Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
Քաղաքականություն
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի՝ Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի Թեհրանում կհանդիպեն Իրանի ղեկավարության հետ՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտնել են Իրանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները։ Սա այդ ձևաչափի առաջին բարձր մակարդակի շփումն է Իրանի հետ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան ավելի խորն է ներգրավվել տարածաշրջանային պատերազմի մեջ, գրում է Turkiye today-ը։
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը և Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը կհանդիպեն Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների սրման և ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածության աճի պայմաններում։
Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի խոսքով՝ Թեհրանում կայանալիք քառակողմ հանդիպումը կարող է կարևոր և արդյունավետ քայլ դառնալ տարածաշրջանում երկարատև անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Reuters-ի հաղորդմամբ՝ հանդիպումը նախատեսված է երկուշաբթի, թեև Բաղերի Քանին կոնկրետ ամսաթիվ չի նշել։
Սաուդյան Արաբիայի հանրային դիվանագիտության հարցերով փոխնախարար Ռայեդ Քրիմլին հայտարարել է, որ հանդիպումը Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների՝ ճգնաժամի լարվածությունը թուլացնելու, դիվանագիտական լուծումները խթանելու և Կատարի ու Պակիստանի միջնորդական ջանքերին աջակցելու նախաձեռնությունների մի մասն է։
«Այցը նաև ընդգծում է Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների առանցքային դերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում, ինչպես նաև նրանց հանձնառությունը՝ համագործակցելու տարածաշրջանի բոլոր երկրների հետ այս նպատակին հասնելու համար»,- գրել է նա X-ում։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ հանդիպման նախաձեռնել է Պակիստանը՝ Մունիրի՝ անցյալ շաբաթ Թեհրան կատարած այցի ընթացքում, երբ նա հանդիպել էր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և այլ պաշտոնյաների հետ։
Այս ամսվա սկզբին Al Jazeera-ին տված հարցազրույցում Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միանալ Մեքքայի դաշինքին, թեև Թեհրանը դեռևս ծանոթ չէ դրա մանրամասներին։
«Մենք պատրաստ ենք մասնակցել այս գործընթացին»,- ասել էր նա։
Բաղերի Քանիի խոսքով՝ այցը տեղավորվում է Արևմտյան Ասիայում անվտանգության «ներքին ուժերով ապահովման» Իրանի հայեցակարգի շրջանակում, ըստ որի՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության։ Նա նշել է, որ երեք երկրներն Իրանի հետ միասին կարող են արդյունավետ քայլ կատարել տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ներգրավելով տարածաշրջանի դերակատարներին և օգտվելով Իրանի, իր գնահատմամբ՝ հաջողված փորձից։ Բաղերի Քանին ընդգծել է, որ Իրանը դեմ է արտաքին ուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտությանն ու ազդեցությանը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությունը, Լիբանանի օկուպացիան և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը։
«Այս հանդիպումը կարող է ճանապարհ հարթել ներքին ուժերով անվտանգության ապահովման ուղղությամբ հետագա ջանքերի համար։ Սա մի սկզբունք է, որի վրա մենք պնդում ենք արդեն տասնամյակներ շարունակ։ Մենք մշտապես ընդգծել ենք, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների շահերին և անվտանգությանն առնչվող մտահոգություններին ապավինելու միջոցով»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

