Բիոլաբորատորիաներում օտարերկրյա ներկայացուցիչների սահմանափակման մասին Լավրովի աղմկահարույց հայտարարության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.12.2018 | 20:03Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության աղմուկը դեռ չմարած՝ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված նոր աղմկահարույց հարց է առաջ գալիս։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է մեր երկրում առկա բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների մուտքը սահմանափակող հայ-ռուսական նոր փաստաթղթի պատրաստման մասին։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ 2016 թվականին Ռուսաստանը թույլատրեց Հայաստանին ստեղծել 3 բիոլոգիական ամերիկյան լաբորատորիաներ, Սերգեյ Լավրովը պատասխանել է․
«Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի նախապատրաստումը, որով երաշխավորվում է Հայաստանի բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը»:
Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես չարձագանքեց։ Ավելին, տևական ժամանակ ԱԳՆ-ում փորձում էին հասկանալ, թե ինչի մասին է խոսել Լավրովը։ Մասնավորապես, Factor.am-ի պարբերական հարցումներին ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակն արձագանքեց, թե Լավրովի ասածի համատեքստից հասկացել են, որ խոսքը բիոլաբորատորիաների մասին է։ Ասել է թե՝ պատրաստվող փաստաթղթի մասին, համենայն դեպս, ՀՀ ԱԳՆ խոսնակի մակարդակով երեկ տեղյակ չէին։
Արդեն այսօր ասուլիսում Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացեց փակագծերը։ Ռուսաստանը ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մյուս պետությունների հետ երկխոսություն է սկսել բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ․
«Չեմ թաքցնի՝ այդ հարցը մեզ անհանգստացնում է, և այդ պատճառով էլ մենք վարում ենք այդ երկխոսությունը։ Իմ տեղեկություններով՝ այս հաշվով երկխոսությունը հայկական կողմի հետ կառուցողական է, կա փոխըմբռնում։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ էտապում մենք կտեսնենք ընդհանուր պայմանավորվածություններ։ Ի՞նչ ձևով այդ պայմանավորվածությունները կլինեն, չեմ կարող ասել։ Որևէ արգելքի կամ թելադրանքի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Թե փաստաթուղթը ե՞րբ պատրաստ կլինի ստորագրման, դեսպանը չի հստակեցրել։ Ըստ Սերգեյ Կոպիրկինի՝ ՀԱՊԿ անդամակցությունն արդեն իսկ նշանակում է, որ երրորդ երկրի ռազմական ուժի ներկայությունը կազմակերպության անդամ պետության տարածքում, ենթակա է մյուս երկրների հետ պայմանավորվածության։
«Բիոլաբորատորիաները Հայաստանինն են և կրում են քաղաքացիական բնույթ,- այսօր արձագանքելով դեսպանին՝ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը,- խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համար մի տարօրինակ հարց կա՝ ինչո՞ւ ենք մենք այս բոլորը լսում Ռուսաստանից, և ոչ՝ մեր արտգործնախարարությունից․ «Վերջը էս գործելաձևին պետք է վերջ տրվի՞, թե չէ։ Հեղափոխությունը նրա համար է եղել, որ շատ բան փոխվի, ոչ թե հնի կրկնություն լինի»։
Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է թույլատրի օտար պետությունների զինծառայողների մուտքն իր բիոլաբորատորիաներ, եթե դա բխում է իր պետական շահերից, մինչդեռ, իրականության մեջ Մոսկվան փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։
«Ոտնձգությունից հետո կարող եմ ասել՝ արհամարհանք է և լկտիություն, լկտիություն է, ի՞նչ իրավունքով։ Եթե չէ, թող զուգահեռ պահանջ ներկայացնեն, որ իրենց լաբորատորիաներն էլ ուրիշ պետություններ մուտք գործելու իրավունք չունեն։ Մենք հստակ պետք է հայտարարենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, բացառապես դաշնակցային պարտավորություններ ունենք, որոնք պետք է չխախտենք, դրանից դուրս ոչ մեկի գործը չէ մենք ինչ ենք անում։ Ինքնիշխանության բարձրացման հարցը դրված է հեղափոխությունից հետո և պետք է գնալ այդ ճանապարհով»,- ասում է Լևոն Շիրինյանը։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը չի խախտել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն ամրագրող որևէ փաստաթուղթ։ Միայն այդ դեպքում Ռուսաստանն իրավունք կունենար բիոլաբորատորիաների հարցով Հայաստանին պահանջներ առաջադրել։
«Հայաստանը պետք է փորձաքննության իմաստով ներկայացնի՝ ինքը միջազգային պայմանավորվածություններ խախտե՞լ է, թե չէ, նաև՝ իրենց հետ։ Մնացածը՝ ոչ մի դեպքում պետք է թույլ չտալ միջամտել Հայաստանի ներքին կյանքին էդ տեսքով։ Մենք պետք է համագործակցենք աշխարհի բոլոր երկրների հետ, որոնք կարող են Հայաստանին ձեռնտու իրավիճակ առաջացնել։ Ես հենվում եմ մեր արտգործնախարարության վրա, որ որևէ ձևով մեր պարտավորությունները չի խախտվել որևէ պետության հանդեպ, այդ թվում՝ առաջին հերթին Ռուսաստանին նկատի ունեմ»,- նշում է Լևոն Շիրինյանը։
Քաղաքագետ Թևան Պողոսյանն անհանգստանալու առիթ չի տեսնում․ «Խոսվում է ընդհանրապես լաբորատորիաների մասին, որտեղ այլ երկրների զինվորական բազաների մասին խոսք չկա։ Առաջին նյութը էնպես էր կարդացվում, որ աշխարհի տարբեր երկրներ վաղը բերելու են տարբեր բազաներ իրար կողք շարեն, Ռուսաստանն էլ մեզ հազիվ համոզել է էդպիսի բան թույլ չտանք։ Ի՞նչ մեկնաբանություն ասես չես կարդում, վերջում պարզվում է այլ բան»,- ասում է Թևան Պողոսյանը։
Նրա պատկերացմամբ՝ բիոլաբորատորիաների թեման որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել են ոչ օբյեկտիվ՝ փորձելով Հայաստանում խուճապային տրամադրություններ ստեղծել։
«Հայաստանի ներսում սերմանել այնպիսի հոգեվիճակ, մեր ընկալումներում ձևավորել այնպիսի մտայնություն, որ մեզ թվա, թե բոլոր կողմերից ճնշումներ են, նույնիսկ մեր իշխանություններն են փորձում զիջումների գնալ ինչ-որ խնդիրներում, եթե վաղը զիջումների չգնանք, ի՞նչ է լինելու»,- կարծում է քաղաքագետը։
Լևոն Շիրինյանի կարծիքով՝ բիոլաբորատորիաներ օտար զինվորականների մուտքը բացառող փաստաթղթի մշակումը սկսվել է դեռ 1 տարի առաջ։
Ըստ քաղաքագետի՝ եթե ռուս-հայկական նոր փաստաթուղթը մեկ օր հայտնվի խորհրդարանում, ժողովրդի մեծամասնության աջակցությունն ունեցող իշխանությունը պիտի դեմ քվեարկի, ինչը միայն կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան