Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Քաղաքականություն
13.11.2026 | 17:20
Թիվ 22 Ընտրատարածքային հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 13-ին, որոշել է ակնհայտ քաղաքական հետապնդման և վարչական ռեսուրսի չարաշահման հիմքով դիմել դատարան՝ Սպիտակի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը։
Հիշեցնենք՝ ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքի մասին ահազանգել էր «Անկախ դիտորդ» դաշինքը։ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական էր ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։
«Անկախ դիտորդ» դաշինքի գնահատմամբ՝ աշխատանքից ազատումները պատշաճ հիմնավորում չեն ունեցել և կարող են մյուս աշխատակիցներին հետ պահել իրենց քաղաքական նախապատվություններն ազատ արտահայտելուց՝ առավելություն տալով ՔՊ-ին։ Դաշինքը կոչ է արել արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահումը և դիմել դատարան։
Factor TV-ն գրել է նաև, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Սպիտակի մի շարք մանկապարտեզների ղեկավարներ, որոնցից մի քանիսի նշանակումների ընթացքում Կրթության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել։
Մասնավորապես, ցուցակի 60-րդ հորիզոնականում է Կաթնաջուրի մանկապարտեզը շուրջ երեք տարի առանց պարտադիր հավաստագրի ղեկավարող Հերմինե Նիկողոսյանը։ 54-րդը Շենավանի «Արեգակ» մանկապարտեզի տնօրեն Արփինե Պետրոսյանն է, որի՝ առանց հավաստագրի ժամանակավոր նշանակումների ընթացքում նույնպես խախտումներ են արձանագրվել։
ՔՊ-ի ցուցակի երրորդ տեղում Սպիտակի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Վանուհի Միրզոյանն է, իսկ 63-րդում՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրեն Նվարդ Սիրունյանը։ Երկուսն էլ պաշտոնի են նշանակվել մրցույթներից հետո, որոնցում հաղթող էր ճանաչվել նաև Մարինե Գալստյանը։ Վերջինս, թեև հաղթել է չորս մրցույթում, ոչ մի անգամ տնօրեն չի նշանակվել։
ՔՊ-ի ցուցակում է նաև Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Էդվինա Խաչատրյանը, որի նշանակման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել։
Factor TV-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սպիտակի մանկապարտեզներում առանց անհրաժեշտ հավաստագրերի նշանակումների վերաբերյալ Կրթության տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են միայն մասամբ։ Տեսչական մարմինն ուսումնասիրության նյութերը փոխանցել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե։
Եվգենյա Համբարձումյան

