Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
Ուկրաինական ուժերը հոկտեմբերի լույս 28-ի գիշերը հարվածել են Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին։ Այս մասին հայտնում են Astra-ն- և ուկրաինական Exilenova+ ու Supernova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքները, գրում է Current time-ը։
Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նրա խոսքով՝ Նովոմոսկովսկում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բազմաբնակարան և առանձնատներ, ինչպես նաև հարակից արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է հարձակման ենթարկվել։ Միաժամանակ, հայտնել է, որ քաղաք են ուղարկվել «Պրիրոդա» պետական հաստատության և Ռոսպոտրեբնադզորի Տուլայի մարզի լաբորատորիաները։
«Արտակարգ ծառայությունների աշխատանքը կազմակերպված է։ Տուժածների և վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- նշել է Միլյաևը։
Exilenova+ և Supernova+ ալիքների տեղեկություններով՝ հավանաբար թիրախավորվել է գործարանի ԱՄ-70 ամոնիակի արտադրական կայանքը։
Ուկրաինան այս ձեռնարկությանն արդեն հարվածել էր 2025 թվականի հունիսին և 2026 թվականի հունիսին։
«Ազոտ»-ը «Եվրոխիմ» հոլդինգի կազմում է ներառված։ Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Տուլայի մարզում գտնվող գործարանն ամոնիակի և ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը՝ արտադրատեսակների բազմազանությամբ և ծավալներով։
Գործարանն արտադրում է պարարտանյութեր, ամոնիակ, ազոտական թթու, արգոն և մեթանոլ։ Reuters-ի տվյալներով՝ «Ազոտ»-ն ազոտական թթու է մատակարարում Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Սվերդլովի անվան գործարանին։ Այդ նյութն օգտագործվում է օկտոգենի և հեքսոգենի արտադրության մեջ, որոնք, իրենց հերթին, կիրառվում են հրետանային արկերի պատրաստման համար։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանի երկնքում խոցվել է ուկրաինական 531 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

