ԱԱԾ տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. իրավապաշտպանը՝ Գարեգին Միսկարյանին նամակ ուղարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.05.2019 | 20:05«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ապրիլի 30-ին նամակ է ստացել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանից։ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը Գարեգին Միսկարյանին առաջարկել է եռօրյա ժամկետում հերքել Ֆեյսբուքի իր էջում արված մի գրառում, որտեղ նշում կա Վանեցյանի ընտանիքի՝ բիզնես գործունեության վերաբերյալ։ Ապրիլի 18-ին «ՔՈ» կուսակցության անդամը սոցցանցի իր էջում գրել էր հետևյալը․ «Այն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական դիզելը վառարանի վառելանյութի անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։
Գարեգին Միսկարյանին ուղղված նամակում ասվում է, թե տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դրանք իրենց մեջ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն։ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամը պնդում է՝ սոցցանցում գրել է լրատվամիջոցներում կարդացածը։
«Եվ այնտեղ կա մի դրվագ՝ печное топливо-ի հետ կապված, որը ես չեմ կարդացել լրատվականներում, բայց դա մինչև հեղափոխությունը լսած ինֆորմացիա է»,- ասաց Գարեգին Միսկարյանը։ Նամակն ստանալուց հետո Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել հերքման տեքստով․ «Ես հերքել եմ, որ հավատացել եմ, այսինքն՝ եթե դա կեղծ ա, եթե դա հիմքեր չունի, հավատալու չի, իսկ ինքը պնդում ա, որ դա կեղծ ա, ես հակված եմ հավատալու դրան»։
Թեև «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքում գրառմամբ տարակուսանք էր հայտնել, թե ինչու է նամակը ուղղված «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին, և ոչ թե քաղաքացի Գարեգին Միսկարյանին, այնուամենայնիվ, այս պահին հակված չէ ԱԱԾ տնօրենից հերքման առաջարկով նամակ ստանալը կապել իր քաղաքական գործունեության հետ: «Կախված հետագա քայելրից կերևա՝ ճի՞շտ եմ անում, որ չեմ կապում, թե՞ արժի կապել։ Խորապես հիասթափված եմ ԱԱԾ-ի իրավաբաններից, որովհետև նամակն ամբողջովին թերացումներով լի է՝ սկսած ամսաթվից, թե որ օրն ա հրապարակվել՝ 18-ի փոխարեն 19 են գրել, վերջացած այն բանի հետ, որ ԱԱԾ-ն միջամտում ա քաղաքացիական վեճին՝ իմ և պարոն Վանեցյանի»,- ասաց Գարեգին Միսկարյանը։
Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Գարեգին Միսկարյանին ներկայացված պահանջը գրաքննության փաստ է՝ ճնշում մարդու՝ կարծիքի արտահայտելու իրավունքի նկատմամբ, որը կատարվել է պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, Factor.TV-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ՝ ԱԱԾ տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:
«Երևի թե Ազգային անվտանգության ծառայության պետը և իր աշխատակիցը չեն հասկացել, որ գտնվում են բոլորովին նոր Հայաստանում, որի բուն էությունը հանդիսանում է մարդկանց կարծիքի նկատմամբ հարգանքը։ Սա համարում եմ աղաղակող խախտում, սա համարում եմ մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում։ Գարեգին Միսկարյանը պետք է միջադեպի վերաբերյալ հաղորդում ներկայացնի ՀՔԾ՝ իր սահմանադրական իրավունքներին կոպիտ միջամտելու և իր կարծիքի արտահայտման իրավունքը կոպտորեն խախտելու հիմքով, որը տեղի է ունեցել պաշտոնատար անձի կողմից՝ իր լիազորությունների գերազանցմամբ և չարաշահմամբ»,- ասաց Արթուր Սաքունցը։
ՀՔԱՎ գրասենյակը պատրաստ է Գարեգին Միսկարյանին իրավունքների խախտման փաստով իրավական աջակցություն տրամադրել։ Հատկանշական մի հանգամանք՝ որպես հերքման իրավական հիմք ԱԱԾ պետի ներկայացուցիչը մեջբերել է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, չնայած որ Գարեգին Միսկարյանը չի հանդիսանում լրատվական գործունեություն ծավալող, իսկ գրառումը կատարել է սոցիալական ցանցում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու կարծիքի արտահայտման իրավունքի հիմքով ՀՔԾ-ն կամ Դատախազությունը պետք է հարուցեն քրեական գործ։ Արթուր Սաքունցի խոսքով՝ այս դեպքը պիտի չդառնա նախադեպ։
«Սա ամբողջությամբ տեղավորվում է նախորդ ավտորիտար կառավարման տրամաբանության մեջ։ Ամենախիստ պատասխանատվության պետք է ենթարկվի այդ պաշտոնատար անձն անմիջապես, և քանի որ ԱԱԾ-ն և նրա պետն անմիջապես ենթարկվում են ՀՀ վարչապետին, սա նաև վարչապետի անմիջական խնդիրն է՝ պատասխանատվության ենթարկելու ԱԱԾ պետին։ Նախադեպ պետք է լինի մարդու իրավունքի խախտում կատարած պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու փաստը»,- ասաց իրավապաշտպանը։
Գարեգին Միսկարյանն իր հերթին կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում ԱԱԾ-ին շատ մեծ լիազորություններ են տրվել, ինչը, ըստ նրա, անթույլատրելի է․ «Պետք է աշխատել ԱԱԾ-ն դարձնել ավելի թափանցիկ և նրա լիազորությունները բաժանել այլ գերատեսչությունների միջև»։
Իրավիճակի վերաբերյալ պարզաբանման ակնկալիքով Factor TV-ն փորձեց կապ հաստատել ԱԱԾ մամուլի ծառայության հետ, սակայն մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։
Ռոբերտ Անանյան