Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
Հաղորդաշարեր
16.11.2026 | 21:59
Իրաքը և Հորդանանը հայտարարել են, որ կարգելափակեն Telegram հաղորդագրությունների հավելվածը՝ վկայակոչելով ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունները և ծայրահեղական բովանդակության տարածումը, գրում է Arab news-ը։
Իրաքի ԶԼՄ-ների և հաղորդակցության հարցերով մարմինը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ որոշում է կայացրել արգելափակել հավելվածը, քանի որ այն կառավարող ընկերությունը չի կատարել Իրաքի օրենքների և կանոնակարգերի պահանջները։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Telegram-ն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել հարթակում հրապարակվող խախտող բովանդակության դեմ պայքարելու համար։ Իրաքի լրատվական գործակալության տարածած հայտարարության համաձայն՝ ընկերությանը 30 օր էր տրվել՝ իր իրավական կարգավիճակը կարգավորելու համար։
Հաղորդվում է, որ որոշման նպատակն է սահմանափակել սոցիալական մեդիայի հարթակների օգտագործումը՝ ծայրահեղականություն տարածելու, խռովություններ, բռնություն և ատելություն հրահրելու, ինչպես նաև կիբերհանցագործություններ իրականացնելու և ազգային անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու համար։ Նշվել է, որ արգելափակումը նպատակ ունի դրդել ընկերությանը վերանայել հավելվածում հրապարակվող իրաքյան բովանդակությունը, կանխել չարաշահումները և համագործակցել գերատեսչության հետ։
«Հասարակության պաշտպանությունը և ազգային անվտանգության պահպանումը թվային հարթակների գործունեության կարգավորման առաջնահերթություններն են»,- հայտարարել է գերատեսչությունը։
Հորդանանի Հանրային անվտանգության վարչությունը, իր հերթին, հայտարարել է, որ իր մոտեցման նպատակն է պաշտպանել հասարակությանը այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են «ծայրահեղականություն և արմատականացում տարածելու փորձերը, որոնք սպառնում են հասարակական անվտանգությանը և ազգային շահերին՝ գործող օրենսդրությանը համապատասխան»։
Հորդանանի այս որոշումն ընդունվել է անցյալ ամիս եկեղեցու վրա հազվադեպ մահաբեր հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Հարձակմանը հաջորդել են օդային հարվածներ հարևան Սիրիայի տարածքում, որոնց հետևանքով, Հորդանանի պնդմամբ, ոչնչացվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման 20 զինյալ։
Նոյեմբերի 5-ին Հորդանանը հայտնել էր, որ Ամմանում տեղի ունեցած՝ իր բնորոշմամբ ահաբեկչական դանակահարության հետևանքով անվտանգության ծառայության մեկ աշխատակից զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Տարիների ընթացքում ԻԼԻՊ-ի զինյալները հայտարարություններ տարածելու համար օգտագործել են հաղորդագրությունների փոխանակման այն ծառայությունը, որը ստեղծել է Ռուսաստանից արտագաղթած Պավել Դուրովը։
Դուրովի նկատմամբ մի քանի երկրներում հետաքննություններ են ընթանում։ Հուլիսին Ռուսաստանը հայտարարել էր , որ նրան մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ՝ պնդելով, որ ուկրաինացի լրտեսներն օգտագործել են նրա հավելվածը՝ Ռուսաստանի տարածքում հարձակումներ կազմակերպելու համար։
Դուրովը հերքում է որևէ խախտում և նշում, որ Telegram-ը գերազանցել է բովանդակության մոդերացման և հանցավորության դեմ պայքարում իշխանությունների հետ համագործակցելու իր պարտավորությունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

