Պետության զավթարարների դեմ տարած փառահեղ հաղթանակը հանրությունը տասնամյակներ շարունակ հիշելու է. Լևոն Բարսեղյանը՝ Քաղաքացու օրվա մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

Հայաստանի Կառավարությունը մարտի 21-ի նիստում «Քաղաքացու օր» նշանակելու մասին որոշման նախագիծ է ընդունել: Պետք է լրացում կատարվի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, և «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Պարո՛ն Բարսեղյան, ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին։

– Ես հավանում եմ այդ նախաձեռնությունը։ Կարծում եմ, որ իսկապես պատմական իրադարձություն է տեղի ունեցել մեկ տարի առաջ, և արժե ինչ-որ մեկ օր այդ իրադարձությանը նվիրել։ Արժևորողները կնշեն, չարժևորողները չեն նշի, ոչ մի սարսափելի բան չկա։ Տեղյակ եմ, որ հանրության շրջանում վեճեր կան, որ բոլորովին չարժեր: Ես նկատում եմ, որ անցած տարվա ապրիլի վերջին-մայիսի սկզբին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունը զավթումից ազատագրելու շատ կարևոր մի գործողություն։

Զավթումից ազատագրումը պիտի հատկանշվի, պիտի հիշվի, պիտի պատմության դասագրքերում այդ մասին խոսք լինի։ Զանգվածային կեղծիքների ու բազմաթիվ այլ կազմակերպված հանցագործությունների միջոցով տասնամյակներ շարունակ իշխանությունը զավթված պահվեց, և ժողովուրդը կարողացավ հետ վերցնել իր իրավունքներն ու սկսեց թելադրել, թե որն ինչպես պետք է արվի։ Եթե շատ կարճ՝ այս մեկ հիմնավորումով արդեն հարկավոր է, որ այդպիսի հիշատակի օր լինի, ոմանք կտոնեն, ոմանք՝ ոչ։ Արդեն պլանավորած է՝ ապրիլի 23-ին և ապրիլի 27-ին ես տոնելու եմ։

– Ծանո՞թ եք ՀՀԿ-ից հնչող քննադատություններին, որ այս իշխանությանը հեռացնելուց հետո պետք է չեղարկել, օրացույցից հանել այս տոնը։

– Ես տեղյակ եմ, որ Շարմազանովը շատ է վշտացել։ Ամբողջությամբ հասկանում եմ իրեն և մտնում եմ դրության մեջ։ Ծանր է, վշտի մեջ են, թող հարմարվեն։ Մենք որ տեսնում էինք՝ աչքի առաջ ինչպես են ընտրությունները կեղծվում, վարչական ռեսուրսը՝ չարաշահվում, պարտադրվում էր դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին, մանկավարժներին, հաճախ՝ ծնողներին՝ գնալ այսպես քվեարկել, պետական և համայնքային հիմնարկների աշխատողներին, ՊՈԱԿ-ների ծառայողներին զանազան մեխանիզմներով ահաբեկելով և ստիպելով՝ ընտրություններում արտահայտել ոչ թե իրենց կամքը, այլ կուսակցության կամքը, մենք ո՞նց էինք դիմանում։ Հետո՝ դատարաններ, երկար տարիներ քաշքշուկներով չէինք էլ կարողանում ապացուցել արդարությունը, Մարտի 1, քաղբանտարկյալներ, հակառակ կարծիք ունեցողների, քննադատողների դեմ հալածանքներ՝ աշխատանքից զրկել, տանել-դնել բանտերը, այդ մեխանիզմների տեր ու տիրականը՝ Հանրապետական կուսակցությունը, պատասխանատուն է եղել և դեռ պատասխան չի տվել որպես կուսակցություն:

Շատ բնական եմ համարում, որ նախկին իշխանավորների մի մասը, որոնք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, նրանք պիտի վշտանան։ Անկեղծորեն ցավակցում եմ։ Ինչքան շուտ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել մեկ տարի առաջ, այնքան լավ իրենց համար։ Այնպես որ, եթե մինչև ապրիլի 23-ը պարոն Շարմազանովը և ուրիշներ կվերանայեն իրենց դիրքորոշումը, սրտանց հրավիրում եմ մեր խնջույքին:

