Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 11:55Ազգային ժողովում Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի միջև։
Ղազարյանը քննադատեց Կառավարությանը՝ նշելով, որ վերջին երկու ամսվա ընթացքում նույն նախագծում արդեն երրորդ անգամ փոփոխություններ են առաջարկվում։ Նա նաև ուշադրություն հրավիրեց նախագծի հիմնավորման վրա՝ ընդգծելով, որ այնտեղ հղում է կատարվել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, մինչդեռ արդեն հաստատված է 2026-2031 թվականների ծրագիրը։
Ղազարյանը քննադատաբար արտահայտվեց նաև ստեղծվող կառույցի անվանման վերաբերյալ։
«Մարմնի անունը առաջարկում եք, որ կոչվի Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․․․ միգուցե միանգամից գրենք՝ Հողի, ջրի, օդի և կրակի Կառավարությանն առընթեր կոմիտե»,- ասաց նա։
Ղազարյանը բարձրացրեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններից հողերի կառավարման իրավասությունների կենտրոնացման հարցը։ Նա հետաքրքրվեց, թե ինչու է Վարչապետի աշխատակազմը տնօրինում պետական բաժնեմասերը խոշոր ընկերություններում, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայում», «ՄՏՍ Արմենիայում» և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը պատասխանեց, որ նախագծերի փոփոխությունների նախաձեռնությունը սկսվել է դեռ նախորդ կառավարության ծրագրի գործողության շրջանում, ինչով էլ պայմանավորված են հիմնավորման մեջ առկա հղումները։ Նա նաև նշեց, որ Կառավարությունն ազատ է իր քաղաքականության և օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման պարբերականության հարցում։
Անդրադառնալով պետական ակտիվների կառավարմանը՝ Ավետիսյանը նշեց, որ նախատեսվող բարեփոխման նպատակը բոլոր տեսակի ակտիվների միասնական և կենտրոնացված կառավարումն ապահովելն է։
«Խոսքը հենց այդ բոլոր ակտիվների միասնական և կենտրոնացված կառավարումն ապահովելու մասին է․․․ բոլոր տեսակի ակտիվները, այդ թվում՝ բաժնեմասերը, մտավոր սեփականության գույքը և շարժական, անշարժ ամբողջ գույքը կկառավարվի մեկ միասնական կենտրոնից»,- ասաց նա։
Կոմիտեի անվանման վերաբերյալ Ղազարյանի առաջարկին ի պատասխան՝ Առնակ Ավետիսյանը նշեց, որ պատրաստ են այն քննարկել, եթե համապատասխան առաջարկը ներկայացվի գրավոր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

