Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն
29.10.2026 | 17:32
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց գույքերի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են 84 անշարժ գույքի, 59 շարժական գույքի, 255 տրանսպորտային միջոցի, ինչպես նաև ընկերությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի և դրամական պահանջի իրավունքների։
Կատարողական գործողությունների շրջանակում զննվել և պահատվության են հանձնվել Համբարձումյանին պատկանող՝ Երևանի Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված «Դերժավա-Ս» ընկերության առևտրի սրահը, 7 անշարժ գույք և 213 տրանսպորտային միջոց։
ՀԿԱԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում սահմանափակում է կիրառվել պարտապան Ա․Հ․-ին և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ, 59 շարժական գույքերի, 255 տրանսպորտային միջոցի, պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց տարբեր ընկերություններում ունեցած ընդհանուր 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100% մասնակցությունների, 8 ընկերություններում ունեցած համապատասխանաբար 84.38%, 99.996%, 65%, 99,997%, 8,5%, 0,004%, 0,003% և 90% մասնակցությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 813.347.447 ՀՀ դրամ, 20.500 Եվրո, 249.375 ԱՄՆ դոլար գումարների չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։ Միաժամանակ պարտապանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց արգելվել է վերը նշված գույքերի և գույքային իրավունքների տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։
Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։
Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և պարտապան Ա․Հ․-ի հետ փոխկապակցված անձ՝ Փ.Խ.-ին է հանձնվել պահատվության պարտապան Ա.Հ.-ին պատկանող ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը՝ արգելելով կատարել որևէ գործողություն անշարժ գույքի տնօրինման հետ։
Ա․Հ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտի սրահը, 7 անշարժ գույք, 213 տրանսպորտային միջոց ևս զննվել են և հանձնվել պահատվության՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։








