ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Քաղաքականություն
02.11.2026 | 13:19
Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել երկրից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման նկատմամբ, գրում է Ինտերֆաքսը։
Որոշման նպատակն է ապահովել ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների հումքի մատակարարման կայունությունը։
Սահմանափակումը մտցվել է երեք ամսով և տարածվում է քարածխային ու նավթային բենզոլի, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի և ֆենոլի արտահանման վրա։ Այս նյութերն օգտագործվում են, մասնավորապես, ավտոմոբիլաշինության, ավիաշինության, նավաշինության և երկաթուղային մեքենաշինության ոլորտներում կիրառվող ներկերի ու լաքերի արտադրության, սննդամթերքի փաթեթավորման, հատակի ծածկույթների, մալուխային արտադրանքի մեկուսիչ նյութերի, ինչպես նաև բժշկական արդյունաբերության մեջ։
Արգելքը չի տարածվի միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի արտահանման, միջազգային մարդասիրական օգնության մատակարարումների, ինչպես նաև Շպիցբերգեն արշիպելագում ռուսական կազմակերպությունների գործունեության ապահովման համար նախատեսված մատակարարումների վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

