Ռազմական ագրեսիա Սիրիայի դեմ. փորձագետները բացահայտում են Թուրքիայի արյունոտ նպատակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
Բոլորը

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի տարածք։ Կառավարության նիստը սկսելով՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռազմական գործողությունը էլ ավելի կխորացնի մարդասիրական ճգնաժամը. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Հոկտեմբերի 9-ից Թուրքիան ավիահարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիս-արևելյան բնակավայրերին՝ գործողությունն անվանելով «Խաղաղության ակունք»։ Ծրագրված է զորքերը տեղաշարժել Սիրիայի տարածքի խորքը՝ մինչև 40 կիլոմետր։ Նպատակը, ըստ թուրքական կողմի, անվտանգության գոտու ստեղծումն է և սիրիացի փախստականների վերադարձը, ինչպես նաև «Իսլամական պետության» ու քուրդ զինյալների չեզոքացումը։

Թուրքիայի խաղաղասիրական նպատակներին, սակայն, մասնագետները չեն հավատում։ Արաբագետ Արաքս Փաշայանն ասում է. «Սա ագրեսիա է սիրիական պետության դեմ, ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ, խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչքան էլ թուրքերը փորձում են հիմնավորել, թե կռվում են ահաբեկիչների դեմ։ Այս տարածաշրջանում ապրում են տարբեր ազգային և էթնիկ փոքրամասնություններ, այդ թվում՝ հայեր, սա լուրջ սպառնալիք է տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար»։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ այսպես է մեկնաբանում. «Նպատակը ոչ միայն անվտանգության ապահովումն է, այլև այդ հատվածում թուրքական իշխանության հաստատումը, որն անհայտ է՝ ինչքան կարող է տևել, և Թուրքիան պլանավորում է այդտեղ կատարել դեմոգրաֆիական ինժեներիա, այսինքն՝ փոփոխել դեմոգրաֆիական կազմը՝ շուրջ 3 միլիոն սիրիացի գաղթականի տեղափոխել այդ բուֆերային հատված, ինչը նշանակում է՝ տեղի քրդական մեծամասնությունն այլևս մեծամասնություն չի լինի, և այդտեղ կստեղծվի յուրահատուկ սունիական գոտի, ինչը Թուրքիայի համար ավելի լոյալ գործոն է, քան եթե սահմանի երկայնքի երկու կողմում լինի քրդական հոծ բնակչություն»։

Հայերը՝ շուրջ 3.000 հոգի, Սիրիայի հյուսիս-արևելքում կենտրոնացած են Ղամիշլի քաղաքում, որը ևս ենթարկվել է հրթիռակոծության։ Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը հեռացել են դեպի Հասակե քաղաք: Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ հայերի շրջանում տուժաներ չկան։ Սիրիայի սահմանամերձ քաղաքների թուրքական գնդակոծման հետևանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20 մարդ: Թուրքայի ՊՆ-ն այսօր հաղորդել է, որ զորքերը շարժվում են Եփրատից արևելք ընկած տարածքներ, որոնք քրդական զորամիավորումների ազդեցության գոտի են։

«Կա նաև քրդական շրջաններում որոշակի մոբիլիզիացիա՝ ռազմական պատրաստվածության կոչեր են արվում և քրդերը՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, կարծես պատրաստ են դիմակայություն ցույց տալ։ Քրդերն իրենց հույսը դրել էին ամերիկյան օգնության վրա, և այս տարիներին ռազմատեխնիկական օգնություն են ստացել ամերիկյան կողմից, կա որոշակի զենք-զինամթերք, բայց որևէ կողմից քրդերը օգնություն չունեն»,- ասում է Արաքս Փաշայանը։

Էրդողանը հավաստիացրել է՝ ոչ մի քայլ չեն ձեռնարկի խաղաղ բնակչության դեմ։ Այդուհանդերձ, միջազգային արձագանքը դրական չէ: «ԱՄՆ-ն չի միջամտի թուրքական գործողությանը, բայց այն վատ գաղափար է և կարող է լրջորեն թուլացնել անվտանգության համակարգը, մեծ է ջիհադականների՝ ազատության մեջ հայտնվելու ռիսկը»,- հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը կոչ են արել այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստ անցկացնել: Իրանը ևս պահանջել է զորքերը դուրս բերել Սիրիայից։ Եվրամիության անդամ 28 պետություն Թուրքիային պահանջ է ներկայացնել՝ դադարեցնել ռազմական գործողությունները: «Ռազմական գործողությունները լավ բանի չեն հանգեցնի»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

«Թուրքական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում կարող է նոր դրամատիկ գլուխ բացել սիրիական պատերազմի պատմության մեջ։ Վնասը կարող է ծայրահեղ լուրջ և հեռուն գնացող լինել՝ մարդասիրական, քաղաքական և ռազմավարական առումով։ Կոչ ենք անում Թուրքային դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Իր հերթին՝ Էրդողանն է սպառնացել Եվրամիությանը՝ բացել ԵՄ-ի հետ սահմանը 3 միլիոն փախստականների առաջ։ Թուրքիայի գործողությունները դատապարտող խոսքերից այն կողմ, սակայն, գերտերությունները չեն անցնում։

«Թուրքական գործողությունները միջազգային իրավունքի, անվտանգության առումով լրջագույն խնդիրներ են ստեղծում, և կարելի է ասել, որ թուրքական ռազմական գործողություններին հակազդեցություն չկա։ Չի բացառվում, որ սիրիական բանակը քրդերի հետ որոշակի համաձայնությունների հասնելով՝ միջամտի։ Խոսակցություններ կան, որ սիրիական բանակն առաջ է շարժվում այդ տարածքներ»,- ասաց Արաքս Փաշայանը։

Դեռ անհայտ է՝ ինչքանով լայն ծավալներ կընդունի թուրքական «Խաղաղության ակունք» կոչվող գործողությունը. «Առաջին փուլում ես հակված եմ կարծել՝ այն ավելի սահմանափակ է լինելու՝ 10 կմ-անոց գոտու ստեղծմամբ, և հետո սպասել՝ ինչպես կզարգանան հետագա գործողությունները, արդյո՞ք կարիք կլինի էլ ավելի լայնամասշտաբ գործողության։ Զգալի թվով մարդկանց համար դա լինելու է բռնի տեղահանության և իրենց բնակավայրից հեռացման հարց, ինչը նշանակում է՝ այն կապ չունի խաղաղության հետ»։

Հայկական ստորաբաժանումները կշարունակեն մարդասիրական առաքելությունը Սիրիայում։ Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը մշակում են տարբերակներ, և եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, դա կկատարվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան