Բաղրամյան համայնքում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

«Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016թ.-ից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է գումարների յուրացումներ և վատնումներ, ինչպես նաև կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2017 և 2018թթ. ավագանու նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելով 2017թ. և 2018թ. բյուջեներով նախատեսված ծախսային մասով գումարներ հատկացնելու և պայմանագրեր կնքելու հարցը՝ համայնքի համար տնկիներ ձեռք բերելու, համայնքի ճանապարհների վերանորոգման, ինչպես նաև ոռոգման ջրագծերի վերանորոգման համար, պայմանագրեր է կնքել համապատասխան անհատ ձեռներեցների հետ: Նշված պայմանագրերի հիման վրա  համայնքապետարանի հաշվեհամարից անհատ ձեռներեցների հաշվեհամարներին փոխանցված գումարներից վերջիններս, համայնքի ղեկավարի խնդրանքով, որոշակի մասը պահել են որպես հարկային վճարումների գումար, իսկ մնացած մասը կանխիկացրել և տվել համայնքի ղեկավարին: Վերջինս նշված համայնքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև՝ տնկիներ ձեռք բերելու համար ծախսել է նշված գումարների մի մասը, իսկ մնացած խոշոր և զգալի չափերի գումարները յուրացման եղանակով հափշտակել:

Այնուհետև, վերը նշված գործարքների արդյունքում կատարված յուրացման փաստերը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ստորագրությամբ և կնիքով հաստատել ու անհատ ձեռներեցների ստորագրմանն է ներկայացրել պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու մասին  կեղծ տվյալներ պարունակող՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերը և արձանագրությունները, որից հետո նշված փաստաթղթերը հանձնել է համայնքապետարանի հաշվապահություն:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի և նույն համայնքի հաշվապահի հետ: Արդյունքում, երաժշտական դպրոցի տնօրենի կողմից 2017թ. դեկտեմբերից 2018թ օգոստոսը, ինչպես նաև՝ նույն դպրոցի հաշվապահի կողմից՝ 2018թ. հունվարից 2018թ. օգոստոսը աշխատանքի չհաճախելու պայմաններում, նշված ժամանակահատվածներում համայնքի հաշվապահի կողմից կազմվել է կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձի ցուցակ, որի արդյունքում որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր՝ խոշոր և զգալի չափի գումարները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Անհատ ձեռներեցներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ համայնքի հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երկու անհատ ձեռներեցների և երաժշտական դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

Վերը նշված առերևույթ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում: