Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
20.09.2026 | 13:33
Վաղը քառօրյա այցով Չինաստանից պատվիրակություն կայցելի Հայաստան
Բոլորը

Այս հաղորդումը թվերով ենք սկսելու։ Աշխարհում ամեն 7-րդ մարդ ապրում է հոգեկան խնդիրներով, ավելի հաճախ՝ տագնապային ու դեպրեսիվ խանգարումներով։ Սա վերաբերում է ոչ միայն մեծահասակներին, այլև 30 հոգանոց դասարանում միջինում 3-4 երեխայի։ 

1 տրիլիոն դոլար․ տարեկան այսքան վնաս է կրում համաշխարհային տնտեսությանը՝ դեպրեսիա և տագնապային խանգարում ունեցողների աշխատունակության կորստի պատճառով։

Բայց սա ամենամեծ վնասը չէ։ Աշխարհում տարեկան կատարվում է 14-15 միլիոն ինքնասպանության փորձ, դրանց հետևանքով մահանում է մոտ 700,000 մարդ։ 

Արդյո՞ք նման խնդիրներ ունեցողները կարողանում են ժամանակին օգնություն ստանալ, և արդյո՞ք այդ օգնությունը որակյալ ու անվտանգ է։ Փորձելու ենք բացել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների ՇԵՐՏԵՐԸ։

***

Հիմա 18։15 է։ Ի՞նչ տեղի կունենա, եթե ես օգնության կարիք ունենամ աշխատանքային օրվա ավարտից հետո։

«Դուք զանգահարել եք հուզական աջակցության թեժ գիծ, մեր աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-18։00»։

Մենք սովոր ենք, թեժ գիծ ասելով, պատկերացնել մի հեռախոսահամար, որով զանգահարում ես, երբ չգիտես՝ ում զանգել։ Բայց պարզվում է՝ հոգեկան ճգնաժամը պետք է համապատասխանեցնել թեժ գծի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկին։

«Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ն այս ծառայությունը մատուցում է 2025 թվականի ապրիլից։ ՀԿ-ին «ինչո՞ւ և ինչպե՞ս եք աշխատում» հարցերը տալու ավելի քիչ պատճառ կունենայինք, եթե այն չաշխատեր հանրային միջոցներով՝ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակությամբ։ Պատասխաններ ստանալու ակնկալիքով հարցազրույցի մեր առաջարկը նախ ընդունվեց, հետո մերժվեց՝ խիտ գրաֆիկ ունենալու հիմնավորմամբ։ Factor TV-ն այս հարցերի պատասխանները ստանալ փորձել էր դեռևս նախորդ տարի։ 

Պարզվել էր, որ ծառայությունը մատուցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնությունը», որի համահիմնադիրներից մեկը Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն է։ Վերջինը, փաստորեն, և՛ ՀԿ-ի համահիմնադիրն է, և՛ քաղաքապետարանի այն պաշտոնյան, որը պետք է վերահսկի իր իսկ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ 

Այս ՀԿ-ն, ի դեպ, ծառայությունը մատուցելու թույլտվություն ու աջակցություն ստացել է սեփական նախաձեռնողականությամբ։ Այսինքն՝ քաղաքապետարանը չի ներկայացրել հուզական աջակցության թեժ գիծ ստեղծելու անհրաժեշտություն, 6,7 միլիոն դրամը ՀԿ-ին տվել է՝ առանց մրցույթ անցկացնելու։ 

Թեժ գծի մասին զրույցի մեր հրավերը նախ՝ ընդունեց, հետո նույն՝ խիստ զբաղվածության հիմնավորմամբ չեղարկեց նաև քաղաքապետարանը։

Սա Հայաստանի քաղաքացիներին անվճար ու հասանելի հոգեբանական օգնություն հատկացնելու փորձերի առաջին շերտն էր։

***

2025-ի հունիսի 1-ին Երևանի ավագանու նիստը, ավանդույթի համաձայն, վարում էին դպրոցականները։ Զեկուցվող առաջին հարցը հոգեկան առողջության մասին էր։

«Մեր դպրոցներում դեռևս բացակայում են այնպիսի գործիքակազմեր, որոնք կօգնեն աշակերտին հաղթահարել հոգեբանական բարդություններն առանց ամոթի կամ դատապարտման զգացումի։ Ունեմ մի շարք ընկերներ ու դասընկերներ, ովքեր տարբեր ժամանակներում հայտնվել են հոգեբանական ճնշման տակ, սակայն ամենաանհանգստացնողն այն է, որ այդ երեխաների մեծ մասը նախընտրում է լռել, թաքցնել խնդիրները՝ վախենալով սխալ հասկացվելուց կամ ծաղրի արժանանալուց»,- ասում էր Մանե Սահակյանը։ 

Այդ տարի արդեն որոշվել էր՝ ամեն դպրոց պարտադիր պետք է ունենա հոգեբան։

«Մեր դպրոցում չէին բարձրաձայնել, որ դպրոցում գոյություն ունի հոգեբան, ինչ-որ հատուկ սենյակ, որտեղ կարող են երեխաները բացվել ու խոսել իրենց խնդիրների մասին։ Բացի կարծում եմ այն մթնոլորտը չէ, որտեղ կարող ես ազատ զգալ»։

Վերջերս հրապարակված PISA-2025 զեկույցում Հայաստանի ունեցած եզակի դրական ցուցանիշներից մեկը վերաբերում էր դպրոցներում բուլինգի բացակայությանը։ Ըստ այս հետազոտության՝ Հայաստանն աշխարհում առաջին տեղում է բուլինգի բացակայության ցուցանիշով, եթե, իհարկե, հավատանք հայաստանցի աշակերտներին։ Բայց աշակերտի խոսքը հուշում է այս տվյալների հավաստիությանը կասկածելու անհրաժեշտության մասին։

Թեև բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիքը պարտադիր էր 2025 թվականից, ԿԳՄՍ-ն Infocom.am-ին հայտնել էր, որ 2026-ի հուլիսի դրությամբ՝ Հայաստանի 1,390 դպրոցներից 932-ում՝ 67 տոկոսում, կա հոգեբան։ Հոգեբաններ չկան նույնիսկ Երևանյան դպրոցներից որոշներում, իսկ մարզերում վիճակն ավելի վատ է։

«Մեր ենթակայությամբ 151 դպրոց կա։ Այս պահի դրությամբ՝ բոլոր դպրոցների հաստիքացուցակներում կա հաստիքը, պարզապես ոչ բոլոր դպրոցների պարագայում է այն համալրված։ Էստեղ, բնականաբար, մասնագետների ներգրավման խնդիր ունենք, ինչպես բոլոր ոլորտներում, ուսուցչական կադրերի համալրման դեպքում՝ ևս, բայց կարող եմ նշել, որ 90 և ավելի տոկոսով մեր դպրոցներում հաստիքը համալրված է»,– ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչապետի տեղակալ Ելենա Հարությունյանը։ 

Եթե դպրոցում կա մինչև 9 դասարան, ապա նախատեսված է կես հաստիքային միավոր, 9-18 դասարանի դեպքում՝ 0,75, 18–36 դասարանի դեպքում՝ 1, իսկ 36 և ավելի դասարան ունեցող դպրոցներում՝ 1,5 հաստիքային միավոր։ Բայց հաստիքի առկայությունը դեռևս բավարար չէ․ այն համալրող է պետք։ Հոգեբանների պակասի հիմնական մեղավորն աշխատավարձն է՝ 84,750 դրամ, թեև նշվում է, որ նրանք ևս կարող են անցնել ատեստավորում ու բարձրացնել վարձատրությունը։ 

Սակայն հարցի մեկ այլ շերտ է այն, թե ինչ են անում այն դպրոցներում, որտեղ հոգեբան կա։ Դպրոցական հոգեբանի գործունեությունը սահմանող որոշման մեջ նշված է, որ այդ հաստիքը համալրել կարող է ցանկացած մարդ, ով ունի հոգեբանի բակալավրի աստիճան։ Արդյո՞ք ցանկացած հոգեբան կարող է աշխատել դպրոցում, նրանց գոյությամբ երեխաների հոգեկան առողջությունն իսկապե՞ս պաշտպանվում է։ 