– Արդյո՞ք կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի գերագնահատում Քաղաքացու օրվա նշանակությունը՝ ասելով, որ Անկախության օրվանից հետո այն երկրորդ հիշարժան օրն է։ Հիշենք, որ ունենք նաև Սահմանադրության օր, Բանակի օր։

– Ես հակված եմ համարել, որ դա իր մասնավոր գնահատականն է, ինչի իրավունքն ունեն բոլորը։ Ինձ համար փոքր-ինչ այլ է դասավորությունը, թե ո՞ր տոներն են ավելի առաջ: Ուզում եմ հիշեցնել, որ այսօր մարտի 25-ն է՝ 2008 թվականից ի վեր դա Խոսքի ազատության պաշտպանության օրն է։ 11 տարի առաջ գյումրեցիք, հայաստանյան հանրությունը և Սփյուռքը փակումից փրկեցին Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը: 2008 թվականի նախագահական ընտրությունների թոհուբոհի մեջ բազմակարծություն ապահովող, միակը մնացած հեռուստաընկերության դեմ իշխանությունը զանգվածային արշավ նախաձեռնեց՝ կեղծ տուգանք դրեցին՝ մոտավորապես 20 միլիոն դրամի: Որպեսզի չփակվի հեռուստաընկերությունը, հանրությունը հանգանակություն կազմակերպեց: Այդ գումարը հավաքվեց ու տրվեց ռեժիմի երախը, և հեռուստաընկերությունը փրկվեց։ Պիտի կրկնեմ, որ պետությունը զավթած ռեժիմի ողնաշարը կոտրելով է, որ տեղի է  ունեցել անցած տարվա հեղափոխությունը: Դա հատկանշական և իսկապես պատմական իրադարձություն է։

Քաղաքացու օր սահմանալու առաջարկը դեռ ապրիլի 23-ի գիշերն է հնչել, երբ բոլորը տոնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես էլ եմ գրել, որ այս օրը պիտի տոն հռչակվի: Չեմ էլ համարում, որ Հայաստանի հանրությունը 100 տոկոսով պիտի համամիտ լինի ինչ-որ բանի: Ի՞նչ անենք, կարող է մի մասն էլ համաձայն չլինի:

– Ձեր գործընկեր Ավետիք Իշխանյանը Factor TV-ի տաղավարում քննադատեց Կառավարության այս նախաձեռնությունը։ Մեջբերեմ նրա խոսքից հատված. «Ճիշտ կլինի՝ այդ օրվա գնահատականը տան հաջորդ իշխանությունները: Սա իրականում քաղաքացու անվան տակ իրենց իշխանության գալու օրը տոն հռչակելն է, ինչպես նոյեմբերի 29-ը Հայաստանում տոն էր, որովհետև կոմունիստներն էին եկել իշխանության: Կոմունիստների՝ իշխանությունից հեռանալուց հետո այդ տոնը վերացվեց և, բարեբախտաբար, ՀՀՇ-ն փետրվարի 20-ը, որը դե ֆակտո իրենց իշխանության գալու օրն էր, չհռչակեց Քաղաքացու օր»: Ի՞նչ կասեք:

– Հո շատ զարմանալի չի՞ լինի, որ ասեմ՝ Իշխանյանը նույնպիսի իրավունքներից է օգտվում, ինչ ես, նա ազատ խոսքի իրավունք ունի։ Իշխանյանն իմ լավ գործընկերն է, բարձր մտավորական: Հաջորդ ու նախորդ չկա, իշխանությունը միշտ նույնն է, իշխանությունը մենք ենք, դուք եք, մյուսն է։ Այս իմաստով՝ իշխանության այս ներկայացուցիչները՝ Կառավարությունում և Ազգային ժողովում, այս փուլում որոշել են հատկանշել մեկ տարի առաջ տեղի ունեցածը: Հաջորդ ներկայացուցիչները կորոշեն, որ դա պետական տոնացույցում տեղ չունենա, կհանեն: Բայց ես լավ գիտեմ, որ հանրությունը տասնամյակներ շարունակ հիշելու է փառահեղ հաղթանակը, որ տարավ պետության զավթարարների դեմ: Կլինի դա օրացույցի մեջ նշված, թե չի լինի, դա էական չէ։

– Ըստ էության՝ Ձեր գործընկերը կասկածի տակ է դնում քաղաքացի երևույթի գոյությունն այսօր՝ այսպիսի հարցադրում անելով. «Արդյո՞ք ապրիլի 23-ից հետո Հայաստանում հպատակ-իշխանությունը միանգամից փոխվեց քաղաքացի-իշխանություն հարաբերությունների, և արդյո՞ք այդ դժգոհողներն իրենց էությամբ քաղաքացիներ են: Ես շատ կասկածում եմ, որովհետև ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք իսկապես Հայաստանում ապրիլի 23-ից հետո մարդիկ դարձան քաղաքացի»: 

– Ես իմ զգացողություններն ասեմ։ Ես ինձ միշտ եմ զգացել իշխանություն։ Ես մենակ իմ տիրույթում ունեցել եմ իմ Հայաստանի Հանրապետությունը և պարբերաբար ասել եմ, որ ես էլ ունեմ Հայաստանի Հանրապետություն։ Տասնամյակներով ասել եմ, որ պետք է ազատագրվի երկիրը զավթարարների ձեռքից։ Զավթարարները ևս մտածել են, որ իրենք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և ինչ անում են՝ ՀՀ-ի համար են անում։ Ասենք, որ Սերժ Սարգսյանը գնում էր Պուտինի մոտ թուղթ էր ստորագրում, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մտնել Մաքսային միություն, ինքն էլ իր հասկացածով էր պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահը։ Որ պետությունը զավթում էին՝ ընտրություն կեղծելով, համարում էին, որ դա լավագույն բանն է, որ կարելի է անել Հայաստանի համար։ Ես համարում եմ, որ անցած տարի ահագին մարդ ազատագրվել է այդ ավտորիտար համակարգից, և դա ես իսկապես համարում եմ տոն:

– Պարո՛ն Բարսեղյան, դուք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին ընտրող մրցութային հանձնաժողովի անդամ եք։ Եվ մինչև ապրիլի 1-ը պետք է խորհրդի նոր անդամ ընտրվի: Ի՞նչ փուլում է այս պահին գործընթացը:

– Այսօր առավոտյան մենք հրավիրվել էինք փաթեթները բացելու արարողությանը: Բացվեցին այդ փաթեթները։ 23 թեկնածու հայտ է ներկայացրել, անուն-ազգանունները նույնպես հայտնի են։ Բոլորը մտավորականներ են, մեծ մասին ես գիտեի: Մարդիկ կան, որոնց գործունեությանն անտեղյակ էի՝ տարիքիս բերումով։ Մրցութային հանձնաժողովի 5 անդամից 4-ը ներկա էր, և մինչև ապրիլի 1-ը միանգամից պետք է ընտրվի խորհրդի անդամ, որը դառնալու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։ Օրենքի մեջ անարդար բան են արել՝ միանգամից ընտրվելու է խորհրդի նախագահ, ինչը համարում եմ սխալ։

– Լուրեր են շրջանառվում, որ իշխանությունն ունի իր նախընտրած թեկնածուն, դա Տիգրան Հակոբյանն է, որին էլ ընտրելու է հանձնաժողովը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ես նման տեղեկություն չունեմ, ուզում եմ հայտարարել, որ ինձ որևէ մեկը չի կարող ասել՝ այս մարդուն պիտի ընտրել: Հինգ րոպե հետո ես դուրս կգամ, իմաստը կորչում է։ Ես այդ մարդը չեմ, տեղյակ չեմ, չեմ կարող հաստատել նման բան։ Չգիտեմ, թե որտեղ են պտտվում այդ լուրերը։ Դրանք կարող են զոնդաժի նպատակ ունենալ, որ լրագրողներն այդ հարցը տան մեզ, հանձնաժողովի անդամներին, պարզեն և այլն… Ավելի ուշ՝ երևի մրցույթից հետո, որոշ մեկնաբանություններ կանեմ, իմ կարծիքը կհայտնեմ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան