Փաստաբանների դեմ հալածանք է սկսվել. Տիգրան Հայրապետյանի դիմումը ԵԽ ՄԻ հանձնակատարին

Լուրեր

13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Նա իր դիմումում նշել է, որ հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով պաշտպանները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպում են խոչընդոտների, բացի այդ դատական կարգով փաստաբանների դեմ հալածանք է սկսվել:

Դիմումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մեծարգո պարոն Մուժնիեկս, Քաջատեղյակ լինելով Մարդու իրավունքների հանձնակատարի դերի մասին, ծանոթ լինելով Ձեր հետևողական և ակտիվ գործունեությանը, 2014թ. հոկտեմբերին Ձեր կատարած այցի վերաբերյալ զեկույցին, ցանկանում ենք Ձեզ հայտնել Հայաստանում քաղաքական, հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով պաշտպանների կողմից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպած խոչընդոտների և դատական կարգով փաստաբանների դեմ սկսված հալածանքի մասին:

17.07.2016թ. մի խումբ անձինք գրավեցին Երևան քաղաքում գտնվող ոստիկանության գնդերից մեկը և 15 օր շարունակ պահեցին՝ մի շարք քաղաքական պահանջներ ներկայացնելով՝ այդ թվում երկրի նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ:

31.07.2016թ. խումբը վայր դրեց զենքը և հանձնվեց իշխանություններին: Խմբի անդամների պաշտպանությունը ստանձնեցին մի քանի տասնյակ փաստաբաններ: Այս քրեական գործի շրջանակներում փաստաբանների կողմից արդեն տեղի ունեցած հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բազմաթիվ գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այդ գանգատներից մի քանիսը առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ որոշումներ են կայացվել:

70 մեղադրյալների մասով հարուցված քրեական գործից երեք մաս է անջավել: Մի գործը մակագրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մյուս երկուսը՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Դատական քննության առաջին իսկ օրից կոպտորեն ոտնահարվում և խախտվում են ամբաստանյալների իրավունքները, հետապնդվում են գործով պաշտպանները: Արդեն տեղի ունեցած դատական նիստերից ոչ մեկով ամբաստանյալներին և պաշտպաններին հնարավորություն չի ընձեռվել օգտվել իրենց դատավարական իրավունքներից: Մինչ օրս նիստերն անցնում է ամբաստանյալների և պաշտպանների նկատմամբ սանկցիաններ կիրառելով: Թե՛ մեր՝ փաստաբաններիս, թե՛ դատական պրակտիկայում առհասարակ պաշտպանների նկատմամբ երբևէ նման քանակությամբ սանկցիաներ չեն կիրառվել: Տվյալ դատաքննության ընթացքում սանկցիա չի կիրառվել միայն մեկ ամբաստանյալի և նրա պաշտպանի նկատմամբ, ում ցուցմունքով հաստատվում է քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը ենթադրյալ հանցագործություններին: Ավելին, ոչ միայն դատական քննության, այլև նիստերի դահլիճ դեռ ներս չմտած են փաստաբանները հետապնդվում և ենթարկվում նվաստացուցիչ վերաբերմունքի:

Այսպես.

1. 13.06.2017թ. կայանալիք նիստից առաջ դատական կարգադրիչները, մետաղաորսիչով զննելուց հետո, փաստաբաններից պահանջեցին բացել պայուսակները, իսկ փաստաբաններից մեկից, ով համաձայնեց բացել պայուսակը, պահանջվեց դատարկել պայուսակի պարունակությունը: Փաստաբանները հրաժարվեցին կատարել կարգադրիչների պահանջները, մի քանի րոպե անց մեզ թույլ տվեցին ներս մտել նիստերի դահլիճ: Այդ օրը դատախազններին զննության չենթարկեցին: Նիստը բացելուն պես միջադեպին անդրադարձավ դատարանը՝ նշելով, որ հաջորդ անգամ զննության ենթարկվելուց խուսափելու դեպքում կարգադրիչները կարող են ուժ կիրառել փաստաբանների նկատմամբ: Դատարանն արգելեց փաստաբաններին իրենց տեսակետն արտահայտել այս հարցի վերաբերյալ:

2. 27.06.2017թ. նիստից առաջ ևս փաստաբաններից պահանջվեց պայուսակները բացել, իսկ պաշտպաններից մեկին, ով առանց պայուսակի էր եկել, կարգադրեցին բացել դրամապանակը: Փաստաբանները հրաժարվեցին ենթարկվել կարգադիրչների պահանջներին, ինչի հետևանքով փաստաբաններին ներս չթողեցին: Նախագահող դատավորը նիստը բացեց և կարգադրիչի զեկուցագրի հիման վրա՝ ըստ որի պաշտպանները հրաժարվել են զննության ենթարկվել, սանկցիա կիրառեց՝ դիմելով փաստաբանների պալատ՝ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական սանկցիա կարելի է կիրառել բացառապես դատական նիստին ներկա գտնվող անձանց նկատմամբ:

3. 30.06.2017թ. նիստից առաջ դատարանի շենքի մուտքի մոտ էր դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ով չթույլատրեց ներս մտնել առանց պայուսակը բացելու: Այդ օրը դատարանի շենքի բակում էր նաև «Փաստաբանների պալատի» նախագահը: Նրան տեսնելով Դեպարտամենտի նախագահը փոխեց իր մոտեցումը և ասաց, որ պալատի նախագահի ներկայության կապակցությամբ պաշտպանին ներս է թողնում: Վերոշարադրյալ իրադարձությունները տեղի են ունեցել ուղիղ եթերում, և դատական դեպարտամենտի ղեկավարի, դեպարտամենտի աշխատակիցների կողմից ցուցաբերված կամայական, խտրական մոտեցումով փորձ է արվել հրապարակայնորեն նվաստացնել փաստաբաններին:

Արդեն անցկացվել են 20-ից ավելի դատական նիստեր, և յուրաքանչյուր անգամ նշված խախտումները շարունակվում են: Մինչ օրս փաստաբանների մուտքը նիստերի դահլիճ խոչընդոտվում է: Խուզարկվելուց խուսափելու նպատակով փաստաբանների մի մասը առանց պայուսակի և գործի նյութերի են մտնում դատարանի շենք, իսկ մյուս մասը իրենց խուզարկել չթույլատրելու պատճառով չեն մասնակցում նիստերին:

Ինչ վերաբերում է նիստերի ընթացքում տեղի ունեցած խախտումներին, ցանկանում ենք նշել հետևյալը.

1) նախ ցանականում ենք հայտնել, որ դատական դեպարտամենտի կամայանանությունները հաստատվում են դատարանի՝ պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումներով (ՀՀ օրենսդրության համաձայն՝ սանկցիա կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն): Ավելին, նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանդգնեց հրապարակայնորեն սպառնալ պաշտպաններին՝ ասելով, որ հաջորդ անգամ զննության ենթարկվելուց խուսափելու դեպքում կարգադրիչները կարող են մեր նկատմամբ ուժ կիրառել:

2) Այդ սպառնալիքների հետևանքով հաջորդ նիստի ժամանակ պաշտպաններից մեկը դատավորին ասաց, որ հետագա խնդիրներից խուսափելու համար ցանկանում է հեռանալ: Նախագահող դատավորի մոտ նույնիսկ հարց չառաջացավ, թե ինչ խնդիրներից խուսափելու համար է պաշտպանը հրաժարվում գործով հետագա պաշտպանությունն իրականացնելուց:

3) 27.06.2017թ. դատարանը, ոտքի չկանգնելու համար, որոշում կայացրեց ամբաստանյալների նկատմաբ սանկցիա կիրառելու և վերջիններիս նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ: Եվ՛ ամբաստանյալները, և՛ պաշտպանները թե՛ բանավոր, թե՛ գրավոր դատարանին հայտնել են, որ ամբաստանյալները չեն լիազորում իրենց պաշտպաններին ներկա գտնվել իրենց բացակայությամբ կայանալիք դատական նիստերին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պաշտպանը չի կարող մասնակցել գործով հետագա վարույթին, եթե նա լիազորված չէ պաշտպանյալի կողմից: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն՝ պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին: 04.07.2017թ. դրությամբ թեև ամբաստանյալների նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նրանք չպետք է ներկա գտնվեին այդ օրվա նիստին, դատարանը իր նախաձեռնությամբ կարգադրեց նրանց նիստերի դահլիճ ներս բերել և առաջարկեց ընտրել այլ պաշտպան, զգուշացնելով, որ այլ պաշտպան չընտրելու դեպքում դատարանը իր նախաձեռնությամբ կնշանակի նոր պաշտպան: Ամբաստանյալները հրաժարվեցին, որից հետո նրանց առանց սանկցիայի ենթարկելու նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կարգադրությամբ ուղղակի հեռացրեցին նիստերի դահլիճից: Ամբաստանյալներին հեռացնելուց հետո նշանակվեցին հանրային պաշտպաններ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին միայն նրա փաստաբանի հիմնավորված միջնորդությամբ:

4) Դատարանները ամեն դատական նիստին սանկցիա են կիրառում ամբաստանյալների նկատմամբ՝ հեռացնելով վերջիններիս դահլիճից: Թեև ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2 րդ կետից հստակ երևում է, որ դատական նիստերից հեռացումը հաշվարկվում է փաստացի ժամերով, սակայն դատավորներըայլ կերպ են այն հաշվարկում: Այսինքն՝ եթե ամբաստանյալը հեռացվում է 6 կամ 10 ժամով, սա նշանակում է, որ հաջորդ դատական նիստին նա պետք է ներկա գտնվի դատաքննությանը: Մինչդեռ այս գործերով սանկցիայի ժամկետը այլ կերպ է հաշվարկվում:

5) Բոլոր դատական նիստերն անցնում են գերլարված մթնոլորտում: Պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվում առարկություններ ներկայացնել դատավորների անօրինական գործողությունների դեմ: Յուրաքանչյուր նման փորձ ավարտվում է սանկցիայի կիրառումով:

6) Նիստերի ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բացահայտ արհամարական վերաբերմունք է ցուցաբերում ամբաստանյալների և պաշտպանների նկատմամբ: 04.07.2017թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավորը պաշտպաններից մեկին, ով մասնակցել էր մինչ այդ կայացած չորս դատական նիստերին, ասաց, որ դեռևս ներգրավված չէ գործում որպես պաշտպան, և եթե պատրաստվում է լքել դահլիճը, ապա կարող է ընդհանրապես չմտնել այդ դատական նիստերի դահլիճ: Իսկ պաշտպանի հարցին, թե մինչ այդ պահը ինչ կարգավիճակով է ինքը մասնակցել գործի դատական քննությանը դատավորը պատասխանեց, որ փաստաբանին թույլ են տվել մասնակցել դատական քննությանը, որպեսզի պարզապես հեշտ լինի անհրաժեշտության դեպքում նրան գտնել:

7) 26.07.2017թ. «Սասնա Ծռերի» մյուս 2 գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալին հեռացրեց նիստերի դահլիճիցիք 10 ժամով, քանի որ վերջինս հրաժարվեց ջրի շիշը հանձնել ոստիկաններին: Իսկ 27.07.2017թ. Երբ պաշտպաններից մեկը դատարանին խնդրեց անդրադառնալ իր միջնորդությանը, որը վերաբերում է իր պաշտպանյալի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգին, դատավորը, վիրավորական արտահայտություններով, կասկածի տակ դրեց փաստաբանի իրավաբանական կրթություն ստացած լինելու հանգամանքը: Բոլոր նիստերի ընթացքում դատարանի շենքը ոստիկանական խիստ հսկողության տակ է: Ամբաստանյալներին դատական նիստերից հեռացնում են ոստիկանները: Ոստիկանության և դատական դեպարտամենտի միջև հնարավոր համագործակցության բոլոր դեպքերը ամրագրված են դատական օրենսգրքում, որտեղ նշում անգամ չկա այն մասին, որ ոստիկանները կարող են ուժ գործադրելով նիստից հեռացնել ամբաստանյալին:

Ցանկանում ենք նաև Ձեզ հայտնել, որ նիստերից առաջ դատական դեպարտամենտի աշխատակիցները ցուցակագրում են նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիների անձնագրային տվյալները: Դեպարտամենտից հայտնեցին, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Նույն դատարանում այլ գործով երբևէ չեն ցուցակագրվել անձանց տվյալները: Ցուցակագրումից հետո քրեական գործեր են հարուցվել նիստին ներկա գտնվող քաղաքացիների դեմ, ոստիկաններ են այցելել քաղաքացիներին: Իշխանությունները՝ դատավորների, դատական դեպարտամենտի և ոստիկանության միջոցով, համակարգված հետապնդում են սկսել պաշտպանների, ամբաստանյալների, նիստերին ներկա գտնվող նրանց աջակցող քաղաքացիների նկատմամբ:

Միավորված ազգերի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված փաստաբանների դերի վերաբերյալ հիմնարար սկզբունքների 16-րդ կետի համաձայն՝ կառավարությունները պետք է ապահովեն, որպեսզի փաստաբանները չհետապնդվեն կամ չենթարկվեն վարչական կամ այլ սանկցիաների ճանաչված մասնագիտական պարտականությունների, չափանիշների կամ էթիկային համապատասխան իրականացված ցանկացած գործողության համար: Իսկ 17-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ սպառնալիք կա զրկվել փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից, իշխանությունները պետք է համարժեք կերպով պաշտպանեն փաստաբաններին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, իսկ 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները անձեռնմխելի են: Նույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, իսկ 25-րդ հոդվածի համաձայն` փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն: Այսինքն՝ ստացվում է, որ որպեսզի կարողանանք ներկա գտնվել նիստերին, պետք է թույլ տանք մեզ խուզարկել և նվաստեցնել, ընդ որում՝ նաև խախտել փաստաբանական գաղտնիք չհրապարակելու պարտականությունը, հակառակ դեպքում կարգադրիչի արձանագրության հիման վրա դատարանի կողմից սանկցիայի կենթարկվենք:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 27.06.2012թ. ընդունված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի վերաբերյալ թիվ 1891 (2012) բանաձևի 5-րդ կետի համաձայն՝ Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին. 5.1 ապահովել մարդու իրավունքների պաշտպանների իրավունքների մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամբողջական պահպանումը, ինչպես երաշխավորված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, 5.2 վերջ դնել մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ցանկացած վարչական, հարկային կամ դատական հետապնդման և ապահովել, բոլոր հանգամանքներում, որպեսզի նրանք ի վիճակի լինեն իրականացնել իրենց գործունեությունը միջազգային մարդու իրավունքների չափանիշներին և ազգային օրենսդրությանը համապատասխան: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 28.01.2016թ. ընդունված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության և դերի ուժեղացման վերաբերյալ թիվ 2095 (2016) բանաձևի 6-րդ կետի համաձայն՝ Վեհաժողովը կոչ է անում անդամ պետություններին ձեռնպահ մնալ մարդու իրավունքների պաշտպանների դեմ ցանկացած ահաբեկման գործողությունից և ճնշամիջոցից, և մասնավորապես՝ … դատական կամ վարչական հետապնդումից, Մեծարգո պարոն Մուժնիեկս, ամեն ինչ արվում է, որպեսզի գործերը քննվեն առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք խորհուրդներ և հանձնարարականներ տալով՝ միջամտել, որպեսզի սույն գործերի քննության ընթացում Հայաստանի Հանրապետությունը իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների լիազորությունների իրականացման շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»: