Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ
Հասարակություն
15.09.2019 | 14:05Տարվա իրավատոնը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը մեկնարկեց այս շաբաթ օրը, Երևանում ՝ «Ես կին եմ» թատերական ներկայացմամբ։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-20-ին, Երևանում և Վանաձորում՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով։
Հանրային, մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակի նպատակ ունեցող փառատոնի այս տարվա շրջանակներում տեղի կունենան թատերական ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, «Վիքիպեդիա Խմբագրաթոն», «սթրիթ-արթ», «վազքի մարաթոն», տոնական համերգ։
Փառատոնը մեկնարկեց կազմակերպության պատրաստած՝ ատելության խոսքի, դրա վտանգների ու կանխարգելման մեխանիզմների մասին պատմող տեսահոլովակով։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը փառատոնի բացման խոսքում նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է ատելության խոսքի կանխարգելմանը։
«Այսօր մարդկանց, խմբերի, վարքագծերի կամ գաղափարների միջև առկա տարակարծութունները հաճախ հանգեցնում են ատելության խոսքի տարածմանը, որը դրդում, խրախուսում կամ արդարացնում է անհանդուրժողականությունն ու անհանդուրժողականության վրա հիմնված ատելությունը։ Մինչդեռ պետք է մշտապես հիշել՝ հասարակությունը, որում ապրում ենք, բազմազան , անկախ մեր ընկալումներից մեզ շրջապատող մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայացքները, մոտեցումները, ապրելակերպն ու համոզմունքները։ Ուստի՝ ոչ ոք չի կարող հղում կատարել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին և բորբոքել ատելություն կամ քարոզել բռնություն»,- ասում է Բաղդասարյանը։
Փառատոնի պաշտոնական բացման արարողության հյուրերի շարքում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հիմնադիր Գայանե Աբրահամյանը։ Պատգամավորն իր խոսքում կարևորեց փառատոնի այս տարվա խորագիրը՝ նշելով, որ ատելության խոսքի դեմ պայքարը անհետաձգելի գործողություններից է ու առաջիկայում այս ուղղությամբ հստակ փոփոխություններ կարվեն։
«Շատ կարևոր է, որ այս տարի ընտրվել է հենց ատելության խոսքի թեման, քանի որ ատելության խոսքը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ սպառնալիք է դարձել։ Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և մարդու իրավունքների կոնվենցիան դրա սահմանափակման հստակ սահմանում է տալիս՝ ներառելով հենց ատելության խոսքը։ Իրավունքի այս տոնի ընթացքում ամեն մասնակից, եթե իր իրավունքներից գեթ մեկն էլ սովորի, արդեն իսկ կարող ենք համարել կարևոր ձեռքբերում»,-ասաց Աբրահամյանը։
Այնուհետև բեմը տրամադրվեց «Թատրոն ութ» թատերախմբի երեք դերասաններին՝ Ժաննա Հովակիմյանին, Մարիանա Եղիազարյանին, Անի Գևորգյանին, որոնք ներկայացրին հոգեբանական ծառայություն դիմած երեք կնոջ կյանքի պատմության վրա հիմնված սցենարով ներկայացումը․ 3 կին, 3 տարբեր՝ շատ ծանոթ պատմություններ, 3 չստացված ճակատագրեր, որոնք բեմից խոսում են քեզ հետ: Բոլորն էլ հիշում են իրենց ծննդավայրը, ծնողների ու մասնավորապես հոր կերպարը և վերջապես՝ շրջապատի կարծիքը: Ամենամոտ ու հեղինակավոր՝ հարազատներից մինչև անմիջական շրջապատ, սրանք են այն որոշիչ գործոնները, որ կարող են կործանել յուրաքանչյուրին: Հենց այդպես էլ լինում է: Բեմադրության ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է։ Բեմադրությանը հետևեց քննարկումը՝ դերասանների և հանդիսատեսի միջև։
Փառատոնի ծրագրերի համակարգող թիմի անդամ Անուշիկ Ռշտունին ներկայացնելով փառատոնի հաջորդիվ օրերի օրակարգը՝ նշեց, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia ՀԿ-ի գրասենյակում տեղի կունենա Խմբագրաթոն, որի ընթացքում մեր կամավորները Հայերեն Վիքիպեդիայում կխմբագրեն և կհրապարակեն մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդվածներ։ Իսկ երեկոյան՝ 18։00-ին «Մարդու իրավունքների զրույցի» ձևաչափով ոչ ֆորմալ հանդիպում կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ։
Արդեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ից փառատոնը կշարունակվի Վանաձորում։ Վանաձորյան միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ժամը 19։00-ին՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Սեպտեմբերի 18-ի, ժամը 15։00-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ քննարկվելու են մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին ինտերակտիվ թատերական ներկայացում տեղի կունենա ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։
Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19։30-ին,Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում կայանալիք «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված Լավ էլի և Բամբիռ ռոք խմբերը։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կայքում և ֆեյսբուքյան էջում բացված միջոցառումներում կարող եք գտնել հայտեր, որոնք հարկավոր է լրացնել։ Փառատոնի մասին բոլոր մանրամասները՝ այստեղ։
Նշենք, որ 2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝ «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով (մանրամասներն՝ այստեղ և այստեղ):