Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր
Քաղաքականություն
21.04.2019 | 15:15Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերո
Շրջայցի առաջին կանգառը եղել է «Պորկպրոդ» ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերման, որտեղ նախարարին ներկայացվել է, որ ֆերման գործում է արդեն 4․5 տարի և ապահովում տոհմական խոզի մսի արտադրություն՝ առանց գենետիկական խախտումների: Վերջերս կրկնակի մեծացրել են արտադրության ծավալները:
Այնուհետև նախարարն ու մարզպետները այցելել են «Մարիլա» և «Վամաքս» ՍՊԸ-երի արտադրամասեր։ Ընկերությունների ներկայացուցիչների հավաստիացմամբ՝ «Վամաքսում» բուծվող շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիները սնվում են առանց հավելումների և տեղական կերով ապահովում էկոլոգիապես մաքուր կաթ ու միս։
«Մարիլա» կաթնամթերքի գործարանում նախարարը ծանոթացել է կաթի վերամշակման գործընթացին, եղել կաթի փորձաքննությունների համար նախատեսված լաբորատորիայում։ Նախարարին տեղեկացվել է, որ կաթնամթերքի շուկայում բարձր պահանջարկով պայմանավորված «Մարիլա» ընկերությունն այժմ փորձում է ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին ։
Շրջայցի ավարտին նախարարը իր գոհունակությունն է հայտնել ընկերության հաջողված արտադրական գործունեության և գյուղատնտեսության զարգացմանը խթանող օրինակելի փորձ փոխանցելու կապակցությամբ։
«Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր տնտեսվարողի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ ընկերության արտադրանքը առաջիկայում կկրկնապատակվի և կկարողանա իրացվել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան նոր շուկաներում։