«Ամեն օր մեր ավտոները ջարդին գը  էս փողոցների վրա»․ դժգոհում են Գյումրիում  ստեղծված  «Չկա փողոց, չկա գույքահարկ»  նոր նախաձեռնության անդամները

Լուրեր

08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրիի  անմխիթար վիճակում գտնվող փողոցների խնդիրը բարձրաձայնելու  ու հարցն ավելի լսելի դարձնելու համար  ստեղծվել է «Չկա փողոց, չկա գույքահարկ» նախաձեռնությունը։ Չնայած այսօր իրականացվում են փողոցաշինական աշխատանքներ, որոնց ապրիլի 5-ին  Գյումրի կատարած իր այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ծանոթացել ու պատասխանատուներից պահանջել շտկել  ստեղծված անհարմարությունները,  բայց շինհրապարակներում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, բնակիչների համար փողոցներն ու մայթերը շարունակում են մնալ անանցանելի, շինաշխատանքների տեմպն էլ չի արագացել։ Նշենք, որ Գյումրիում շուրջ 40 փողոցի հիմնանորոգումը իրակացվում է Համաշխարհային բանկի ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիի մնացյալ քարուքանդ փողոցներին ու մայթերին, որոնք ընդգրկված չեն  նշյալ հիմնանորոգվող ծրագրի շրջանակում։ Կամ ո՞վ պետք է բնակիչներին փոխհատուցի  անմխիթար վիճակում գտնվող փողոցների  պատճառած վնասները։ Հենց այս նպատակով էլ ստեղծվել է «Չկա փողոց, չկա գույքահարկ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրաձայնել առաջացած խնդիրները։ Նախաձեռնության հիմնադիր անդամ Սուրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր ընկերների հետ ստեղծել է «Չկա փողոց, չկա գույքահարկ» ֆեյսբուքյան էջը, այստեղ տեղադրում են քարուքանդ փողոցների լուսանկարները հասարակության լայն շերտերին  տիրող վիճակին ծանոթացնելու համար։ Սա համարել են իշխանություններին իրենց բողոքը հասցնելու ամենակարճ ճանապարհներից մեկը։

«Ամեն օր մեր ավտոները ջարդին գը  էս փողոցների վրա, ու հենց այդ պատճառով որոշեցինք էջը բացել, որ օր առաջ  այս հարցը լուծվի, որովհետև 30 տարի արդեն անցել է երկրաշարժից ու փողոցները էս վիճակում են։ Էջ բացեցինք, որ մեր բողոքը ավելի շուտ հասնի վերևներին, իշխանությանը, կապ չունի թեկուզ աշխարհի մնացած հայերին»,- ասաց Սուրեն Հարությունյանը։ Նախաձեռնությունը զուտ քաղաքացիական բնույթ ունի, չունի ոչ մի քաղաքական կողմնորոշում, քաղաքական որևէ պահանջ ու ենթատեքստ չկա։

«Գյումրու սովորական քաղաքացի եմ, որ մեքենա եմ վարում  ու հիմնականում մեքենա վարողների կողմից է մեր բողոքը»,- ասաց Սուրեն Հարությունյանը, հավելելով․ «Մենք հասկանում ենք, որ Գյումրիի քաղաքապետարանը հնարավորություն չունի հարցին ամբողջական լուծում տալու, մենք դա հասկանում ենք, բայց անմիջական պատասխանատուն իրենք են, դրա համար մեր բողոքը կհայտնենք, իրանք թող համապատասխան մարմիններին ասեն` մենք փող չունենք։ Փողոցները  համապետական միջոցներով պիտի սարքվեն»։

«Չկա փողոց, չկա գույքահարկ» նախաձեռնության կարևոր պահանջը մեքենաների գույքահարկի չեղարկումն է։ Գույքահարկը չեն պատրաստվում վճարել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքի փողոցները բարեկարգված չեն։

«Ինչի՞ համար գույքահարկ վճարենք, եթե  փողոց չկա։ Ես մեքենա եմ վարում Գյումրիում, իմ մեքենայից մեկը վարում է Երևանում, նույն գույքահարկն է վճարում, արդա՞ր է։ Այն դեպքում, որ ես այստեղ ամեն օր մեքենաս ջարդում եմ։ Ես շաբաթվա մեջ 1000 դրամից ավել ծախսում եմ մեքենաս լվալու համար։ Տարեկան 65 հազար դրամ գույքահարկ եմ վճարում։   Ես համ մեքենաս ջարդում եմ, համ գույքահարկը վճարում , համ փոշու ցեխի պատճառով մեքենաս հաճախկի լվանում եմ, իսկ Երևանի բնակիչը՝ ոչ։ Սա արդա՞ր է։ Եթե փողոցները չեն կառուցելու,  գոնե գույքահարկը հանեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Հարությունյանը։

Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն  արձագանքել են «Չկա փողոց, չկա գույքահարկ» նախաձեռնության բարձրացած խնդիրներին, զանգահարել են, ցանկացել հանդիպել  մասնակիցների հետ, սակայն  իրենք մերժել են։

«Մարզպետն է կապվել է մեզ հետ, փորձել հանդիպի, մենք ասեցինք,  որ ինչ ասելիք ունենք, արդեն ասել ենք, հանդիպման կարիք չկա։ Քաղաքապետարանից էլ են զանգել, ինչ պետք է՝ ասել ենք։ Գույքահարկի մասով ոչ ոք ոչինչ չի խոստացել, միայն հանդիպում են ուզել»,- ասաց նախաձեռնության հիմադիր անդամը։

Անդրադառնալով  Գյումրիում արդեն իսկ ընթացող փողոցաշինական աշխատանքներին՝ Սուրեն Հարությունյանն ասաց, որ ուրախանում են ամեն մի նոր փողոցի կառուցմամբ ու շեշտեց․ «ՎԶԵԲ-ի ծրագրով  Գյումրու փողոցների ընդամենը  10%-ը կկառուցվի, բա մնացած 90 տոկո՞սը։ Մտե՛ք ցանկացած թաղամաս  ու ման եկեք, տեսե՛ք ինչ վիճակ է։ Մենք հասկանում ենք՝ այդ միջոցներով հնարավոր չէ բոլոր փողոցները հիմնանորոգել, դրա համար մենք այս նախաձեռնությունն արել ենք, որ հասնի ամենաբարձրերին ու հասկանան, որ հրատապ խնդիր է»։

Նախաձեռնության անդամները հուսով են, որ իրենց բարձրացրած խնդիրները քաղաքապետարանի ու մարզպետարանի միջոցով կհասնեն վարչապետին և կստանան դրական լուծում։

Էմմա Չոբանյան