Ապրիլյան պատերազմի չբացահայտված կողմը. հետախուզությունը տեղեկացրե՞լ է ադրբեջանական հարձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Շուրջ 800 հեկտար տարածքային կորստի, հարյուրավոր զոհերի ու վիրավորների հանգեցրած Ապրիլյան պատերազմի բազմաթիվ դրվագներ հայաստանցիների համար այսօր էլ մնում են մութ և չբացատրված։ Նախկին ու ներկա պաշտոնյաների՝ մեկը մյուսին հակասող հայտարարությունները ծնում են նոր հարցեր ու կասկածներ։ Մասնավորապես, այս օրերին կրկին արդիական դարձավ հարցը՝ արդյոք հայկական կողմի համար անակնկա՞լ է եղել ադրբեջանական հարձակումը, հաշվի առնելով փաստը, որ զոհերի մեծ մասը հայկական ԶՈՒ-ն տվել է պատերազմի առաջին օրը։ Այն, որ պատերազմն անակնկալ էր, 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ի ամբիոնից ընդունել է Սերժ Սարգսյանը, բայց և իրեն հատուկ դիվանագիտությամբ նկատել, թե մյուս կողմից՝ պատերազմը անակնկալ չէր՝ ակնարկելով իր ունեցած հույսը, որ Ադրբեջանը չի անի 2 կողմի համար վնասակար քայլեր։ Իսկ ահա Հայաստանի նոր ղեկավարը՝ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսեց ավելի բաց, անցած տարեվերջին հօդս ցնդեցնելով պատերազմի անակնկալ լինելու թեզը ու այն վարկածը, որ հետախուզությունը հարձակման վերաբերյալ տվյալներ չի ունեցել։

«Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։ Քառօրյա պատերազմի մեկնարկից առաջ մի ամիս ադրբեջանական կուտակում ա եղել ամբողջ շփման գծի երկայնքով և դրա իմացել են բոլորը»,- ասել է վարչապետը։

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց Պաշտպանության նախարարի տեղակալ նշանակված Արտակ Զաքարյանը օրերս Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, թե Ապրիլյան պատերազմը անակնկալ էր ու այն, որ պատերազմից առաջ ադրբեջանական զորք էր կուտակվում սահմանին, պարտադիր չէ նշանակեր, թե ադրբեջանցիները մարտական գործողությունների են պատրաստվում։

«Ես պնդում եմ, որ այո՛, հետախուզությունը չի ահազանգել հարձակման․․․ հարձակումը եղել է անակնկալ, հարձակումը անակնկալ բոլոր կողմերի համար․․․ բոլոր տիպի հետախուզությունների համար»,- ասաց Զաքարյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարը հորդորում է վարչապետ Փաշինյանին՝ ապացուցել իր պնդումները, թե Ապրիլյան պատերազմի մասին հուշող հետախուզական տվյալները առկա են եղել։ Ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու նպատակով ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարմանքով արձագանքեց Արտակ Զաքարյանի այս հայտարարությանը. «Ես ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել, եթե անակնկալ չլիներ, հաստատ մենք կլինեինք այլ վիճակում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարները պետք է անակնկալի չգան, միշտ պատրաստ լինեն։ Եթե մենք շարժվենք այդ վարկածով, որ անակնկալ էր, էդ դեպքում ո՞նց են գնահատում հակառակորդի հնարավոր հարձակման ուղղությունները, դրանց ելքերը։ Ո՞նց անակնկալ էր»։

Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ առաջնագծում շարքային զինվորի համար ռազմական գործողությունները եղել են անակնկալ։ Այդ մասին վկայում է, թե՛ առաջին օրվա զոհերի մեծ թիվը, թե՛ տարածքային կորուստը։ Բայց Հովհաննիսյանը միանշանակ չպնդեց, որ հետախուզությունը տեղեկացված էր մոտալուտ հարձակման մասին, ասաց՝ դա կարող են անել միայն գաղտնի փաստաթղթերին տեղյակ պաշտոնյաները։ Ըստ ռազմական փորձագետի՝ տեսականորեն հնարավոր է, որ Զինված ուժերի որոշ օղակներում թերացումների հետևանքով վերահաս հարձակման մասին տեղեկությունները բավարար չափով չմշակվեին ու առաջնագիծը չպատրաստվեր մարտական գործողությունների․ «Պարտադիր չէ շարքային կազմի բոլոր զինծառայողներին հետախուզական տվյալները ուղարկել, եթե այդ մակարդակում ուղարկես, հակառակորդն էլ կիմանա։ Գաղտնի տեղեկատվությունը ամեն մեկին ուղարկելու համար չէ, այլ՝ համապատասխան օղակներին ուղարկելու համար, որոնք գործողությունները մշակում են։ Այո՛, առաջնագծի զորամասերը չեն իմացել, որտե՞ղ է եղել թերացումը, բարդ է ասել, ինչ ծավալի հետախուզական տվայլներ ենք ունեցել, բարդ է ասել։ Եթե հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ենթադրենք այդ օղակներից մեկում թերացումներ եղել են, ես կարծում եմ՝ էս հարցը պարտադիր պետք է պարզաբանվի։ Եթե այդպես եղել է, մեղավոր օղակները պետք է պատասխանատվություն կրեն»։

Ապրիլյան պատերազմից հետո առաջնագիծը մեծ փոփոխություններ է կրել, ասաց ռազմական փորձագետը՝ հայկական դիրքերում ընթացել է տեխնիկական զինման մեծ աշխատանք։ Կա Ապրիլյան պատերազմի սանձազերծման աշխարհաքաղաքական վարկած, որը հանձնաժողովի ստուգման կարիքն ունի։ Ըստ վարկածի հեղինակների՝ սպասվող ռազմական գործողությունների շուրջ գոյություն է ունեցել պայմանավորածություն Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև, ինչը ենթադրում էր ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների գրավում և խաղաղության պայմանագրի ստորագրում ի վնաս Հայաստանի և Արցախի, ինչը ենթադրում էր տարածքային մեծ զիջումներ։ Բայց հայ զինվորականների դիմադրությունը խափանել է այս ծրագիրը։ Այս վարկածի հիմք է ծառայում մինչ օրս շրջանառվող այն տեղեկությունները, որ 2016-ին մոտալուտ պատերազմի մասին հետախուզական տվյալները չեն փոխանցվել առաջնագծի զինծառայողներին։ Սա կարող է հաստատել ապրիլի 1-2-ի գիշերը նկարահանված այս տեսանյութը, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական մի դիրքի վրա, սակայն պաշտպանության անցնելու հրաման չի լինում։ Պատերազմից հետո այս տեսանյութը հրապարակած քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ պատերազմի օրերին ռազմական դրություն, ինչպես և համազգային մոբիլիզացիա չհայտարարելը հիմք են տալիս կարծելու, որ Հայաստանի իշխանությունն իմացել է ադրբեջանական հարձակման մասին․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը՝ քաղաքական, հետախուզական մակարդակով, տեղեկացված է եղել հնարավոր հարձակումների մասին և ռազմական հետախուզությունը նույնպես տիրապետել է իրավիճակին։ Եթե անակնկալ լիներ, Հայաստանում ռազմական դրություն կմտցնեին, և մոբիլիզացիա կհայտարարվեր, եթե չի եղել, ուրեմն տեղեկացված են եղել։ Արտակ Զաքարյանը միգուցե ճշգրիտ չի գնահատում իրավիճակը։ Հակառակ դեպքում, պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվել»։

Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության կողմից և նպատակը ևս նախապես պայմանավորված էր՝ լոկալ ռազմական գործողությունների շղթայով հող ստեղծել տարածքային զիջումների։ Ամենևին, ըստ նրա, պատահական չէ, որ ունենալով հետախուզական տվյալներ՝ հայկական զորքը չի պատրաստվել հարձակման ու կրել է մեծաթիվ կորուստներ։ Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ակտիվ հանդիպումներ տեղի ունեցան, որոնք նպատակաուղղված էին շրջանակային համաձայնագրի ստորագրման։

«Այդ գործընթացը լուրջ արագություն ստացավ և դրանից հետո հունիսի 20-ին տեղի ունեցավ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը, հաջորդ հանդիպումը պետք է օգոստոսին լիներ և եթե ՊՊԾ գնդի գրավումը չլիներ, կա կարծիք, որ մինչև տարվա վերջ շրջանակային համաձայնագիրը կլիներ ստորագրված։ Հայաստանի իշխանությունները պատրաստ էին գնալ զիջումների վրա հիմնված համաձայնագիր ստորագրելու, իսկ մեր ժողովուրդը պատրաստ էր գնալ պատերազմ»,- ասաց քաղաքագետը։

Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունն էր գլխավոր պատճառը, որ 2018 թվականին հայաստանցիները դուրս եկան փողոցներ, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը կորցրեց պաշտոնը։ Այդպիսով, հայ ժողովուրդը մերժեց Արցախի հարցում զիջողականության գաղափարը։

Ռոբերտ Անանյան