2018-ի ապրիլի 25․ ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուն ունի, Փաշինյանը զգուշացնում է՝ մտքներովդ չանցնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ապրիլի 25-ի առավոտյան Հայաստանի բոլոր փողոցները փակվում են նույն աշխուժությամբ, բայց ուրիշ կարգախոսով՝ այս անգամ մերժվողը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է և ամբողջ Հանրապետականը։

Դեռ լույսը չբացված, Կարեն Կարապետյանն արդեն բացատրում է, թե ինչու չեն կայանա իր և Փաշինյանի բանակցությունները՝ հեղափոխության առաջնորդի վերջնագրային օրակարգը վարչապետի պաշտոնակատարի օրակարգը չէ, մեր քաղաքացիները միայն հրապարակի ժողովուրդը չեն։

«Այնտեղ կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներն ուզում են մեկ այլ թեկնածուի, ո՞րն է հայտանիշը։ Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը, այդ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անենք արտահերթ ընտրություններ, եթե ժողովրդի թեկնածուն ինքն է, ինքը կգնա»,- ասում է վարչապետի պաշտոնակատարը։

Այդ ընթացքում վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույցներ է ունենում Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ։ Նրանք հայտարարում են, որ «աջակցում են բարեկամ հայ ժողովրդին»։ Իսկ Պետքարտուղարության խոսնակը հայտարարում է, որ Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն։

Նախագահ Արմեն Սարգսյանը ստիպված է խառնվել նոր իրավիճակին՝ ինքը մտահոգ է և հրավիրում է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին քննարկելու, թե ոնց դուրս գան եղած անորոշությունից։

Փողոցում ընդվզումները շարունակող տասնյակ հազարավոր մարդկանց այս ամենը հետաքրքիր չէ, նրանք ուզում են իշխանությունից հեռանա ամբողջ Հանրապետականը և բոլորը, որոնք կապված են այս կուսակցության հետ։

Շարժմանն ավելի ու ավելի կրքոտ է միանում «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանն իր բոլոր կողմնակիցներին ամբողջ հանրապետությունում կոչ է անում մոբիլիզացվել և միանալ շարժմանը։ Մարզերում նոր թափով են սկսվում անհնազանդության գործողությունները, Նոյեմբերյանում փակել են Սադախլոյի մաքսակետ տանող ճամփան և կառավարությանը կոչ են անում հրաժարական տալ:

Հանրապետականն իրենն է պնդում՝ հեղափոխությունն ու իշխանությունը պետք է բանակցեն:

«Յուրաքանչյուրս, ՀՀ ցանկացած քաղաքացի, մեկ խնդիր ունի՝ զերծ մնալ անկանխատեսելի զարգացումներից»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։

Լրագրողի այն հարցին, թե պատրա՞ստ եք հեռանալ իշխանությունից, խմբակցության մեկ այլ անդամ՝ Նահապետ Գևորգյանը կարճ է կապում՝ իհարկե ոչ։

Երևանի փողոցները շարունակում են լցվել ցուցարարներով։ Խորհրդարանում Հանրապետական խմբակցությունը հավաքվում է չնախատեսված նիստի, օրակարգը հայտնի չէ։ Նիստին ներկայացողներն առանց Հանրապետականի կրծքանշանի են։ Վահրամ Բաղդասարյանի նյարդերը տեղի են տալիս։ Նա կուսակիցներին կոչ է անում զբաղվել նիստերի դահլիճ մտած լրագրողներով․ «Դուրս արի դահլիճից, յա, հանեք դրանց»։

Այնուամենայնիվ նիստից հետո պարոն Բաղդասարյանը բացում է այն ծրագիրը, որը Փաշինյանին առիթ էր տվել շարունակել անհնազանդության ցույցերը։

«Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք, և մենք որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»,- տեղեկացնում է պարոն Բաղդասարյանը։

Փողոցը որևէ կերպ մտադիր չէ նահանջել, ամբողջ մայրաքաղաքը կաթվածահար է։

Երեկոյան բոլոր լրատվամիջոցները հրապարակում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որտեղ, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, կային այսպիսի տողեր՝ ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ։ Ավելի ուշ դեսպանատունը հաղորդագրություն է տարածում, որտեղ դեսպանին վերագրվող այս հայտարարությունը ներկայացնում է որպես ամերիկյան կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն, որը հետևյալն է՝ մենք համոզված ենք, որ ժողովրդի խաղաղ հավաքների իրավունքը պետք է հարգվի և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք։

Նույն օրը ուղերձով է հանդես գալիս նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, նա Հանրապետական խմբակցության անդամներին հրավիրում է բացատրելու իր հրաժարականի պատճառները և խոսել կուսակցության նոր առաջնորդության մասին։

Երեկոյան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում, գրեթե Հանրապետականի քթի տակ, այստեղ արդեն խոսում են Կարեն Կարապետյանին ավելի արագ իշխանությունից զրկելու հնարավորության մասին։  

«Կարծիքներ կան, որ Կարեն Կարապետյան անունով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը ցանկանում է գողանալ մեր հաղթանակը։ Ոչ։ Կարեն Կարապետյանը ցանկանում է թարմացնել Սերժ Սարգսյանի ռեկորդը, Սերժ Սարգսյանն այս հրապարակին դիմակայեց ընդամենը 6 օր։ Կարեն Կարապետյան, հրապարակը պատրաստ է թարմացնել ռեկորդը, ինչքան ուզենք, էնքան խփենք»,-հրապարակում հավաքվածների առաջ ասում է շարժման անդամ Արեն Մելիքյանը։

Իսկ Դավիթ Սանասարյանը զգուշացնում է վարչապետի պաշտոնակատարին․ «Կարեն, ուրեմն լսիր, նայիր այս ժողովրդին, լսիր նրա պահանջը, հակառակ դեպքում ժիլետդ թարս կհագցնի էս ժողովուրդը ու կուղարկի էնտեղ, որտեղից քեզ ուղարկել են»:

Այս հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր Կարեն Կարապետյանը հավաքել է ուժային նախարարներին և պնդել, որ երկրում պետք է մտցնել արտակարգ դրություն։ Փաշինյանը զարմանում է այդ մարդու տրամաբանության վրա․ «Ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին Հայաստանում եղել է ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարար, ուրեմն՝ Կարեն Կարապետյան,  ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում, որ կարող է արտակարգ դություն մտցնել, դու եկել ես սատանի մայլում քյանդրբազությո՞ւն ես անում»։

Հեղափոխությունն այլևս չի կարող սպասել, Փաշինյանն ուղղակի բացառում է, որ հրապարակի ժողովուրդը չհաղթի։

«Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ։ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ ճանաչել մեր հռչակած թավշյա հեղափոխության հաղթանակը»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Ուշ երեկոյան ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը հանդիպում են խմբակցության անդամների հետ և որոշում առանց նախապայմանների բանակցել «բոլոր կողմերի հետ»։ Նյարդերի պայքարը թուլանում է։

Մհեր Արշակյան