«Եթե խոսենք [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին, ապա խաբել, իհարկե, կարող են, և կարծում եմ՝ ԵՄ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան և Սերբիան արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի են կանգնած»,- ասել է նա։
Լավրովը նաև հայտարարել է, թե Ռուսաստանը չէր ցանկանա Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու նախապատրաստության համար վճարել ԵՏՄ-ում ստացած հսկայական արտոնությունների հաշվին։
Բացի այդ, ասել է, որ Ռուսաստանը չի կարող դեմ լինել Հայաստանի ժողովրդի՝ եվրաինտեգրման օգտին կատարած ընտրությանը, եթե այն իսկապես արված է։ Սակայն նախ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք նման ընտրություն կա։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Եվրամիությունն է Հայաստանի ապագան, ապա նախագահը [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը] բազմիցս ասել է․ եթե դա ժողովրդի ընտրությունն է, ապա ինչպե՞ս կարող ենք դեմ լինել։ Բայց եկեք հասկանանք՝ ընտրություն կա՞, արդյոք, Եվրամիության հարցում»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի