Զոն նայողների դեմ՝ օրենքի հետքերով. Արմավիրի բանտը մեծ անհնազանդությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.11.2019 | 20:30Սա 4 տարվա պատմություն ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն է, ուր պահվում է մոտ 700 ազատազրկված անձ։ Ծիծեռնակի բնի մոտ՝ պատից կախ տեսախցիկը հուշում է՝ տեսագրվում է ամեն քայլ։ Մուտքը ռեժիմային գոտի միայն թույլտվությամբ՝ առանց հեռախոսի և վառ ծխախոտի։
Երկու ամիս առաջ, ճիշտ է՝ ոչ «Նուբարաշենի» բանտի ուժգնությամբ, բայց «Արմավիրում» էլ անդորրը խախտվել էր։ Անհնազանդներին դուր չէր եկել կառավարության կողմից օրինագծի ընդունումը։ Այսպես՝ օրինագծով քրեական միջավայր ստեղծելու և ղեկավարելու համար խիստ պատիժ է սահմանվում՝ 4-ից 15 տարվա ազատազրկում։ Հիմնարկի պետ Գերասիմ Գևորգյանը երաշխավորեց, որ Արմավիրում օբշակ հասկացողություն այլևս չկա, բայց «զոն նայողների» հարցում, կարծես, այդքան էլ համոզված չէ․ «Երեք մարդ եթե գցեն անմարդաբնակ կղզի, երեքից մեկը անպայման իրենց լիդեր է լինում, ու պատկերացրեք՝ 180 հոգու մեջ անպայման, ինչ ուզում է լինի, լիդեր ընտրվում է»։
ՔԿՀ-ի հիմնարկի պետի տեղակալն ասում է՝ բունտ չէր, ընդամենը դատապարտյալների մոտ մտահոգություն կար։ Պատմում է՝ վերջերս հացադուլներ են եղել՝ դժգոհությունը պահման պայմաններից, սննդի որակից, օդափոխությունից էր: «Վերանորոգում ենք երկարատև տեսակցության բոլոր սենյակները՝ բոլորը լինելու են հավասար ձևով, հավասար պայմաններում»,- ասաց Գևորգ Սիմոնյանը։
Իսկ բանտապետը վստահեցնում է, որ բանտում այսօր մտածողություն է փոխվել այն բանից հետո, երբ «զոն նայողների» դեմ օրինագծի մասին բացատրական աշխատանքներ տարան։ Պատմել են, թե անհավասարություն սերմանողների համար ինչ հետևանք կունենա նոր օրենքը։
«Իրենք հետևանքների մասին արդեն գիտակցում են։ Օրենքը գործելու դեպքում իրենք կդատվեն, իսկ այսօր բոլորն էլ ցանկանում են վերադառնալ ընտանիք»,- ասաց Գերասիմ Գևորգյանը։
Իսկ իրականում ի՞նչ կարծիք ունեն քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի մասին կալանավորները։ Ինչպես և սպասվում էր, գրեթե բոլորը ուղիղ պատասխանից խուսափեցին: «Ախր չեմ հասկանա ինչի մասին․․․ էդ մեր խոսալու բանը չի, հարազատ ջան, մեր խոսալու բանը չի»,- դռան հետևից ասաց մի կալանավոր։
Այս թեմայով հարևան խցերի կալանավորները ևս լուռ են։
«Օբշակի» օրենքների համաձայն՝ ազատազրկվածներից պարբերաբար գումարներ են հավաքվում, որը գնում է թե՛ զոն նայողների, թե՛ բանտի ղեկավարության գրպանը։ Այդպիսով՝ կաշառքը միջոց է ծառայում, որ բանտում որոշները արտոնյալ դիրք զբաղեցնեն մյուսների նկատմամբ։ Մոտ 40 օր առաջ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Կոշ» ՔԿՀ-ի պետն ու ևս 2 անձ։ «Արմավիրի» 3 ամսվա պետը գործընկերոջ մասին ոչինչ չի ասի, իսկ իր մասով հստակեցնում է․ «Ես վստահեցնում եմ, որ չկա նման բան»։
