Հարուցվել է քրգործ Բերդավանի պոմպակայանը մասնավոր սեփականություն դարձնելու դեպքի առթիվ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում:  Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված, Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումն ապահովող պոմպակայանը, դրա շինություններով և գույքով հանդերձ, ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցման 23.12.2009թ. վկայականում նշվել է որպես ինքնակամ շինություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում Բերդավան համայնքում  ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի բարելավման ներդրումային ծրագրերի շրջանակներում նույն պոմպակայանի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որի ծախսը կազմել է ընդհանուր 86 մլն. 885 հազ. դրամ: Դրանից 82մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքների շինարարության շահագործման վերաբերյալ Բերդավան և Կողբ համայնքների ղեկավարների կողմից 2011թ. օգոստոսին ստորագրվել են փաստագրման ակտեր:

Պարզվել է նաև, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մերժվել է «Բերդավանի» պոմպակայանի սեփականության իրավունքները գրանցելու պահանջներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 14.10.2013թ. դիմումը, ինչի կապակցությամբ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն հետագայում նոր քննության փուլում առանց հիմնավորումների հրաժարվել է հայցապահանջից:

Նշված վարչական գործի քննությանը զուգահեռ՝ 24.09.2015թ. ընդդեմ «Հայջրմուղկոյուղի», հետագայում նաև «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ի և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի (նախկին անվանումը) դատարան է դիմել  վերոնշյալ ՍՊԸ-ն՝ խնդրելով ՓԲԸ-ին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասից:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, պոմպակայանի, որպես ինքնակամ շինություն կադաստրի գրանցումները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն 08.09.2017թ.-ին քաղաքացիական գործի շրջանակներում հակընդդեմ հայց է հարուցել` ընդամենը խնդրելով պոմպակայանի համար սահմանել անվճար մշտական սերվիտուտ։

ՀՀ կառավարության 06.04.2017թ. որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Բերդավանի պոմպակայանը, վարձակալության իրավունքով հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Չնայած այդ հանգամանքին՝ Կողբ համայնքի ղեկավարը 2018թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ օրինական է ճանաչել ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա որպես ինքնակամ կառույց նշված պոմպակայանն իր շինություններով: Այդ և մյուս ինքնակամ կառույցները օրինականացնելու դիմաց  ՍՊԸ-ն վճարել է 200.600 ՀՀ դրամ և 2018թ. նոյեմբերին գրանցել իր սեփականության իրավունքը:

Այսպիսով, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` 2015-2019թթ. ընթացքում որևէ գործուն միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի, որպես ինքնակամ շինության, կադաստրի գրանցումները վիճարկելու, դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ: Իսկ Կողբ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2011թ. օգոստոսի 1-ին ստորագրելով Բերդավանի պոմպակայանում 82 մլն. 083 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանքների ավարտման վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտը, այսինքն՝ տեղյակ լինելով դրա ինքնակամ կառույց չլինելու մասին` 12.11.2018թ. որոշմամբ այն, որպես ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց, ճանաչել է օրինական: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված պոմպակայանը, ճանաչվել է որպես ՍՊԸ-ի սեփականություն՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով՝ 2016թ.-ին առանց հիմքերի հրաժարվել են Բերդավանի պոմպակայանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշումը վիճարկելու հայցից և հետագայում որևէ միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի այլ անձանց իրավունքի գրանցումները անվավեր ճանաչելու ուղղությամբ` առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: