Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
Քաղաքականություն
28.10.2026 | 10:44
Չորեքշաբթի առավոտյան Իսրայելում շարունակվում է ձայների հաշվարկը, սակայն ընտրությունների ավարտից անմիջապես հետո հրապարակված էքզիթփոլերի տվյալները ցույց են տալիս, որ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրությունները հստակ հաղթող չեն արձանագրել, գրում է France 24-ը։
Սա, հավանաբար, կնշանակի մի քանի շաբաթ տևող բանակցությունների սկիզբ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու և նոր վարչապետ նշանակելու նպատակով։ Այդ ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կշարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր կառավարության ղեկավար։
Երեքշաբթի երեկոյան՝ ընտրատեղամասերի փակումից հետո, Իսրայելի խոշոր հեռուստաալիքների հրապարակած էքզիթփոլերի տվյալները, որոնք գիշերվա ընթացքում թարմացվել են, ցույց էին տալիս, որ ո՛չ Նեթանյահուի իշխող դաշինքը, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ բանակի նախկին բարձրաստիճան հրամանատար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը չեն ստացել խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 7:58-ի դրությամբ՝ քվեաթերթիկների 57,3%-ի հաշվարկի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Նեթանյահուին աջակցող դաշինքը ստանում է 55 մանդատ, իսկ նրան ընդդիմադիր դաշինքը՝ 49 մանդատ։ Արաբական կուսակցություններն ունեն 16 մանդատ։
Կուսակցությունները, որոնք ներկայում չեն հաղթահարում 3,25%-անոց շեմը, հետևյալն են․ «Ռեզերվիստներ» (2,6%), «Իսրայելի ժողովուրդ» (1,7%) և «Հարեդի հանրություն» (0,2%)։
Արդյունքները մասնակի են և հաշվարկի ընթացքին զուգահեռ կփոխվեն։ Կրկնակի ծրարներով քվեարկված ձայները (այդ թվում՝ զինծառայողների քվեները) հաշվարկվում են ավելի ուշ։
Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ձևավորել նոր աջակողմյան կառավարություն՝ չնայած տվյալներին, որոնց համաձայն՝ քաղաքական երկու դաշինքներից ոչ մեկը հստակ մեծամասնություն չի ստացել։
«Մենք դեռ սպասում ենք իրական արդյունքներին։ Մենք պետք է ձևավորենք ուժեղ աջակողմյան կառավարություն»,- չորեքշաբթի վաղ առավոտյան իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել է Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իր «Լիքուդ» կուսակցությունն Իսրայելի ամենամեծ քաղաքական ուժն է։
Նեթանյահուն նաև բացառել է արաբական կուսակցությունների աջակցությամբ կառավարության ձևավորման հնարավորությունը։ Այդ կուսակցությունները զգալի հաջողություններ են գրանցել երեքշաբթի կայացած ընտրություններում։
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին «եզակի հնարավորություն» ունի վերջ դնելու, իր բնորոշմամբ, Իրանի սպառնալիքին։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Գադի Էյզենկոտը վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ընտրողները հստակ ուղերձ են հղել՝ ցանկանալով փոփոխություններ։
«Մենք պատմություն ենք կերտել։ Հասարակությունը քվեարկել է Նեթանյահուի՝ վարչապետի պաշտոնում մնալու դեմ»,- Երուսաղեմում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում, երեքշաբթի կայացած ընտրություններից հետո, հայտարարել է Էյզենկոտը։
Նրա խոսքով՝ «արժանապատիվ առաջնորդը» կընդուներ ժողովրդի կամքը և կհայտարարեր իր հրաժարականի մասին։ Նա նաև զգուշացրել է, որ ընտրությունների նոր փուլի անցկացումը սխալ կլինի։ Էյզենկոտը խոստացել է աշխատել, իր բնորոշմամբ, «սիոնիստական զորակոչային կառավարության» ձևավորման ուղղությամբ՝ նկատի ունենալով պարտադիր զինվորական ծառայության շրջանակն ընդլայնելու իր նախաձեռնությունը։
Բանակի նախկին հրամանատարը նաև զգուշացրել է Նեթանյահուին՝ խոշոր անվտանգությանն առնչվող որոշումներ չկայացնելու և նոր պատերազմներ չսկսելու հարցում։ Նրա խոսքով՝ Նեթանյահուն այլևս նման քայլերի համար հանրային մանդատ չունի։
«Նեթանյահո՛ւ, չհամարձակվես Իսրայելի անվտանգությունն օգտագործել քո քաղաքական շահերի համար»,- հայտարարել է Էյզենկոտը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելում կայացած ընտրություններում վարչապետ Բենիամին Նեթանյահուին իր աջակցությունը «մեծապես օգնել է» նրան։
«Կարծում եմ՝ երբ դուրս եկավ իմ աջակցության հայտարարությունը, դա նրան շատ օգնեց»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

