Հանքերի տիրակալները. ովքե՞ր են Հայաստանի հանքատեր պաշտոնյաները

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

«Հայկական զարգացման գործակալության» տվյալների համաձայն՝ Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր: Դրանցից 421-ի արդյունահանումը, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, ընթացքի մեջ է, 42-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման փուլում:

Սա ամենաստվերային ոլորտն է, անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով և բացատրվում է ոլորտում պատահական մարդկանց չլինելը: Դրանց մեծ մասի սեփականատերերը նախարարներ են, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ՝ նախկին ու ներկա: Մամուլը տարբեր ժամանակներում ներկայացրել է հանքատեր պաշտոնյաների անունները, առանձնացնենք դրանցից մի քանիսը` մինչ այդ նկատելով, որ այդ ընթացքում կարող են եղած լինել հանքատերերի փոփոխություններ և ոլորտի վերաբաշխումներ:

Եվ այսպես` հանքատեր պաշտոնյաների ցանկում իր կարևոր տեղն ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը: 2010 թվականին Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքային դաշտում շահագործման լիցենզիա էր ստացել Հովիկ Աբրահամյանին և Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պաատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն: Հովիկ Աբրահամյանի ընտանիքին է պատկանում նաև Վայոց ձորի Ելփին գյուղի պղնձի և մոլիբդենի հանքավայրի լիցենզիան, որը ստացել է Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ն: Ընկերության սեփականատերը Հովիկ Աբրահամյանի որդին է՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանի «Մեծն Հովնան» ՍՊԸ ն է լ շահագործում է Արարատում ավազի հանքը:

Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրեց, որ Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը: Ըստ թերթի, նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել, ուստի այստեղ ունեցած բիզնեսները վաճառում է: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց հրապարակմանը՝ ափսոսանք հայտնելով, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում: Իսկ ահա գործարար Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Նիկելի սար» ընկերությունը, որը 2011 և 12 թվականներին ստացել էր Շիրակի մարզի Մուսաելյան-Բարգուշատի և Ամասիայի բազմամետաղի հանքավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, ավելի ուշ հայտնվեց սնանկացման եզրին:

Տիգան Արզաքանցյանն ինքը պատմում է օրինական ճանապարհով ձեռք բերած Հրազդան քաղաքի մերձակայքում և Լուսաջուր գյուղում ոսկու, Նոյեմբերյանի տարածաշրջանում ցեմենտի, Սիսիանի տարածաշրջանում՝ սուֆլուի պղնձամոլիբդենային հանքավայրերի մասին։ Հանքատեր պաշտոնյաների ցանկի առաջատարներից է բնապահպանության նախկին նախարար և ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, ով մի շարք հանքավայրերի փաստացի սեփականատեր է: Այդ հանքերը նա ձեռք է բերել բնապահպանության նախարար աշխատած տարիներին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Այվազյանը այդ հանքերի շահագործման նպատակով ներդրումներ չի անում, փոխարենը բավական բարձր գներով վաճառում է, ինչպես, օրինակ, որդու անունով գրանցված Սվարանցի և Հրազդանի երկաթահանքերի բաժնետոմսերի մի մասը, որը Այվազյանները 24 միլիոն դոլարով վաճառեցին չինական Fortune Oil ընկերությանը: Վայոց ձորի Ազատեկ համայնքի ոսկու հանքավայրը, Լոռու մարզի Բազում համայնքի երկաթի հանքավայրը, Սյունիքի մարզի Կամաքար համայնքի երկաթի հանքավայրը, Հրազդանի տարածաշրջանի երկաթի հանքավայրը, ըստ հրապարակումների, պատկանում են Այվազյանին:

 

Խոշոր հանքատեր Սիլվա Համբարձումյանը պնդում էր, որ Վարդան Այվազյանն իրեն պարտք է Պաշտունի Ջրկապանք անվանումն ունեցող հանքի չկայացած գործարքի համար:
Գործարար տիկնոջ խոսքով` նա գնել է Այվազյանից, բայց պարզել, որ կոորդինատները սխալ են: Ուստի և` հետ է պահանջել իր վճարած գումարը: Սակայն Վարդան Այվազյանը փողն ամբողջությամբ չի վերադարձրել: Ընդհանրապես` Վարդան Այվազյանի հետաքրքրությունները հանքարդյունաբերության ոլորտում բավականին սկանդալային դրսևորումներ են ունեցել: Հիշեցնենք աղմկահարույց դեպքը, երբ Նյու Յորքի դաշնային դատարանը, հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, Վարդան Այվազյանի դեմ 37.5 մլն դոլարի վճիռ էր կայացրել: Համաձայն Wikileaks-ի՝ նախարար աշխատած ժամանակ՝ 2006 թվականին, Այվազյանը ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր 3 միլիոն դոլարի կաշառք, որը չստանալով՝ նախարարությունը հետ էր կանչել երկու հանքավայրում ախատանք իրականացնելու թույլտվությունը:

