Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ ու ծանր պայքարում հաղթեց 2:1 հաշվով: Երկրորդ մրցափուլի ընթացքում 27-ամյա Թևանյանը ստացավ մատի կոտրվածք, սակայն վնասվածքը չխանգարեց հասնել հաղթանակի:
Հոկտեմբերի 30-ին կայանալիք եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ամերիկացի Բոուեն Բասեթը:
Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթել Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսեն հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)՝ հոկտեմբերի 31-ին:
Դավիթ Եղիազարյան

