Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
02.11.2026 | 11:51Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում հանձնարարեց պայքարել աղբամաններում շինաղբ լցնելու դեպքերի դեմ՝ առաջարկելով խստացնել տուգանքները և հնարավորինս ավտոմատացնել իրավախախտումների արձանագրումը։
Քաղաքապետի խոսքով՝ Բաղրամյան պողոտայում շինաղբը աղբամանից հեռացնելուց հետո տեսախցիկների միջոցով պարզել են այն լցրած անձանց ինքնությունը, որոնք տուգանվել են։
«Սա նշանակում է, որ այս հնարավորությունը մենք ունենք, այսինքն՝ արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, որն արգելված է և անթույլատրելի է»,- ասաց Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ շինաղբը աղբամաններում լցնելու համար սահմանված 30 հազար դրամ տուգանքը հնարավոր է խստացնել, քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում։
Քաղաքապետը նաև հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսվում է վարչական շրջաններում շինաղբի հավաքման համար հատուկ տարաներ տեղադրել։
ԵԱՍՄ-ի տնօրենը տեղեկացրեց, որ արդեն գնվել է 50 տարա, ևս 50-ի ձեռքբերում է նախատեսվում։ Այսպիսով՝ Երևանում նախատեսվում է շինաղբի համար նախատեսված 100 հատուկ տարա տեղադրել։
Ավինյանը հետաքրքրվեց՝ արդյոք շինաղբի տեղափոխումը վճարովի է լինելու։ ԵԱՍՄ տնօրենը նշեց, որ ենթադրաբար այո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