ՀՀ նախկին բնապահպանության նախարարներից միայն Վարդան Այվազյանը չէ, որ մեղադրվել է միլիոնավոր դոլարների կաշառք պահանջելու մեջ: 2016 թվականի հունիսի 4-ին «Հրապարակը» գրեց, թե հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն դոլար կաշառք է տվել բնապահպանության այդ ժամանակվա նախարար Արամ Հարությունյանին: Արամ Հարությունյանի գրասենյակը գործարարի պնդումները հերքեց: Գործն էլ կարճվեց ամիսնոր առաջ՝ անբավարար ապացույցների հիմքով։ Հանքերի շահագործմամբ զբաղվող Սիլվա Համբարձումյանը 2010 թվականին էլ պնդում էր, որ իրեն պատկանող «Լիճվազքի» ոսկու հանքը իրենից ցանկանում է խլել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հետ հիմնել է «Գերվա ձոր» պղնձամոլիբդենի հանքավայրը: Նշենք, որ Սյունիքի երկարամյա նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին է պատկանում մարզում գտնվող «Հայկասար» պղնձի, մոլիբդենի հանքավայրը, որը զբաղեցնում է 39 հեկտար տարածք:

Համաձայն տարբեր հրապարակումների՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում:

Նախկին ՕԵԿ, ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ նույն ջրամբարի հարավ-արևմտյան կողմում: Դեռ 2011 թվականին «Հայ ազգային կոնգրեսը» հրապարակեց 76 պատգամավորների ցանկ, որոնք զբաղվում են բիզնեսով, մի մասը՝ հանքարդյունահանման ոլորտում: Նրանց թվում էին Հակոբ Հակոբյանը՝ «Բազալտ» ՓԲԸ-ով, Վահե Հակոբյանը՝ «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշնով», երկար տարիներ նախարար աշխատած Կարեն Ճշմարիտյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով, Նահապետ Գևորգյանը և Մխիթար Վարագյանը՝ քարի հանքերով և այլք: Հանքերի նկատմամբ բոլորովին անտարբեր չէ նաև ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որը, ըստ հրապարակումների, Սիսիանի բազալտի քարհանքի, խճաքարի ու ավազի հանքերի սեփականատերն է:

Բսլորովին վերջերս՝ հուլիսի 26-ին Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները թույլ չտվեցին, որ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների համար «Միռամ» ընկերությունը մտնի իրենց գյուղ: Ընկերության բաժնետոմսերի զգալի մասը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Թեև` վերջինս հերքում է:

Խոշոր հանքատեր է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին պատկանող «Արարատցեմենտ» և «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությունները ցեմենտի հումքի և տրավերտինի հանքարդյունաբերություն են իրականացնում։ Ծառուկյանին է պատկանում Լոռու մարզի Մղարթ գյուղի ոսկու հանքը: Նախկին ոստիկանապետ, նախագահի նախկին խորհրդական, այժմ պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընտանիքին են պատկանում Արաքս գետի ավազանում գտնվող ավազի և տրավերտինի հանքեր՝ 550 հեկտարի չափով:

Ի դեպ, մասնագետները վաղուց են ահազանգում, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավել ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը: 2017թ. հուլիսի 27-ին «Փաստ» օրաթերթը գրեց, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների տարածքում բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ բողոքում են գյուղացիները: Բնակիչների պնդմամբ՝ գործին միջամտում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Ժամանակին՝ 2010–ին, նա ուսումնասիրություններ է կատարել այստեղ՝ ուրանի հանքավայր գտնելու հույսով, և ըստ գլաձորցիների, ոչինչ չհայտնաբերելով, փակել է իր ընկերությունը և դադարեցրել ուսումնասիրությունները: Այժմ էլ ցանկանում է հանք հայտնաբերել և շահագործել:

Ներկայացվածը մի չնչին մասն է հանքատեր պաշտոնյաների և նրանց ունեցած հանքերի: Իրականում բավականին բարդ է ճշտելը, թե ովքեր են հանքերի իրական տերերը: Սովորաբար նրանք չեն երևում. կամ հանքերը գրանցում են այլոց անուններով, կամ էլ օֆշորային ընկերությունների միջոցով մուտք գործում ոլորտ: Ընդ որում, նկատենք, որ այս բոլոր տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարող մեր իշխանությունները այդպես էլ որևէ անգամ քննության առարկա չեն դարձրել, թե ինչպես են ոլորտը համակարգող պաշտոնյաները դարձել հանքատեր: Բիզնեսն ու իշխանությունն այնպես են սերտաճել, որ հայտնվել ենք պետության ապագայի համար էքզիստենցիալ վտանգի փուլում:

 

Սևակ Հակոբյան