Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) պարտություն կրեցին կիսաեզրափակիչում ու կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու քառակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարյանի հետ ու ժամանակից շուտ հաղթեց 12:4 հաշվով:
Կիսաեզրափակիչի ճանապարհին Ասլանյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին՝ տանելով երեք հաղթանակ ժամանակից շուտ: Հայ ըմբիշը հաղթել էր մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0) և ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0):
Հոկտեմբերի 26-ին կայանալիք եզրափակիչում Կարեն Ասլանյանը կմրցի ադրբեջանցի Նիհադ Մամադլիի հետ:
Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) երեք հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում գոտեմարտեց աշխարհի գործող չեմպիոն, ուզբեկ Այտժան Խալմախանովի հետ ու պարտություն կրեց 0:4 հաշվով:
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նույնպես երեք հաղթանակ էր տարել կիսաեզրափակիչի ճանապարհին, իսկ եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, իրանցի Ալիրեզա Մոհամադիպիանիի հետ և պարտվեց 1:10 հաշվով:
Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն հոկտեմբերի 27-ին, մրցակիցները դեռ հայտնի չեն:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի:
Դավիթ Եղիազարյան

