Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
Քաղաքականություն
13.11.2026 | 17:07
Հինգշաբթի Հեգսեթն X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է նա Թոմաս Իգլեսիասին հանձնում «Զինված ուժերի համատեղ ծառայության համար» մեդալը։
«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք կարգապահությունը։ Ապրե՛ս, մասնագետ»,- լուսանկարներին կից գրել է Հեգսեթը։
Նշվում է, որ այս մեդալը համարվում է ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն պարգևներից մեկը և սովորաբար չի շնորհվում կրտսեր զինծառայողներին։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Իգլեսիասը նկատողություն անում Հեգսեթին և նրան ուղեկցող խմբին, որի կազմում էին նաև նախարարի կինը և աշխատակազմի մի քանի անդամներ։ Նրանք լուսանկարվում էին հուշարձանի առջևի աստիճաններին՝ միաժամանակ խոսելով և ծիծաղելով։
«Բոլոր այցելուները պարտավոր են մշտապես պահպանել լռության և հարգանքի մթնոլորտը»,- բղավել է Իգլեսիասը։
Տեսանյութի տարածումից կարճ ժամանակ անց Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը գովեստի խոսքեր է հնչեցրել Իգլեսիասի հասցեին՝ նշելով, որ նա «ճիշտ և հարգալից կերպով» Հեգսեթին և նրա ուղեկիցներին հիշեցրել է «պատշաճ վարքագիծ պահպանելու» անհրաժեշտության մասին։
Հանրային նկատողությունը հնչել է նույն շաբաթվա ընթացքում, երբ քննադատությունների թիրախում հայտնված պատերազմի նախարարը խուսափել է Իրանի դեմ պատերազմը կառավարելու պատճառով իրեն պաշտոնանկ անելու նախաձեռնությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ կայացած միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած անսպասելի պարտության հիմնական պատճառներից մեկը համարել է պատերազմը։ Երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել էր «ֆարս, բեմականացված քայլ» և «սաբոտաժ»։
Վաշինգտոնից ոչ հեռու՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի շիրիմը համարվում է ԱՄՆ-ի ամենասրբազան ռազմական հուշարձաններից մեկը։ Այն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև Կորեական պատերազմի ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների հուղարկավորման վայրն է։ Այստեղ կա նաև դատարկ գերեզմանատեղի՝ նվիրված Վիետնամի պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հիշատակին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

