«Կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է». քաղաքապետ Հայկ Մարությանը 54 մլն դրամի ծառայություններ է պատվիրել Հ1-ի նախկին գլխավոր պրոդյուսերի ՍՊԸ-ին

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար ծախսել է 120 միլիոն դրամ կամ 246 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարի մեջ ներառված չէ 71 մլն դրամ արժողությամբ ձեռք բերված գլխավոր նոր տոնածառը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցման  պատասխանից:

Նշված գումարից 30 մլն դրամ վճարվել է միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Սա համարժեք է 61 հազար 600 ԱՄՆ դոլարի: Միջոցառումն իրականացրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 21-ին ՍՊԸ-ն ապահովել է երկու մասից բաղկացած միջոցառում: Առաջին հատվածում եղել է 20 րոպե տևողությամբ երաժշտական ներկայացում, իսկ երկրորդ հատվածը ներառել  1 ժամ տևողությամբ համերգային ծրագիր: 30 մլն դրամանոց պայմանագիրը քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:

2018 թվականի դեկտեմբերի 20-ին էլ մեկ այլ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև, որի արժեքը կազմել է 24 մլն դրամ կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլար:

Այս պայմանագրով էլ ՍՊԸ-ն տոնական միջոցառումներ է ապահովել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը: Գումարի շրջանակներում իրականացվել է 2,5 ժամ տևողությամբ համերգ և 1,5 րոպե տևողությամբ հրավառություն: Նույն պայմանագրի շրջանակներում հունվարի 6-ին մոտ 3 ժամ տևողությամբ տոնական համերգ է կազմակերպվել:

Ուշագրավն այն է, որ Երևանի քաղաքապետարանը 54 մլն դրամի ծառայություններից է օգտվել, բայց մրցույթ չի հայտարարել, ինչպես պահանջում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը: Փոխարենը՝ քաղաքապետարանը գնումն իրականացրել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի հ. 1458-Ա որոշման համապատասխան`մեկ անձից գնման իրականացման ձևով:

Այստեղ հարկ է նշել, որ գնումների մասին օրենսդրության համաձայն՝ գնման նախընտրելի ձև է հանդիսանում բաց մրցույթը, և միայն արտառոց դեպքերում է, երբ կարող է տրամաբանական դիտվել  այս ընթացակարգից շեղումը։ Մինչդեռ տվյալ դեպքում  ոչ միայն չի եղել  նախընտրելի՝ բաց մրցույթի ընթացակարգից շեղվելու անհրաժեշտություն, այլև եղել է կանխատեսելի կարիք, ինչի դեպքում  մեկ անձից գնումն առավել խնդրահարույց է դառնում։

Ի դեպ, «Ֆակտորի Փրոդաքշնի» սեփականատերերից մեկը՝ Ռուդիկ Տեր-Գալստյանը, «Հանրային» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսերն է եղել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ 54 մլն դրամի ծառայությունների համար մասնագիտությամբ դերասան քաղաքապետն ընտրել է իր ոլորտի ներկայացուցչի ՍՊԸ-ն:

2014 թվականին, դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով  պետական բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին և այն հանգամանքին, որ նրանց մերձավորները պետական այս կամ այն կառույցին ինչ-որ ծառայություններ են մատուցում, ասել էր. «Գիտեք՝ կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է,  ո՛չ, կոռուպցիան հենց սա է»:

Շարունակելով ներկայացնել ամանորյա միջոցառումների ծախսերը՝ նշենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Ավան վարչական շրջանում կազմակերպվել է ամանորյա երկու միջոցառում՝ 6 մլն և 5,5 մլն դրամի շրջանակներում: Ծառայություններն իրականացրել են «Լամեքս» ՍՊԸ-ն և «Սլայդ Արտ» ՍՊԸ-ն:

5 մլն 658 հազար դրամի շրջանակներում «Բրուս» ՍՊԸ-ն միջոցառում է կազմակերպել Աջափնյակ վարչական շրջանում:

8 մլն դրամի շրջանակներում «Արմքոմփվիններ» ՍՊԸ-ն միջոցառում է կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում:

5 մլն 310 հազար դրամի շրջանակներում «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն և 1 մլն 940 հազար դրամի շրջանակներում «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն միջոցառում են կազմակերպել Արաբկիր վարչական շրջանում:

«Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջոցառումների կազմակերպիչն է՝ 920 հազար դրամով:

«Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն 9 մլն 988 հազար դրամի շրջանակներում միջոցառում է կազմակերպել նաև Էրեբունի վարչական շրջանում: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն մոտ 10 մլն դրամի միջոցառումներ է կազմակերպել նաև Շենգավիթ վարչական շրջանում: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ին է բաժին հասել նաև Նուբարաշեն վարչական շրջանը: Այս վարչական շրջանի միջոցառումների համար էլ ՍՊԸ-ին վճարվել է 2 մլն 269 հազար դրամ:

Նորք-Մարաշ վարչական շրջանում 2 մլն 200 հազար դրամով ամանորյա միջոցառումներ է կազմակերպել «Հաղթանակ 2000» ՍՊԸ-ն:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ամանորյա միջոցառման համար «ՄԱԴԷԼ» ՍՊԸ-ին վճարվել է 1 մլն 458 հազար դրամ:

Իսկ ահա Կենտրոն վարչական շրջանում ամանորյա միջոցառումները կազմակերպել է  «Սիթիթայմ» ՍՊԸ-ն՝ 5 մլն դրամով։

 

Նարեկ Կիրակոսյան