Ինչպես և նախկինում, այսօր էլ, դատապարտյալների մեծագույն խնդիրը մնում է վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը։ Նախկինում անկախ հանձնաժողովն էր որոշում վաղաժամկետի հարցը, ասում են՝ կոռուպցիոն լուրջ ռիսկեր կային։ Այժմ դատապարտյալի մասին կարծիք են տալիս Պրոբացիոն ծառայությունը և Քրեակատարողական հիմնարկը։ Ստացված բալերը հաշվի առնելով՝ դատարանը վճռում է՝ վաղաժամկետ ազատե՞լ, թե՝ ոչ։ Արդեն 5 տարի ազատազրկված մի դատապարտյալից հետաքրքրվեցինք՝ արդյոք լիարժեք գործո՞ւմ է վաղաժամկետ ազատման ինստիտուտը։ Ասաց՝ իր դեպքում օբյեկտիվ են գնահատել ու շուտով ազատ կարձակվի․ «Սկսել է գործել, առաջվանից անհամեմատ ավելի լավ է գործում։ Դժգոհությունը մենակ իմը չի, բոլորինն ա, բայց արդեն պրոբացիայի ծառայությունը սկսի գործել, լսեն մարդկանց, բալային համակարգը աշխատի, արդեն առավելություն կունենան դատապարտյալները»։
Որպեսզի դատապարտյալի վարքը դրական համարվի, նա պետք է ընդգրկվի նաև կրթական, ստեղծագործական աշխատանքների։ Միքայել Մարտիրոսյանը, օրինակ, խեցեգործություն է սովորել բանտում․ «Պարզապես մտահղացում ա, ձևավորում եմ։ Գլուխգործոց չի։ Նախշում եմ, զարդարում եմ»։
«Արմավիր» ՔԿՀ-ում այսօր արդարադատության նախարարին ու լրագրողներին էին հյուրընկալել, առիթը՝ սննդի մատուցման նոր համակարգ է ներդրվել։ Ճիշտ է ծրագիրը պիլոտային է։ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների դատապարտյալներն ու կալանավորները՝ շուջ 1090 անձ, արդեն 15 օր է՝ ուտում են ուտելի սննդամթերք։
Ըստ պայմանագրի՝ «Արտլանչ» ընկերությունը 70 օր սնունդ կմատուցի։ Մենեջերը վստահեցրեց՝ չեն բողոքում դատապարտյալները, չկա մեկը, որ նոր խոհանոցից չօգտվի։ Ուտելիքը պատրաստում են բանտի խոհանոցում։ Այս տիկնայք, որ նոր են աշխատանքի անցել, մայրաքաղաքային աղցան են պատրաստում: «Պատրաստում ենք այնպես, ինչպես տան համար ենք պատրաստում, բնական մթերքներով»։ Իր երեխային կտա՞, որ այս ուտելիքը ուտի, հարցին պատասխանեց․ «Այո, մենք իրենց հետ ուտում ենք էստեղ»,- ներկայացրեց աշխատակից Արմինե Վարդանյանը։
Դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանը պատմեց․ «Երբ անցյալի ճաշերը տեսել ենք, առավոտ և երեկոյան՝ ցորեն, հիմա իրոք լավ փոփոխվել ա: Ամեն անգամ տարբեր բաներ են տալիս, բողոքելու տեղ չկա»։
Նախարար Ռուստամ Բադասյանը և փոխնախարար Սրբուհի Գալյանը ևս համտեսեցին այն սնունդը, ինչ կտրվի դատապարտյալներին։ Նախարարն ասաց՝ մտադիր են մինչև 2021 թվականը հաստատապես բոլոր ՔԿՀ-ներում ներդնել նոր համակարգը. «Եթե թվային նայենք, մինչ այս մեկ բանտարկյալի մոտ 980 դրամի շրջանակում է սնունդը, հիմա՝ 1400 դրամ է։ Առաջին տպավորությունն այն է, որ թանկ է, բայց եթե հաշվի առնենք սառնարանային տնտեսության, պատրաստման ու այլ ծախսերի կրճատումը, գրեթե նույն թիվն է, սակայն որակը բոլորովին տարբեր է»։
Դատապարտյալների հարազատներին չեն կարող արգելել հանձնուք բերել, բայց և սննդի մատակարարման նոր համակարգը հանձնուքի ծավալի կրճատմանն է միտված, հավաստիացրեց նախարարը։ Թեև 15 օր է, սննդի նոր համակարգ է ներդրված, ընդունարանում ականատես եղանք սննդամթերքով լի տոպրակների։ Իսկ հարազատներից մեկը պատմեց, թե ինչու են սնունդ բերել. «Իմ ամուսինը բանտի սնունդը չի ուտում ընդհանրապես, իրեն միշտ էլ սնունդ բերել ենք»։
Ի դեպ, պետությունը մտադիր է հրաժարվել «Նուբարաշենի» բանտից։ Դիտարկվում է Սիլիկյան թաղամասում նոր ՔԿՀ կառուցելու հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան