ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Քաղաքականություն
13.11.2026 | 20:43
ԱՄՆ հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը, որի լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին, հայտարարել է, որ կարգելափակի Ալեքսանդր Օլդենի թեկնածությունը Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար։ Semafor-ի թղթակից Էլեոնորա Մյուլլերին տված հարցազրույցում սենատորը հայտարարել է, որ պատճառն Օլդենի սերտ կապերն են Բոսնիա և Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական Հանրապետության նախկին նախագահ Միլորադ Դոդիկի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես թույլ չեմ տա, որ նա հաստատվի Սենատի կողմից։ Նրա թեկնածությունը կարող են քննարկել, բայց ես թույլ չեմ տա, որ այն անցնի։ Դա նշանակում է, որ Կոնգրեսի այս գումարման ընթացքում դա տեղի չի ունենա»,- ասել է Հյուսիսային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատորը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա հունիսին Ալեքսանդր Օլդենի թեկնածությունն առաջադրել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Ալեքսանդր Օլդենն ամերիկացի դիվանագետ է, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ։ Նա աշխատել է Թրամփի առաջին վարչակազմում (2017-2021 թվականներին) և տարբեր պաշտոններ զբաղեցրել Պետքարտուղարությունում, Ազգային անվտանգության խորհրդում և Պենտագոնում։ Այնուհետև եղել է ամերիկյան տվյալների վերլուծության և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Palantir Technologies ընկերության ավագ խորհրդական, ինչպես նաև Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող, հայտնի է ԱՄՆ արտաքին քաղաքականության, պաշտպանության և Եվրոպայի հետ հարաբերությունների ոլորտներում իր աշխատանքով։
Դեսպանի պաշտոնում իր թեկնածության առաջադրումից հետո Օլդենը հայտարարել էր, որ շահերի հնարավոր բախումներից խուսափելու նպատակով կլքի Palantir-ում զբաղեցրած պաշտոնը և կվաճառի ընկերության իր բաժնետոմսերը։ Notus.org-ի հրապարակած նոր դաշնային փաստաթղթերի համաձայն՝ Օլդենին պատկանում են Palantir-ի՝ 25 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր։ Նա ընդգծել է, որ դրանք կվաճառի դեսպանի պաշտոնում իր թեկնածության հաստատումից հետո 90 օրվա ընթացքում։
Առաջիկա օրերին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենան Ալեքսանդր Օլդենի թեկնածության հաստատման վերաբերյալ լսումներ։
Ավելի վաղ Մյուլլերը Semafor-ի համար գրել էր, որ Օլդենը Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի հետ ամերիկյան վարչակազմի հարաբերությունների փոփոխության նախաձեռնողն է։ Բացի այդ, նա հայտնել էր, որ Օլդենը ծնվել է Սարաևոյում և փոխել է իր ազգանունը։ Նախկինում նրա ազգանունը Մուլաբդիչ էր։
Դոդիկի հետ կապերը, որը 2025 թվականին հանվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկից, ըստ հաղորդումների՝ Թրամփի միջամտությամբ, հարցեր են առաջացրել այն մասին՝ արդյո՞ք նրա թեկնածությունն ի վերջո կհաստատվի Սենատի կողմից։
Semafor-ի հետաքննությունը, որը հիմնված է Օլդենի դերի մասին տեղեկություններ ունեցող ավելի քան կես տասնյակ անձանց վկայությունների վրա, նրան ներկայացնում է որպես Սերբական Հանրապետության նկատմամբ Թրամփի վարչակազմի վերաբերմունքի ջերմացման գործընթացում առանցքային դերակատար։ Ըստ Semafor-ի հետաքննության՝ Օլդենի ենթադրյալ ներգրավվածությունն այդ ջանքերում, օրինակ՝ 1990-ականներին Բոսնիայի պատերազմն ավարտած Դեյթոնի խաղաղության համաձայնագրի իրականացման վերահսկող միջազգային պաշտոնյայի նշանակման ուղղությամբ նրա ենթադրյալ աշխատանքը, կարող է մանրակրկիտ քննության առարկա դառնալ Սենատում նրա թեկնածության հաստատման գործընթացում։
Թեև դեռևս պարզ չէ, թե ինչու Օլդենի թեկնածության հաստատման վերաբերյալ լսումները ներառված չեն եղել Սենատի վերջին ժամանակացույցում, ակնկալվում է, որ դրանց անցկացման դեպքում նրան հարցեր կտան Բոսնիայի հարցում վարչակազմի քաղաքականության մեջ ունեցած դերի վերաբերյալ։ Վարչակազմում Օլդենի դերին ծանոթ աղբյուրներից մեկը Semafor-ին հայտնել է, որ նրան համարում էին Դոդիկի շահերի պաշտպանը, իսկ ոմանք նրան անվանում էին «Պետդեպարտամենտի սերբ»։
Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը պաշտպանել է Օլդենի թեկնածությունը։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Semafor-ին հայտնել է, որ վարչակազմը վստահ է՝ Օլդենը կլինի Ադրբեջանում ԱՄՆ-ի գերազանց դեսպան՝ հաշվի առնելով պետական կառավարման համակարգում և մասնավոր հատվածում նրա ունեցած փորձը։
Այս վեճը ծավալվում է Վաշինգտոնում Սերբական Հանրապետության լոբբիստական գործունեության նկատմամբ աճող ուշադրության ֆոնին։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերի, որոնց հղում է անում Semafor-ը, այդ կազմավորման կառավարությունը 2025 թվականից ի վեր ավելի քան 11 միլիոն դոլար է ծախսել Թրամփի վարչակազմի վրա լոբբիստական ազդեցություն գործադրելու համար։
Հավելենք, որ Դոդիկը բոսնիացի քաղաքական գործիչ է, որը 2022-2025 թվականներին զբաղեցրել է Սերբական Հանրապետության նախագահի պաշտոնը։ Նա սերտ կապեր ունի Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դոդիկը հեռացվել է պետական պաշտոնից այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել 1995 թվականի Դեյթոնի խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող միջազգային բարձր ներկայացուցչի որոշումներին չենթարկվելու համար։ Այդ համաձայնագիրը վերջ դրեց Բալկաններում պատերազմին։ Այս տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Դոդիկի կուսակցությունը հաղթանակ է տարել, և թեև նա ընդգրկված չի եղել ընտրական ցուցակում, այնուամենայնիվ գերիշխող դեր է ունեցել նախընտրական քարոզարշավում։
2025 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցների՝ Արևմտյան Բալկաններին վերաբերող ծրագրից հանել է բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին և նրա հետ կապված կազմակերպություններին։ Այդ պատժամիջոցները 2022 թվականին սահմանվել էին Բայդենի վարչակազմի կողմից։
Պատժամիջոցների վերացումից և ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո Սերբական Հանրապետությունն ակտիվացրել է Վաշինգտոնում իր լոբբիստական ջանքերը՝ միլիոնավոր դոլարներ ուղղելով խորհրդատվական և իրավաբանական ընկերությունների միջոցով (այդ թվում՝ այնպիսի քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինչպիսիք են Ջեյմս Բլերը և Քրիս Լաչիվիտան)՝ ԱՄՆ քաղաքականության և տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի վրա ազդելու նպատակով։
Սենատոր Թոմ Թիլիսի հայտարարությունը, թե ինքը կարգելափակի Ալեքսանդր Օլդենի թեկնածության հաստատումը, ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ։
«ANCA-ն ողջունում է սենատոր Թոմ Թիլիսի՝ Ալեքսանդր Օլդենի՝ Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում նշանակման հաստատման գործընթացը կասեցնելու որոշումը։ Այս քայլը հնարավորություն կտա ԱՄՆ Սենատին հաջորդ տարի՝ նոր սենատորների երդմնակալությունից հետո, լիարժեք ուսումնասիրել նրա թեկնածությունը։ Սա չափազանց կարևոր նշանակություն ունեցող նշանակում է, որպեսզի այն հաստատվի առանց պատշաճ քննարկման՝ Կոնգրեսի գործող կազմի լիազորությունների ավարտին մնացած ժամանակահատվածում, հատկապես հաշվի առնելով Թրամփի վարչակազմի՝ անխոհեմ շտապողականությամբ փորձում է «նորմալացնել» Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) իրականացված ցեղասպանությունը»,- հայտարարել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը։
Նա նշել է, որ Սենատը պետք է հետաքննի, ի թիվս շահերի բախման այլ աղմկահարույց դեպքերի, նաև Palantir ռազմական տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունում Օլդենի՝ միլիոնավոր դոլարների հասնող բաժնեմասը։ Այդ ընկերությունը կապեր ունի Բաքվի հետ։ Օլդենը չի կարող միաժամանակ ներկայացնել ԱՄՆ-ն Ադրբեջանում և շահույթ ստանալու հնարավորություն ունենալ ԱՄՆ-ի՝ այդ ավտորիտար վարչակարգի նկատմամբ վարած քաղաքականությունից։ Ամփոփելով՝ նա նշել է, որ Ամերիկային անհրաժեշտ է Ադրբեջանում այնպիսի դեսպան, որը պատասխանատվության կենթարկի Իլհամ Ալիևին, այլ ոչ թե Վաշինգտոնում կներկայացնի այդ բռնապետի շահերը։ ԱՄՆ Սենատը պետք է հաստատի բոլոր փաստերը՝ նախքան այս թեկնածության հաստատման հարցը քննարկելը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

