Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
Հասարակություն
02.09.2026 | 11:31
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականին, չունենալով բնակարանների հատկացման գործընթացին միջամտելու լիազորություն, հանձնարարել է իր հետ բարեկամական կապերի մեջ գտնվող զինծառայողին արտահերթ երեքսենյականոց բնակարան տրամադրել։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարարի կողմից բնակարանների հատկացման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս․Օ․-ն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի ներքին անվտանգության բաժնի պետ Մ․Ի․-ն իր ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ վարչական ապարատի ղեկավարին, ինչի արդյունքում ընդգրկվել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման գործընթացում:
Բացի այդ, Մ․Ի․-ն հուլիսի 17-ին նույնաբովանակ զեկուցագիր է ներկայացրել նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս․Օ․-ին, որում, բացի բնակարան տրամադրելու խնդրանքից, նշել է՝ իրեն արտահերթ կերպով Երևան քաղաքում բնակարանով ապահովելու ցանկության մասին:
Նույն օրը, ՀՀ պաշտպանության նախարար Ս․Օ․-ն, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման և բնակարանները զինծառայողներին տրամադրելու գործընթացների իրականացումը բացառապես հանձնաժողովին վերապահված լինելու պայմաններում, ինչպես նաև նույն կարգի համաձայն չունենալով տվյալ գործընթացներին միջամտելու որևէ լիազորություն, իր հետ բարեկամական կապերի մեջ գտնվող Մ․Ի․-ի խնդրանքին ընդառաջելու շարժառիթով, հանձնաժողովին հանձնարարել է վերջինիս արտահերթ տրամադրել բնակարան։
2008 թվականի օգոստոսի 11-ին կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում, հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները Մ․Ի․-ին ներառել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման ցանկում, ապա անմիջապես՝ նույն նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել են վերջինիս արտահերթ կերպով հատկացնել Երևան քաղաքում գտնվող երեք սենյակից բաղկացած բնակարան։
Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման իրական կարիք ունեցող շահառուները տարիներ շարունակ ընդգրկված և հերթագրված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, ինչի հետևանքով Էական վնաս է պատճառվել հիշյալ անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Ս․Օ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային Քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