«Մեր ֆակուլտետը պատրաստում է կրթության ոլորտի հոգեբաններ։ Մեր ուսանողը 2-րդ կուրսից շարունակական պրակտիկայով շաբաթական 1 օր լինում է դպրոցում և ծանոթանում դպրոցի առանձնահատկություններին, ծանոթանում է աշակերտներին, ծանոթանում է ուսուցիչներին, առհասարակ դպրոցական միջավայրին»,- ասում է պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի վարիչ Աննա Պետրոսյանը։

Դպրոցական միջավայրին ծանոթ շրջանավարտների թիվն ամեն տարի մոտ 180-ն է։ Բայց ԿԳՄՍՆ-ն համարել է, որ առանց որևէ ուղղվածության հոգեբան լինելն էլ է բավական։ Եվ նույնիսկ այդ պայմաններում հաստիքները համալրել չի ստացվում։ Ստացվում է, որ դպրոցում հայտնվում են մարդիկ, որոնք աշակերտի հետ ճիշտ աշխատելու հմտություններ, գուցե, չունեն։ 

«Հոգեբանների կարողությունների զարգացման թիվ մեկ պատասխանատու կառույցը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն է, որը բազմաթիվ ծրագրեր է անում կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև իրենց կողմից մշակվել է ձեռնարկ հենց դպրոցի հոգեբանների համար` իրենց աշխատանքային շրջանակը նկարագրելով․ ի՞նչ պիտի անեն, ո՞ւմ հետ պիտի աշխատեն, ի՞նչ մեթոդաբանությամբ պիտի աշխատեն»,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։ 

Կարողանալը մեկ բան է, անելը՝ մեկ այլ։ Ինչպե՞ս է ստուգվում ներդրված ինստիտուտի աշխատանքի արդյունավետությունը։

«Մշտադիտարկման այցերի շրջանակում դիտարկվում է դպրոցի հոգեբանի աշխատանքը։ Ինչպե՞ս է դա դիտարկվում, իհարկե, փաստաթղթավորմամբ առաջին հերթին, որովհետև յուրաքանչյուր աշակերտի հետ աշխատելիս յուրաքանչյուր դեպքը վարելուց ունենք ընթացակարգային փաստաթղթեր, որոնք պետք է լրացված լինեն։ Բացի դրանից գիտեք, որ բազմաթիվ են նաև բողոքները` թեժ գծերի տեսքով և ցավոք սրտի, նաև բուլլինգի, բռնության այլ տարբեր դրսևորումների մասին ահազանգերը։ Երբ մենք անում ենք մեր ուսումնասիրությունը, բնականաբար ներգրավված են լինում նաև հոգեբանները։ Մենք անմիջական հաղորդակցություն ենք ունենում իրենց հետ և շատ ակնառու է լինում` աշխատու՞մ է արդյոք հոգեբանը տվյալ դպրոցում, թե ոչ»,– նշում է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչապետի տեղակալ Ելենա Հարությունյանը

Պատկերացնենք դպրոց, որը, այնուամենայնիվ, ունի անհրաժեշտ կարողություններով սրտացավ հոգեբան, որի նկատմամբ իրականացվում է նաև վերահսկողություն։ Այստեղ բացվում է հարցի մեկ այլ շերտ․ նույնիսկ նրանք չեն կարողանում հոգ տանել աշակերտների հոգեկան առողջության մասին, որովհետև հիմնականում չունեն դա անելու միջավայր՝ մեկուսի սենյակ՝ չնույնականացվող զրույցների համար։ 

***

Այսպես թղթի վրա ամեն ինչ ապահովված է․ մարդը դեռ մանկապարտեզից, դպրոցից ունի հոգեբանի հետ անվճար աշխատելու հնարավորություն։ Բայց շերտ առ շերտ իրար վրա դրված այդ թղթերը խնդիրների նույնպիսի շերտեր են պարունակում։ 

Աշխարհի մի շարք երկրներում սեպտեմբերը նշվում է որպես ինքնասպանության կանխարգելման իրազեկման ամիս, սեպտեմբերի 10-ը՝ ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր։ 

Մարդն այս որոշմանը չի գալիս հանկարծակի։ Եվ համաշխարհային վիճակագրությունը գուցե այլ պատկեր ունենար, եթե հոգեկան առողջությանը հատկացվեր պատշաճ ուշադրություն իրական կյանքում, ոչ թե մերձավորի նկատմամբ հոգատարության մասին ելույթներում ու կենացներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան