավորանք:

«Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 10-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ԱԱԾ-ի հասցեին արված քննադատությունը որակել է որպես վիրավորանք, զրպարտություն, մոլորեցնող, ապատեղեկացնող, սուտ, «անպատեհ ցասումի պոռթկմամբ» ինքնահաստատման փորձ եւ կոչեր է արել «…արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝  պետական կարեւորագույն կառույց վարկաբեկելով, եւ, անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»։

Մի կողմ թողնելով հանրային մարմնի կողմից նման ձևակերպումներով հայտարարություն տարածելու էթիկական կողմը և ԱԱԾ-ի կողմից այդպիսի որակումներ տալու իրավաչափության քննարկումը, դիմելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջում ենք.

Հանձնարարել ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել Հայաստանի ազգային անվտանգությունը վտանգած հետևյալ երևույթներով.

1.      Բացահայտել 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականների նախագահական, խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեների ընթացքում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքները կազմակերպողներին եւ իրականացնողներին:

2.      Բացահայտել 2004 թ. ապրիլի 12/13-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների շուրջկալի եւ զանգվածային ծեծի կազմակերպիչներին եւ իրականացնողներին:

3.      Ամբողջությամբ բացահայտել 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում խաղաղ ցուցարարների դեմ զանգվածային ծեծի, խոշտանգումների, գնդակահարությունների, անօրինական հետապնդումների, ազատազրկումների կազմակերպիչներին եւ իրականացնողներին:

4.      Ուսումնասիրել 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների և կազմակերպիչների հետ կապված՝ օդում կախված լուրերը, այդ թվում՝ դրանց ԱԱԾ մասնակցության ու անգործության մասով:

5.      Ստուգել, թե ինչ մեխանիզմով եւ ովքեր են իրականացրել Հայաստանից 2004-2013 թթ. ավելի քան 10 մլրդ դոլարի ապօրինի տարհանումը:  

6.      Ուսումնասիրել 1991 թվականից ի վեր Հայաստանի հանքային հարստությունները չնչին գներով հայաստանյան եւ անդրսահմանային կորպորացիաներին օտարելու մեխանիզմները, մեղավորներին եւ պարզել երկրին հասցված նյութական վնասի չափը:

7.      Բացահայտել ԱԱԾ ծառայողների կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման դեպքերը: Մասնավորապես՝ երբ դրանք կատարվել են ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչների վրա ապօրինի ներգործության նպատակով:

8.      Ուսումնասիրել ԱԱԾ բազմաթիվ պաշտոնատար անձանց անհասկանալի և կասկածահարույց կերպով հարստանալու օրինականությունը:

9.      Բացահայտել նախկինում այս դեպքերի քննությանը խոչընդոտողներին: Այդ թվում՝ այն անձանց, որոնք ԱԱԾ-ին խոչընդոտել են իրականացնել քննությունը:

 

Պահանջում ենք պարբերաբար հանրամատչելի կերպով իրազեկել հանրությանը վերոհիշյալ հանցագործությունների բացահայտման աշխատանքների մասին:


Այս եւ այլ պահանջներ հանրությունը ունեցել է տարիներ շարունակ, սակայն ԱԱԾ-ն դրսեւորել է բացարձակ անգործություն: Հիմա ճիշտ ժամանակն է բացահայտելու այս հանցագործությունները, այդ թվում՝ ԱԱԾ-ի ուժերով, որպես ազգային անվտանգությունն իսկապես ապահովող ծառայություն: Առանց այս ուղղությամբ իրական, ողջամիտ եւ շոշափելի ջանքերի, ԱԱԾ հայտարարությունները համարում ենք աչքակապություն, մերկապարանոց, զվարճալի եւ քաղաքական զեղծարարություն:

 

ԱԱԾ ղեկավար աշխատակազմին, ՀՀ կառավարությանը կոչ ենք անում հրատապ ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման, աշխատակիցների քննազտման քաղաքականության մշակման եւ ներդրման ուղղությամբ՝ այն հաշվով, որ այդ համակարգը դառնա անհրաժեշտ եւ բավարար չափով բաց, հաշվետու հանրությանը եւ կարողանա այդուհետ սպասարկել միայն ազգային անվտանգության հետ կապված ողջամիտ շահերը եւ ոչ թե զբաղվի իրեն տհաճ քննադատություններին պատասխան տեքստեր գրելով:

 

ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ անդրադառնալ իրավունքի եւ օրենքի կոպիտ խախտման մասին ԱԱԾ ինքնախոստովանությանը, մասնավորաբար՝ հրատապ արձանագրել ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կատարված մարդու իրավունքների կոպտագույն եւ զանգվածային խախտման փաստը եւ դրա հիման վրա սկսել թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ հետաքննումն անցումային արդարադատության մեխանիզմ կիրառելով: 


ՀՀ Ազգային ժողովին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերին կոչ ենք անում չանտեսել եւ չհետաձգել ԱԱԾ համակարգի արմատական մաքրման եւ բարեփոխման հրամայականը, հակառակ դեպքում մեծ է ռիսկը, որ այս համակարգը մնալու է հանրությունից փակ, հանրության կասկածները մնալու են չփարատած, որ ԱԱԾ-ն եղել է պետության զավթման տեւական շրջանի սպասարկու համակարգ, որը երբեւէ կարող է օգտագործվել ըստ պատեհության եւ կարիքի՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ ազատ քաղաքացիների:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»»